Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽԱՑՈՒՄ

Մայիս 14,2002 00:00

ԿՈԼԵԿՏԻՎԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽԱՑՈՒՄ «Այսօր ստեղծագործական միություններն այլեւս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, քանի որ դրանք ստեղծվել են 30-ական թթ.՝ կոլեկտիվացման տարիներին, երբ պետք էր բոլորին հավաքել մեկ տանիքի տակ»,- կարծում է Հայաստանի երաժշտական համաժողովի (ՀԵՀ) նախագահ Լեւոն Չաուշյանը։ Նա նաեւ գտնում է, որ այսօր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը լիովին սպառել է իրեն, ինչով էլ բացատրում է 94թ. մի խումբ կոմպոզիտորների անդամության կասեցումը այդ միությանը եւ նոր կազմակերպության՝ ՀԵՀ-ի ստեղծումը։ Ըստ նրա՝ նախկինում այլ էին «խաղի» պայմանները. «Կոմպոզիտորների միության անդամն օգտվում էր բոլոր բարիքներից (ե՛ւ տպագրվում էր, ե՛ւ կատարվում), իսկ եթե որեւէ մեկը կոմպոզիտորների միության անդամ չէր, ապա իբրեւ կոմպոզիտոր գոյություն չուներ»։ Լ. Չաուշյանի համոզմամբ, երեւույթն այն ժամանակ որոշ առումով արդարացվում էր այնքանով, որ «պետությունը վարելով մտրակի եւ բլիթի քաղաքականություն՝ մի կողմից թելադրում էր ինչ պետք է անել, մյուս կողմից իր վրա էր վերցնում արվեստագետների բոլոր հոգսերը»։ ՀԵՀ-ի նախագահը պատմում է, որ ինքը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է դարձել 1969-ին, երբ մտրակի քաղաքականություն առանձնապես չկար, սակայն արվեստագետի նկատմամբ պետական հոգածությունը շարունակվում էր, ինչի արդյունքում Կոմպոզիտորների միությունը մեծ թռիչքներ ունեցավ, նրա անդամների թիվն էլ հասավ 180-ի. «Հայկական կոմպոզիտորական դպրոցը շատ բարձր էր գնահատվում ԽՍՀՄ-ում եւ բոլոր միջոցառումներին հայ կոմպոզիտորներն ավանգարդ դերում էին,- հիշում է Լ. Չաուշյանը,- բնականաբար դա մարդկանց մեջ ձգտում էր առաջացնում այդ գործով զբաղվելու։ Եվ ստացվել էր այնպես, որ 3-3,5 մլն-անոց հանրապետությունում 100 եւ ավելի կոմպոզիտոր կար»։ Չնայած այս ամենին՝ Լ. Չաուշյանի համոզմամբ, այդ տարիներին են ստեղծվել լավագույն գործերը, եւ ասպարեզ ստացել լավագույն արվեստագետները։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո (որն, ի դեպ, կոմպոզիտորը կարեւոր հանգամանք է համարում), «Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության գոյությունը դարձել է ինքնանպատակ»։ Նրա կարծիքով այն նախ չունի բոլորին համախմբող ընդհանուր գաղափար։ Բացի այդ, ըստ Լ. Չաուշյանի, ոչ մի կերպ չի արդարացվում կոմպոզիտորների եւ երաժշտագետների՝ նույն դաշտում, նույն տանիքի տակ հավաքված լինելը։ «Այսօր ով ուզում՝ իրեն կոմպոզիտոր է համարում, հաշվի չի առնվում ո՛չ կրթության ցենզը, ոչ տաղանդը, ոչ մակարդակը, Կոմպոզիտորների միության անդամ լինելը եւս պարտադիր չէ, ուրեմն տրամաբանորեն այդ միության գոյությունն արդեն իսկ անիմաստ է»,- ասում է Լ. Չաուշյանը։ ՀԵՀ-ի նախագահը գտնում է, որ իրենց կազմակերպության ստեղծումը ոչ թե Կոմպոզիտորների միության հետ հակադրվելու, այլ նրա չկատարածի բացը լրացնելու նպատակ ունի. «Այն պրոպագանդում է հայ երաժշտության տարածումը, համագործակցում երաժիշտ կատարողների հետ, սատարում պատանի կատարողներին եւ ստեղծագործող տաղանդներին»։ Ըստ Լ. Չաուշյանի, ՀԵՀ-ը (որի կազմում են կոմպոզիտորներ Վ. Բաբայանը, Ե. Երկանյանը, Մ. Վարդազարյանը, Ռ. Սարգսյանը եւ երաժշտագետ Մ. Ռուխկյանը) հասցրել է կազմակերպել 5 տասնյակից ավելի համերգներ, գիտաժողովներ։ Նրա պատվերով ստեղծվել են տարբեր ժանրերի 18 ստեղծագործություն։ Համաժողովի ջանքերով էր կազմակերպվել նաեւ Ա. Խաչատրյանի 95-ամյակին նվիրված հայտնի փառատոնը։ Լ. Չաուշյանը ցավում է, որ արդեն 10 տարի է՝ հայ կոմպոզիտորները դուրս են մնացել մշակութային շուկայից, որովհետեւ վատ են ներկայացվում ու պրոպագանդվում այն կառույցների կողմից, ովքեր պարտավոր էին դա անել. «Այսօր Մոսկվայի կոմպոզիտորների միությունն ակտիվ կազմակերպություն է։ Ամեն տարի միջազգային փառատոներ է կազմակերպում։ Աշխարհին լավ են ներկայանում նաեւ Ուկրաինան եւ մերձբալթյան հանրապետությունները»։ Փառատոների կազմակերպումը եւ դրսից արվեստագետների հրավիրումը կոմպոզիտորը հայ երգ-երաժշտությունը պրոպագանդելու ձեւերից մեկն է համարում։ Ըստ նրա՝ Հայաստանը միշտ եւ ամենուր ուշացումով է հանդես գալիս, մինչդեռ «Ժնեւի մրցույթների կենտրոնը, օրինակ, տպագրում է բուկլետներ 3-4 տարի հետո կազմակերպվելիք միջոցառումների մասին»։ Լ. Չաուշյանի համոզմամբ, Հայաստանում մրցույթներն ու կոնֆերանսները պետք է կազմակերպվեն ոչ թե 2003թ., ամենավերջին՝ հենց Ա. Խաչատրյանի հոբելյանի օրը, այլ նախօրոք, եւ ընդ որում «նրանց մեջ պետք է մասնակցեն մարդիկ, ովքեր իրավազոր են այդ հարցերով զբաղվել։ Թե չէ միշտ էլ լինում են կազմկոմիտեներ, որոնց կազմում սովորաբար միության նախագահն է, մշակույթի նախարարը եւ մնացած բոլոր նույն մարդիկ»։ ՀԵՀ-ի նախագահը փաստում է, որ գյուղի, քաղաքի, շրջանի մասշտաբով միջազգային կոչվող բազմաթիվ մրցույթներ են անցկացվում, «որոնց մակարդակը ցածր է եւ նրանց դափնեկիր լինելը ոչինչ չի նշանակում»։ Այդ իսկ պատճառով նա շատ է ցանկանում, որ գալիք Ա. Խաչատրյանի մրցույթը հասցվի, օրինակ, Ելիզավետա թագուհու կամ Չայկովսկու մրցույթների մակարդակին։ Այս բոլորից զատ, Լ. Չաուշյանին եւ բազմաթիվ այլ արվեստագետների մեկ ուրիշ հարց էլ է մտահոգում. «Այսօր Հայաստանում 100 եւ ավելի կոմպոզիտոր կա, դա արդեն իսկ աբսուրդ է։ Պետք է գոնե նրանց 5-10%-ին լուրջ ուշադրության արժանացնել, ինչը դեռ չենք զգում։ Ժամանակին բազմաթիվ հարցերով դիմել ենք Ռ. Քոչարյանին, խնդրել, որ ստեղծի մշակույթի խորհուրդ, որի կազմում կլինեն ոչ թե նոմենկլատուրային աշխատողներ, այլ անուն ու բովանդակություն ունեցող արվեստագետներ։ Ցավոք, պատասխան չենք ստացել…»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել