Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԻ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԻ ԶԳԱՑՎԵԼ

Ապրիլ 02,2002 00:00

ԶԵՆՔԻ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԻ ԶԳԱՑՎԵԼ Հարցազրույց արդարադատության փոխնախարար, 1998-ից գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանի հետ – Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ի՞նչ կառուցվածքային ստորաբաժանումներ ունի։ – ԴԱՀԿ ձեւավորման ժամանակ նախատեսված էր 305 հաստիքային աշխատող եւ մեկ գործավար, 17 մեքենա… առանց վարորդի հաստիքի։ Սպասարկման մասին խոսելը շռայլություն էր։ Հանրապետությունում կա 11 ստորաբաժանում (Երեւանը մարզային կարգավիճակ ունի)։ – Դժվա՞ր տարի էր 2001-ը… – Ամենաբարձր ցուցանիշն եղել է անցյալ տարի. հարկայինի, սոցիալական ապահովության, քաղաքացիների օգտին… Չնայած կադրային եւ նյութատեխնիկական սուղ հնարավորություններին, ծառայության կողմից ընթացք է տրվել 40.904 կատարողական վարույթների (նախորդ տարվա համեմատ 4.385-ով ավելի է)։ 2001թ. բոլոր կատարողական վարույթներով բռնագանձվել է 7.817.483.679 դրամ, ընդ որում 2,172 մլրդ դրամն աճուրդով իրացված գույքի ընդհանուր գումարն է։ Պետական բյուջեի մուտքերը բոլոր կատարողական վարույթներով կազմել է 2.528.030.230 դրամ։ – Որո՞նք են կատարողական վարույթների գերակշիռ մասը կազմում։ – 21,1%-ը դատարանների այն վճիռներն ու որոշումներն են, որոնցով նախատեսված են հարկադիր վտարումներ, ալիմենտային բռնագանձումներ եւ աշխատանքի վերականգնումներ։ 494 վտարման եւ 215 բնակեցման վարույթներից կարճվել եւ ավարտվել են 367-ը։ Կատարվել են 54 աշխատանքի վերականգնումներ։ – Պրն Ավագյան, հարկադիր կատարման ենթակա ակտերի մեջ նշված են նաեւ «օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների» վճիռներն ու որոշումները։ Վերոնշյալ դատարանների քանի՞ վճիռ ու որոշում է կատարվել Ձեր ծառայության կողմից մինչ օրս։ – 2001թ. եւ առհասարակ, մենք նման դեպք չենք ունեցել։ – Ի տարբերություն կատարածուների, հարկադիր կատարողների ինստիտուտն ինչո՞վ էր առանձնահատուկ։ Ի՞նչը փոխվեց։ – Նախ, կատարածուները դատարանին առընթեր գործունեություն ծավալող, ինքնուրույն ինստիտուտ չէին։ Հարկադիրը հանվեց դատարանից եւ գործադիր իշխանության մաս է կազմում։ Հարկադիր կատարողն ինքնուրույն է որոշում կայացնում, տուգանում, օրենքով թույլատրված զենք ունի, «դուբինկա», նոր օրենքի համաձայն տուգանելու դեպքում հարկադիրի որոշումը չկատարելու համար նյութեր է պատրաստում, ուղարկում դատախազություն (մինչեւ 15 օր վարչական կալանք է սպասվում- Ռ. Մ.)։ Ինքնուրույն կառույց է արդարադատության նախարարության համակարգում, որն էլ կազմակերպական եւ մեթոդական օգնություն է ցույց տալիս։ Ինչ որ տեսնում եք (շենքային պայմաններ, ասֆալտապատում, հողային աշխատանքներ, վերազինում) արվել է մեր ուժերով, աճուրդից գոյացած 5%-ի շնորհիվ։ – Եղե՞լ է, որ հարկադիր կատարողին բացարկ հայտնեն։ – 1999-ին երկու դեպք է եղել, որին հետեւել է նրանց հեռացումը։ – Քաղաքացիները հաճախ են դատի տալիս հարկադիր կատարողին՝ դատարանի վճիռը միտումնավոր չկատարելու համար (երկամսյա ժամկետում)։ 2001-ին որքա՞ն դատ է եղել Ձեր ծառայության դեմ։ – Հարկադիրը ինչո՞ւ չի տեղավորվում Ձեր նշած ժամկետի մեջ. պարտապանը (99% այդպես է) քաղաքից բացակայում է։ Դատարանից կասեցում են բերում։ Գույքը դրված է աճուրդի, չի վաճառվել։ Միայն 2001-ին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 37-ը։ – Հաճախ եք շեշտում Ձեր ծառայության տեխնիկական վերազինման (անբավարար) մասին։ Բոլո՞ր հարկադիր կատարողներն ունեն ռետինե մահակներ եւ անհրաժե՞շտ էր այդ։ – Նախ, զենք տվեցինք նրանց, ովքեր փորձ ունեին (ՆԳ համակարգից էին)։ Ըստ էության, «դուբինկաների» կարիք չենք էլ զգացել։ ԴԱՀԿ գոյության ընթացքում դիմադրություն ցույց տալու 2-3 դեպք է եղել։ Մարզային 10 ստորաբաժանումներից յուրաքանչյուրը 4 «դուբինկա» ունի, քաղաքին բաժանել ենք 40։ Նպատակահարմար ենք գտել 5 զենք կրելու։ – Նշված դիմադրության ժամանակ Ձեր աշխատակիցները մարմնական վնասվածքներ ստացե՞լ են։ – Չնայած հենց դուք՝ լրագրողներդ եք քննադատում, թե ԴԱՀԿ-ն ուժային կառույց է հիշեցնում, որ համալրված է նախկին ուժայիններից, սակայն հենց այդ ուժայինների փորձն է եղել, որ ծանր դեպքեր չենք ունեցել։ Լինում է, օրինակ, տարեց կին էր, նրա գույքը բնակարանից հանելու ժամանակ հարկադիր կատարողին… ճանկռեց։ – Որքա՞ն նախկին ՆԳ աշխատակիցներ են աշխատում ԴԱՀԿ-ում։ – 20-30%։ Բաժանմունքի պետերի 80%-ը նախկին ՆԳ եւ դատախազության աշխատակիցներ են, իրավաբանական բարձրագույն կրթությամբ (մարզերում վիճակն այլ է- Ռ. Մ.)։ – Գույքն ինչպե՞ս է պահ դրվում, երբ պահանջատերը չի ընդունում եւ պարտատերն էլ չի ընդունում։ – Օրենքն ասում է. պահ տուր եւ վերջ։ Հիմա անձրեւն եկավ, կողմն էլ միտինգ արեց, թե «էս գազանները» գույքս շպրտին-գցին փողոց, հեռացան։ Մենք էլ տուժողի դերում հայտնվեցինք։ Ստիպված բերել ենք պահեստամաս։ Այսօր բնակարանից վտարված 10 մարդու գույք կա մեզ մոտ։ Մենք երկամսյա ժամկետում դնում ենք աճուրդի։ Ունենք գույք, որ աճուրդում 2-3 տարի նստած է։ Գույքը չի վաճառվել։ Վճիռը, հետեւաբար, չի կատարվում։ Մեր հիմնական պրոբլեմը վերջին փուլն է. գույքի վաճառքը։ Հանրապետության ամբողջ գույքը չենք կարողանում հավաքել մի տեղ, ուր անձը հնարավորություն ունենա գա զննելու, տեսնելու, գնելու։ Հորատող հաստոցն, ասենք, Գյումրիի եսիմինչ գործարանում է, հեռուստացույցը՝ Տավուշի ինչ-որ քաղաքացու բնակարանում, բյուրեղապակյա ծաղկամանը՝ Սյունիքում, մեկ հարկանի պահակատունն, ասենք, Քանաքեռավանում։ Մեր «Տեղեկագրին» էլ շատ քչերն են ծանոթ, ուր տպագրվում է ԴԱՀԿ այս կամ այն ստորաբաժանման վարույթներով սկսած աճուրդի ներկայացված անշարժ եւ շարժական գույքի ցուցակները։ Հարցազրույցը` ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել