Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ կա՛ մտավախություն

Մայիս 16,2002 00:00

Դեռ կա՛ մտավախություն Ընդամենը մեկ-երկու տարի առաջ էր, որ «Կանազ» մշակույթի եւ կրթության կենտրոնի սաները, ուսուցիչ-պարուսույցներն ու ղեկավարները ցույցի էին դուրս եկել «Կանազ» մշակութային կենտրոնի վաճառքին ո՛չ» եւ նման բովանդակությամբ այլ ցուցանակներով։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանի խոսքերով. «Համառորեն պայքարելուց հետո մեր անհամեստ ակցիան վերջապես տվեց իր պտուղները։ Մշակույթի տան վաճառքի հարցը օրակարգից հանվեց»։ Այսօր արդեն ուրախությամբ ենք նշում, որ մշակույթի կենտրոնի դահլիճը կրկին մարդաշատ էր։ Հավաքվել էին հյուրեր, տարբեր թաղապետարանների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության արվեստի անվանի դեմքեր։ Առիթը՝ մայիսի 14-ին Երեւանում մեկնարկած Արաբկիր- 2002 դպրոցականների գեղարվեստական ինքնագործունեության մրցույթ-փառատոնի շքահանդեսի բացումն էր, ինչպես նաեւ փառատոնում հաղթանակածներին Գրան պրի մրցանակի հանձնումը։ Ինչպես տեղեկացանք, փառատոնի նախաձեռնության հեղինակը «Կանազ» մշակութային կենտրոնն էր, սակայն, կազմակերպիչների խոսքերով, իրենց կողմից առաջարկություն է եղել մայրաքաղաքի տարբեր համայնքներին իրենց մասնակցությունը եւս ցուցաբերել։ Մրցույթ-փառատոնը տեւել էր տասը օր։ Խստապահանջ հանձնաժողովի դատին էր հանձնվել տարբեր խմբերի, անհատ երգիչ-կատարողների պարարվեստն ու երգարվեստը, նվագարանային կատարումները։ Գրան պրիի արժանացած տասը լավագույններին մրցանակները շնորհեցին մշակույթի անվանի գործիչները, ինչպիսիք են Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը, Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանը եւ այլք։ Ինչն էլ, հավաքվածների կարծիքով, ավելի էր պարտավորեցնում այդ բնագավառի մատաղ սերնդին ապագայում միայն հաղթանակներով հայրենիք վերադառնալը։ Հանդիսությունից ձեռնունայն չգնացին նաեւ Երեւանի համայնքներից հրավիրված ղեկավարները։ Փառատոնին իրենց ակտիվ մասնակցության համար նրանց եւս պատվոգրեր շնորհվեցին։ Արաբկիրի համայնքի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վլադիմիր Մշեցյանի խոսքերով. «Ճիշտ է, նաեւ Արաբկիրի թաղապետարանի աջակցությամբ է փառատոնը կազմակերպվել, սակայն նպատակը՝ որ տարբեր համայնքներից եւս մասնակիցներ ընդգրկենք։ Եվ թող որ այս փառատոներում ծնվեն նոր Թերեզա Գրիգորյաններ, Վանուշ Խանամիրյաններ, Առնո Բաբաջանյաններ»։ Պրն Մշեցյանը նաեւ հավաստիացրեց, որ նմանատիպ փառատոներ այսուհետեւ հաճախ կլինեն։ Հաջորդ անգամ՝ արդեն հանրապետության մասշտաբով։ Իսկ մինչ «Կանազ» մշակույթի եւ կրթության կենտրոնի դահլիճում հավաքված մշակույթի անվանի գործիչները հիանում էին իրենց շնորհալի սաների ձեռքբերումներով, կենտրոնի տնօրենն «Առավոտին» իր մտավախությունն էր հայտնում, թե չի բացառվում, որ իրենց շենքի վաճառքի հարցը կրկին բարձրացնեն։ Իսկ հետո ավելացրեց. «Դեռ այն ժամանակվանից մեր ցուցանակները պահպանվում են։ Եվ եթե դրանց անհրաժեշտությունը լինի, ընդամենը հարկավոր է ներկը թարմացնել, տեքստը նույնն է լինելու»։ Կարծում ենք, որ ճիշտ կլիներ պետականորեն նպաստել արդեն գործող, կայացած ու լավ ավանդույթներ ունեցող նմանատիպ մշակութային օջախների բարգավաճմանը։ Եվ ոչ թե բացահայտ կամ ոչ բացահայտ միջոցներով խոչընդոտել դրանց գործունեությանը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել