Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գրած լինեի ինկվիզիցիայի ժամանակաշրջանում՝ ինձ էլ կայրեին»

Մարտ 26,2002 00:00

«Եթե գրած լինեի ինկվիզիցիայի ժամանակաշրջանում՝ ինձ էլ կայրեին» Մշակույթի հայկական ֆոնդում տեղի ունեցավ Արա Աբգարյանի «Անդորրության արարիչը» գրքի քննարկումը։ ՄՀՖ-ի նախագահ Արեւշատ Ավագյանը ներկայացնելով գիրքն ու գրողին, ասաց. «Այսօր շատ են լույս տեսնող գրքերը եւ ցավով պետք է նշել, որ խոտանը շատ է… Եւ այս ամենի կողքին, անշուշտ, գովելի է Արա Աբգարյանի կատարած տքնաջան աշխատանքը»։ Ստեղծագործական առումով «կոլաժ» հիշեցնող այս գիրքը, ըստ Արեւշատ Ավագյանի, ոմանք կարդացել եւ ոչինչ չեն հասկացել, ոմանք էլ կասկածել են. արդյո՞ք Արա Աբգարյանն է այն գրել։ Տարողունակ, բովանդակալից մի գիրք, որում հեղինակը փորձել է գիտական, փիլիսոփայական ու կրոնական ասպեկտներով հիմնավորել, համադրել ու միասնականացնել արդի տիեզերա-աստվածաիմացական մտքի այն բոլոր ազնիվ մղումներն ու ձեռքբերումները, որոնք օրինաչափորեն մարդկությանը միտում են անցնելու ավելի բարձր կերպի գոյագիտակցության եւ ոգեղեն նկրտումների ավելի հստակ հանգուցալուծման, որպես նոր մարդկության վեցերորդ ռասայի ձեւավորման նախապայման։ «Փառք ու մեծ անուն ձեռք բերելու համար չէ, որ գրել եմ այս գիրքը՝ հինգ տարիների իմ ոգեղեն ապրումների արդյունքը։ Իսկ նպատակը մեկն էր. գլորել «անշարժ անիվը» դեպի Անսահմանություն»,- ասում է Ա. Աբգարյանը։ «Իմ գիտակցությունը չգիտե կաղապարների մեջ կաղապարվել,- ասում է նա, հիշելով, թե ինչպես ինը տարեկան հասակում Էջմիածնում ստացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն առաջինի օրհնանքը,- ես ինձ քրիստոնյա եմ համարում եւ իմ գրքի 60%-ը ճշմարտությունն է..»։ Գրքում հեղինակը հանգել է համադրական-թվաիմացական բնույթի մի շարք հետաքրքիր ու յուրովի լուծումների, որոնք լրացնում կամ նորովի հայտնաբերում են հայոց մշակույթում առկա արարչական տարրերի մի համակարգ, որի հիմքը դրել է մի շարք հոդվածների ու գրքերի հեղինակ Կառլեն Ավետիսյանը։ Դրանք են՝ հայոց այբուբենի տառային գծապատկերներից բխեցրած բովանդակությունը, կաբբալիստիկորեն՝ հայոց այբուբենի վերծանմանն ուղղված մեկնաբանական փորձերը, բառերի թվային արժեքների տրոհումը։ Ինը գլուխներից բաղկացած աշխատությունում հաճախ կարելի է հանդիպել հեղինակի բանաստեղծություններին։ Ի վերջո, հեղինակը հանգում է ողջ գոյի միասնությանն ու ներդաշնակությանը. «Վաղուց ժամանակն է մեզ համարել Տիեզերքի քաղաքացիներ, սակայն մինչ այդ մենք պետք է եւ պարտավոր ենք սիրել այս չարչրկված, բայց զարմանալիորեն գեղեցիկ Երկիր մոլորակը»։ Նրա հոգին եւս երկար փնտրտուքից հետո գտնում է անդորր ու խաղաղություն։ Նա աներկբայորեն հավատում է «ընտրյալությունը կորցրած ու գտած» հարազատ ժողովրդի լավագույն ապագային ու նաեւ խոստովանում. «Թե գրած լինեի այս գիրքն ինկվիզիցիայի ժամանակաշրջանում, ինձ էլ այս գրքի համար կայրեին։ Այսօր վախենալու էլ ոչինչ չունեմ… Իմ մեջ սեր է եւ խաղաղություն…»։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Գրքում բազմաթիվ համարձակ գաղափարներ ու դրույթներ են առաջ քաշված, որոնք կհաստատվեն (կամ էլ կմերժվեն) իրենց համար սահմանված ժամանակում։ ՄՀՖ-ում անցկացված թեժ քննարկումը սկիզբ հանդիսացավ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել