Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԹԵՐԹ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ»

Մայիս 14,2002 00:00

«ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԹԵՐԹ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ» Լրագրության խնդիրներին նվիրված սեմինար անցկացնելու համար ավելի հարմար վայր, քան գրող հասարակայնությամբ աչքի ընկնող Սիսիանն է, երեւի թե դժվար էր մտածել։ Սակայն սեմինարի կազմակերպիչը՝ ԵՊՀ-ի լրատվական ծառայությունը հատուկ նպատակով է «Արդի հայ լրագրության խնդիրները եւ զարգացման միտումները» թեմայով սեմինարների շարքը Հայաստանի տարբեր մարզերում անցկացնում։ Մայրաքաղաքից կտրված մարզերը այս բնագավառում շատ ավելի մեծ խնդիրներ ունեն եւ նման քննարկումները օգնում են ծանոթանալ դրանց հետ։ Իսկ տեղի լրագրողների համար նման հանդիպումները մասնագիտական խնդիրների շուրջ խոսելու, լրագրության ժամանակակից նորույթներին ծանոթանալու հնարավորություն են, որից գրեթե զրկված են։ Այս սեմինարի ժամանակ եւս լրագրությանն առնչվող բազմաթիվ հարցեր քննարկվեցին, սակայն թերեւս միայն մեկն առանձնացնենք։ Թեմայի հեղինակը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը «սահմռկեցուցիչ» որակեց այս պրոբլեմը։ Ըստ նրա՝ «հայ գյուղացուն թերթ չի հասնում, նա լրատվությունից հեռու է»։ Սակայն խնդիրը միայն այն չէ, որ թերթերի առաքումը վատ է կազմակերպվում եւ հատկապես հեռավոր շրջանները թերթեր ամիսներով չեն ստանում։ Շատ հաճախ տեղ հասնող այդ մեկ-երկու թերթն էլ չի վաճառվում, քանի որ մարդիկ պարզապես վճարունակ չեն։ Այս առթիվ ծավալված բանավեճում կարծիքները խիստ իրարամերժ էին եւ դժվար էր միանշանակ ասել՝ մարզերում թերթեր հիմնականում չեն գնում, որովհետեւ փող չունե՞ն, թե՞ այն տեղ չի հասնում։ Սիսիանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Կոլյա Գրիգորյանը նկատեց, որ եթե անգամ թերթը հասնում է մարզեր, գնող չկա՝ «մարդիկ 100 դրամ չունեն, որ թերթ առնեն»։ Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Դադաշյանի կարծիքով՝ գյուղացիները թերթ չեն առնում, քանի որ իրենց հետաքրքրող, իրենց հոգսերը ներկայացնող հրապարակումներ չկան։ Արամ Սիմոնյանի գնահատականով՝ շրջաններում լրատվության սով կա եւ ոչ միայն թերթերը տեղ չեն հասնում, այլեւ հաճախ հայկական հեռուստա ու ռադիոալիքներն են անհասանելի։ «Սյունիքում սեպտեմբերից ռադիոն փակվում է»,- այս առթիվ ասաց Սիսիանի քաղաքապետ Լ. Սարգսյանը։ Վերջինս սեմինարի բացման ողջույնի իր խոսքում հայտարարեց, թե «մեր մամուլը կայացած չէ, կուսակցական ու թայֆայական շահերից այն կողմ չի անցնում» եւ խորհուրդ տվեց լրագրության դասեր առնել իրենց տեղական կուսկոմի նախկին նախագահից, որը լրագրող է։ Խորհրդային տարիների ավանդույթները վերականգնելու Լ. Սարգսյանի բուռն ձգտմանն ի հակառակ, ԵՊՀ պրոռեկտորը նկատեց, թե անցյալի լրագրությունը թերեւս մի լավ բան ուներ, որ հասնում էր ամենախուլ գյուղերն անգամ։ Բայց Սիսիանի քաղաքապետի պնդմամբ՝ թերթեր ստանալու հարցում պրոբլեմ չկա ու նաեւ հպարտությամբ նշեց, թե իրենց քաղաքի բյուջեի 10-15%-ը տրամադրում են մամուլին. ունեն թերթ, ռադիո եւ հեռուստաալիք։ Թե որքանով անկախ կարող են լինել քաղաքապետից ֆինանսապես կախված այդ լրատվամիջոցները, կարելի է ենթադրել։ Ի դեպ, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները, մեղադրելով Երեւանից ժամանած իրենց գործընկերներին՝ գյուղացու հոգսերին ու պրոբլեմներին չանդրադառնալու համար, նշում էին, որ իրենց տեղական մամուլում գրածը մեծ արձագանք չի գտնում։ Սակայն այսօր շատ քիչ թերթեր հնարավորություն ունեն լրագրողներ գործուղել մարզեր։ Իսկ տեղի լրագրողներն էլ թղթակցություններ ուղարկելիս հաճախ խուսափում են սուր քննադատությամբ պրոբլեմները ներկայացնելուց՝ կաշկանդված լինելով տեղական չինովնիկների ճնշումներով կամ ծանոթ-բարեկամական կապերով։ ԵՊՀ պրոռեկտոր Ա. Սիմոնյանը նաեւ լրագրողներին մեղադրեց արտագաղթի համար. «Գորիսի բնակչության կեսը չկա, արտագաղթել է, հազար ու մի ցավ ունեն այդ մարդիկ, բայց չեմ տեսել, որ մի լրագրող գնա այդ հեռավոր կորած գյուղերը եւ հետաքրքրվի նրանց դարդ ու ցավով։ Ողբալի վիճակում են գտնվում, ես չեմ թանձրացնում գույները»։ Պարոն Սիմոնյանն առաջարկեց օգտագործել թերթերը մարզեր հասցնելու բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ թերթի մի օրինակը գյուղամիջում հրապարակային ընթերցման դնելը, ինչը պետք է տեղական կառավարման օղակները իրականացնեն։ Այլ խնդիր է սակայն՝ արդյո՞ք տեղական իշխանությունները շահագրգիռ են, որ մարդիկ տեղեկացված լինեն։ Համենայնդեպս, բազմաթիվ օրինակներ կան, երբ թերթի այս կամ այն համարը տեղական չինովնիկները ամբողջությամբ «բռնագրավում» են, եթե իրենց առնչվող քննադատական հոդված կա, բայց կարծես թե հայտնի չէ մի դեպք, երբ քաղաքապետը կամ գյուղապետը ասենք թեկուզ հրապարակային ընթերցման կամ տեղի գրադարանի համար թերթեր ձեռքբերելու հարցով է զբաղվում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել