Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջամտություն եմ դիտում»

Մայիս 10,2002 00:00

«Միջամտություն եմ դիտում» «Հոկտեմբերի 27» քրգործի նախորդ օրվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին հրավիրվել տուժողները։ Սպասվում էր, որ վերջապես դատարան կներկայանան տուժողներ, ԱԺ նախագահը, վարչապետը, պատգամավորնր։ Նրանք չեկան եւ, փաստորեն, ականատես դարձանք ամբաստանյալ Ն. Հունանյանի հերթական հոխորտանքին։ Նա, ինչպես հավասարը հավասարի, դիմեց կամ ավելի շուտ զգուշացրեց հանրապետության նախագահին՝ քրեական պատասխանատվության ենթարկել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Սակայն, միակ հայտարարությունը չէր այս։ «27»-ի նիստին հնչեց ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան, Հայաստանի փաստաբանների միության անդամ Աղասի Աթաբեկյանի հայտարարությունը եւս, որի իրավական եւ պատմական արժեւորումը թողնում ենք «27»-ը վերլուծողներին։ «Ինքն իրեն պետական մտածելակերպ ունեցող այր անվանող Արմեն Խաչատրյանը 2001թ. փետրվարի 15-ից առայսօր չմասնակցելով հանդերձ դատական նիստերին, ՔԴՕ-ի 59 հոդվածի 2-րդ մասի համաձայն, պարտավոր էր այսօր անվերապահորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի կանչով դատարան եւ դատարանի պահանջով տալ ցուցմունքներ, դատարանի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը (59հ., 2 մ., 5 կետ) եւ, եւ։ Գործի դատաքննությանը, երբեւիցե որպես դատավարության մասնակից չմասնակցած Ա. Խաչատրյանը 27.10.2001թ. «ՀՀ» օրաթերթում անհեթեթ կարծիք է հայտնել։ Տարակարծություններից զերծ լինելու համար բերեմ մի հատված այդ կարծիքից. «Կարծում եմ, շատ է ձգձգվում դատավարությունը, ակնհայտ բաներ կան, որ կարելի է ուղղակի վերջ տալ։ Բայց իրավաբանություն է, չեմ կարող ասել՝ իրավաբանորեն ճի՞շտ է ձգձգումը, թե՞ ոչ։ Միայն ակնհայտ է, որ բոլորի կոկորդին նստած են այդ ստորները»։ Ա. Խաչատրյանի այս կարծիքը որպես այս գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ անօրինական դատավճռի կայացման հասնելու նպատակով միջամտություն եմ ես դիտում։ Արմենը իր տիկնոջ հետ Ավստրալիա մեկնելու, մայիսմեկյան հանդիսությունների միջոցառմանը մասնակցելու ժամանակ ունի, Թատերական ինստիտուտի հարեւանությամբ էմիրին վայել պալատ կառուցելու եւ պարսպապատելու ժամանակ ունի, ժամանակ ունի 1999-ի նոյեմբերի սկզբին իր տուն հրավիրելու Մուշեղ Մովսիսյանին եւ, դրա արդյունքում, էմիրին վայել նրան փառավոր «նվեր» մատուցելու, Հռոմի պապի աջը համբուրելու, ինչպես նաեւ՝ ԱԺ-ի նյութական, ֆինանսական միջոցները տնօրինելու ժամանակ ունի, տարբեր միջոցառումներին մասնակցելու եւ շամպայն խմելու ժամանակ ունի, այդ թվում՝ դեպքի օրը իր կորցրած ժամացույցը հետագայում ստանալու ժամանակ ունի, այնինչ այս պարոնը որպես տուժող դատարան ներկայանալու եւ ցուցմունք տալու ժամանակ չունի։ Սա անհարգալից վերաբերմունք է դատարանի եւ դատավարության մասնակիցներիս նկատմամբ»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել