Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով ջուր

Ապրիլ 26,2002 00:00

Օրենքով ջուր Երեկ տեղի ունեցան ՀՀ նոր ջրային օրենսգրքի վերջին հասարակական լսումները։ Կես տարվա քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը հինգ անգամ ենթարկվել է փոփոխությունների։ 5-րդ տարբերակը առաջինի համեմատությամբ պակասել է 100 հոդվածով, մինչ օրս եղել է 1100 առաջարկություն, դիտողություն, որի 2/3-ն է ընդունվել։ Այս ամենից, ըստ ոլորտի շահագրգիռ պետական, հասարակական, անգամ միջազգային փորձագետների կարծիքով, նախագիծը միմիայն իրատեսական է դարձել։ Իհարկե, նրանք նաեւ չեն ժխտում, որ «իրատեսական լինելով, կատարյալ էլ չէ»։ Դա, սակայն, այնքան էլ սարսափելի չէ, քանզի փորձը ցույց է տալիս, որ շատ «կատարյալ» օրենքներ կիրառման ընթացքում ի հայտ են բերում չնախատեսված թերություններ եւ բացթողումներ։ Բնապահպանական օրենքների մեջ, ըստ Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանի, այս նախագիծը միակն է, որը հասարակական լսումների փուլ է անցել։ Դա կարեւորվում է նրանով, որ հասարակությունն իր մասնակցությունն է բերել իրեն իսկ հուզող հարցերի քննարկմանը։ Պետական գույքի կառավարման փոխնախարար, նախագծի համահեղինակ Աշոտ Մարկոսյանը նախագծում հատկապես կարեւորում է հետեւյալ դրույթները. «շահագործումը» փոխարինված է «օգտագործում»-ով, փաստորեն սրանով փորձ է արվել շահագործման դասակարգային արմատներին վերջ դնելով՝ քաղաքակիրթ հարաբերությունների անցնելու հիմք դնել։ Պարոն Մարկոսյանը կիսեց իր գիտելիքները. «Մի տեղ կարդացել եմ. եթե մարդը վեց օր ջուր չի խմում՝ շունչը փչում է»։ Այդ կոնտեքստում հիմնավորեց, որ «ջուրը բոլորին պետք է հասանելի լինի. կառավարությունը պարտավորություն է ստանձնում իր բնակչությանը եւ տնտեսությանը ջրով ապահովելու», նաեւ «ջուրը ապրանք չէ, հանրային հասարակական բարիք է»։ Սակայն, այնուամենայնիվ, մարդիկ վճարում են ջրի համար դիտարկմանը ի պատասխան, պարոն Մարկոսյանը եւս պարզաբանում ուներ. «Ոլորտում կատարվող ծախսերը պետք է փոխհատուցվեն. ասենք, անցած տարի խմելու ջրի ոլորտում ծախսված 7,5 մլն դրամի դիմաց 1/3-ն է փոխհատուցվել»։ Աշխարհում հայտնի ջրի (խմելու) բիզնես հասկացության մասին պարոն փոխնախարարը հայտարարեց, որ «մենք քաղաքականություն պետք է մշակենք՝ ելնելով գնողունակությունից»։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրին՝ քաղաքակիրթ աշխարհում այն չի փոխհատուցվում, մենք ձգտում ենք հասնել քաղաքակրթության։ Ի դեպ, աշխարհում հաստատված սանիտարական նորմերով 1 շնչին օրական նախատեսված է 250լ ջուր։ Մեր հանրապետությունում անցած տարի 1 շնչի ջրօգտագործման միջինը եղել է 111լ, Երեւանում՝ 178լ։ 1994-ի համեմատ 240 լիտրով պակասել է այդ ցուցանիշը։ Պարոն Մարկոսյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մենք ջրի խնդիր չունենք, ջուրը սպառողին հասցնելու խնդիր ունենք», որն էլ, ըստ փոխնախարարի, լուծելի հարց է։ Եվ, ի վերջո, նախագծի հեղինակները չափազանց են կարեւորում այն, որ «ջրային ռեսուրսները ՀՀ սեփականությունն են»։ Օրենքի ընդունումից հետո համակարգում արմատական փոփոխություններ չեն լինի, առայժմ, տնտեսության ոսկե կանոնի համաձայն, ամեն ինչ աստիճանաբար կընթանա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել