Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի կորտում՝ ֆուտբոլիստ

Ապրիլ 04,2002 00:00

Թենիսի կորտում՝ ֆուտբոլիստ Երբ ասվում, առավել եւս՝ գրվում է, թե Քոչարյանին Հայաստանը ղեկավարել թույլ չի տալիս նախ իր ինտելեկտուալ մակարդակը, ոմանց դա վիրավորանք է թվում՝ նախագահի հասցեին: Վիրավորական է, թե ոչ, (ի դեպ դա էլ հարց է՝ Քոչարյանի՞ համար, թե՞ Հայաստանի), բայց ՀՀ ներկա նախագահի ցածր կրթական ցենզի հետեւանքները երեւան են գալիս ամեն քայլափոխի: Բիշքեկ մեկնելուց առաջ էլ նախագահը միանգամայն անկեղծ, հմայիչ ժպիտով եւ, երեւի, ինքն իրեն հավատալով՝ բացատրեց, որ իրավական կանոններն ու արգելքները թույլ չեն տալիս քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվել: Այլապես «Ա1+»-ն այնքան է անհրաժեշտ երկրին, որ եթե այն չլիներ, Քոչարյանը ստիպված էր լինելու «հորինել, ստեղծել»: Մինչդեռ, ի գիտություն պրն Քոչարյանի՝ «Ա1+»-ը ոչ թե իրավական որոշմամբ, այլ անսքող իրավախախտմամբ է զրկվել իր հաղորդումների հեռարձակման արտոնագրից: Եթե այդ իրավախախտումը չվերացվի ՀՀ դատարաններում, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» կողմից չեղյալ կհայտարարվի եւ Հայաստանին կարժենա տուգանքներ: Ի դեպ, անձամբ ինձ մի հարց է հետաքրքրում ողջ այս պատմության մեջ՝ եթե խնդիրը հասնի Եվրոդատարան, եւ Հայաստանը հարկադրված լինի տուգանքներ վճարել, իմաստալից չի՞ լինի արդյոք սկսել Գր. Ամալյանի հայտարարագրված ունեցվածքի բռնագանձումից, որպեսզի վերջինս անձամբ կրի իր կայացրած «սաստիկ անկախ» որոշման հետեւանքը: Իսկ ո՞րն է իրավախախտումը: Նախ՝ ֆորմալ առումով՝ այն, ինչ Ազգային հանձնաժողովի որոշման մեջ հակասում է օրենքի տառին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-65 հոդվածները եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածը սահմանում են Ազգային հանձնաժողովի իրավասությունների շրջանակը՝ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի համար ներկայացվող դիմումները քննարկելիս: Կանոնակարգի 63-րդ հոդվածը ամրագրում է. «Դիմումի քննարկման արդյունքում՝ Հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը. ա) լիցենզիա տալու մասին, բ) լիցենզիա տալը մերժելու մասին»: Վերջ: Ինչպես տեսնում եք, որոշումը մրցույթում հաղթել-չհաղթելու մասին նույնիսկ չի հիշատակում, եւ դա պատահական չէ: Կանոնակարգի հաջորդ՝ 64-րդ, հոդվածը եւ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքի 51-րդ հոդվածը թվարկում են լիցենզիա (արտոնագիր) տալը մերժելու հիմքերը: Դրանք ընդամենը երեքն են: 1-ին՝ «դիմողն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակմամբ» կամ, այլ կերպ ասած, «լինել արտոնագրատեր»: 2-րդ՝ «դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը», այլ կերպ ասած, դրանք «թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված»: Ընդսմին. Կանոնակարգի 65-րդ հոդվածը մասնավորեցնում է՝ «դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով»: 3-րդ՝ «բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները» կամ «հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն»: Այլ հիմք հեռարձակման արտոնագիր չտալու համար գոյություն չունի: «Ա1+»-ը գործող հեռուստաընկերություն է, հետեւաբար անհնար էր նրա վրա տարածել թվարկված հիմքերից որեւէ մեկը: Իսկ հեռուստաընկերությանը արտոնագրից զրկել՝ որովհետեւ կապուղու համար հայտարարված մրցույթում չի հաղթել, օրենքի ոչ միայն՝ ոգուց, այլեւ՝ տառից բխող բացարձակ իրավախախտում է. այդպիսի հիմք օրենքն ուղղակի չի նախատեսում: Իսկ այժմ օրենքի ոգու եւ ոմանց մոտ իսպառ բացակայող իրավագիտակցության մասին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը գրվել է հեռուստառադիոընկերությունների գործունեությունն արտոնելու, եւ, միայն նշված հիմքերի դեպքում՝ արգելելու համար: Օրենքում հստակորեն մտահղացված, կանոնակարգված եւ տարանջատված է երկու գործընթաց՝ արտոնագրի տրամադրում եւ հաճախության տրամադրում: Օրենքը մրցույթ է նախատեսում հաճախություն հատկացնելու համար, ոչ թե՝ հեռարձակման արտոնագիր տրամադրելու: Այնպես որ, նախագահ Քոչարյանն էլ, Գր. Ամալյանն էլ՝ «իրավական» տերմինը գործածելուց առաջ, թող բարեհաճեն նախ այդ ոլորտում ունեցած (՞) գիտելիքները կատարելագործել: Իսկ «Ա1+»-ն արդեն դիմել է տնտեսական դատարան: Ինչպես իրավախորհրդատուներն են ասում՝ կատարված իրավախախտումները բավարար են մինչեւ Եվրոդատարան բողոքելու եւ հաղթելու համար: Պարզից էլ պարզ է. գործ ունենք օրենքի կամայական գործադրմամբ՝ մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ խոսքի ազատության, ճնշման փաստի հետ: Կանցնի ինչ-որ ժամանակ, «Ա1+»-ը կվերադառնա եթեր, սակայն քաղաքականության ու իրավունքի մասին Քոչարյանի դատողությունները դեռ երկար կհիշվեն՝ նման անեկդոտի վայ-մարզիկին, որ թենիսի կորտում ներկայանում է ֆուտբոլիստ, ֆուտբոլի դաշտում՝ թենիսիստ: Մինչդեռ8230 նա բասկետբոլիստ է, այն էլ՝ պրովինցիալ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել