Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ լռությունը»՝ խոսուն

Ապրիլ 26,2002 00:00

«Մեծ լռությունը»՝ խոսուն «Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար առանձնահատուկ օր է։ Երեւի չի գտնվի մեկը, որ առանց սրտի տրոփի գնա Ծիծեռնակաբերդ»,- կարծում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ու մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը։ Գուցե հինբայազետցի պապերից գեներով փոխանցված հայրենակարո՞տն էր պատճառը կամ մարդկային «արդարությունը» հայոց անթաղ զոհերի կողմից վերջապես անարգանքի սյունին գամելու փափագը, որ հենց իր ղեկավարած կուրսն էր բեմադրում Պերճ Զեյթունցյանի հանրահայտ «Մեծ լռությունը»։ Այսինքն, հաստատ պատահական ոչինչ չկար։ Ներկայացումը նվիրված էր Մեծ եղեռնի 87-րդ տարեդարձին։ Իսկ դերակատարները նրա շնորհալի ուսանողներն էին՝ Հայկ Խանզադյան, Սարգիս Հաննեյան, Արթուր Բերժյան, Տիգրան Գյուլումյան եւ այլք։ «Բոլորս պիտի գլուխ խոնարհենք զոհերի առաջ, յուրաքանչյուրը յուրովի պիտի հարգի նրանց հիշատակը,- ասում է Ա. Քոչարյանը,- իսկ այս ներկայացումը մեր հարգանքի տուրքն է նրանց հանդեպ»։ Ու մեկ էլ մթության մեջ հառնում են մեծ Կոմիտասի, Ռուբեն Սեւակի ու Վարուժանի վեհ կերպարները։ Ու զգում ենք, թե ինչպես է մորմոքվում մեծ երգահանի՝ Կոմիտասի զգայուն սիրտը։ Ու սարսռում ենք, երբ հայոց կույսերի գեղանի պարն ակամա ընդհատվում է թուրքի արյունոտ յաթաղանի զարկից։ Եվ հուզումն ալիք-ալիք ծավալվում է ողջ դահլիճով՝ պարուրելով հանդիսատեսին։ Որը ներկայացման վերջում պիտի հանգիստ շունչ քաշի, որ չհաջողվեց ի կատար ածել ճիվաղային «երազը»՝ «թանգարանում մեկ հայ թողնելու» մասին, քանզի կա հայի՝ միայն Աստծուն հայտնի լինելության ու հավերժության գաղտնիքը, եւ կենդանի ու անջինջ են թանկ հիշատակները։ Ողջ ներկայացման ընթացքում հնչում էր կոմիտասյան մեղեդին՝ զուլալ ու ազնիվ, ինչպես իրեն ծնած ժողովրդի սիրտը, բարձր ու հպարտ՝ իր Հայաստան երկրի սեգ լեռների պես։ Անշուշտ, անվիճելի է, որ հաջողված էր 4-րդ կուրսեցիների «Մեծ լռությունը», ինչի արդյունքը կախարդված դահլիճն էր։ «Տարվա վերջին այս 11 հոգին եւս 11 պիես են բեմադրելու՝ Սարոյան, Չեխով, Սագան, Բարիե եւ այլն,- հպարտանում է կուրսի ղեկավարը ու, քիչ անց, առանց ավելորդ համեստության, շարունակում,- իմ ուսանողները մեծ պրակտիկա են անցել։ Նրանք մասնակցել են քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված բոլոր մասսայական միջոցառումներին։ Անգամ Հրաչյա Աշուղյանը, որ ղեկավարում էր բոլոր հանդիսությունները, նրանց կարիքն ուներ»։ Ի դեպ, երիտասարդները Ա. Քոչարյանի տարերքն են։ Նրա խորին համոզմամբ, երիտասարդներին միշտ պետք է ոգեւորել, թեւ տալ, հարկ եղած դեպքում վիճել ու կատակել նրանց հետ, դառնալ նրանցից մեկը՝ լավ արդյունք ստանալու համար։ Թե չէ, ըստ Ա. Քոչարյանի. «Ընդամենը ուսուցչություն անելով ու միայն լսարան մտնել-դուրս գալով ոչնչի չես հասնի»։ «Իսկ ես շա՜տ եմ սիրում երիտասարդներին»,- հնչում է անկեղծ խոստովանությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել