Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ՇԱ՜Տ ԿԱՆ

Մայիս 17,2002 00:00

ՀԱՐՑԵՐ ՇԱ՜Տ ԿԱՆ «Առավոտն» արդեն անդրադարձել է այն խնդրին, որ ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի թիվ 49 հրամանով Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց» եւ «Մանուկ» ՓԲԸ-ների վերակազմակերպման եւ միաձուլման արդյունքում նախատեսվում էր ստեղծել «Մանուկ» կլինիկական հիվանդանոց։ Իրականում «Մանուկ» հիվանդանոց ստեղծվեց միայն թղթի վրա, իսկ այդ «միացյալ» կառույցի տնօրեն նշանակվեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանի եղբոր մտերմուհին՝ Մարինա Հայիրյանը։ Թիվ 1 մանկական հիվանդանոցի տնօրեն Լեւոն Մովսիսյանի ձեռքից էլ, աշխատակիցների հավաստմամբ, վերցվեց տնօրենի կնիքը՝ այն տրամաբանությամբ, որ թիվ 1 մանկական հիվանդանոցը արդեն «Մանուկ» հիվանդանոցի կազմում է։ ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 23-ի թիվ 450 որոշմամբ, սակայն, թիվ 1 մանկական հիվանդանոցը կրկին հանվեց քաղաքապետարանի ենթակայությունից եւ վերադարձվեց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանին, քանի որ այն նախկինում տվյալ բուհի ուսումնական բազան էր։ Ու թեեւ «Մանուկ» կլինիկական հիվանդանոց, որպես այդպիսին, չստեղծվեց եւ այսօր էլ այն գոյություն չունի (դա հաստատում են ե՛ւ Մ. Հայիրյանը, ե՛ւ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Ա. Սողոյանը), սակայն դա չխանգարեց, որ Մ. Հայիրյանը (հիվանդանոցի աշխատակիցների պնդմամբ) ներկայանա իբրեւ թիվ 1 մանկական հիվանդանոցի տնօրեն, այն դեպքում, երբ նույն հիվանդանոցի տնօրեն Լ. Մովսիսյանը դեռեւս աշխատանքից ազատված չէ, չունի նաեւ տեղափոխման հրաման։ «Օրենքով ես իրոք միացված կառույցի տնօրենն եմ,- խոստովանեց Մ. Հայիրյանը,- սակայն բոլորս՝ սկսած պահակից, վերջացրած բաժնի վարիչներից ու ինձնից, լուծարման պրոցեսում ենք»։ Ի դեպ, նա մեզ երկու խորհուրդ տվեց. բոլոր հարցերն ուղղել իրեն նշանակողներին. «Հարցեր կա՞ն՝ դիմեք վերադասին։ Ես ինձ չեմ նշանակել, ինձ խնդրել են, որ գամ էստեղ աշխատեմ»։ Հաջորդ խորհուրդն էլ վերաբերում էր հունիսի 1-ից հետո իր հետ հարցազրույց անցկացնելուն. «Ով ինչ պաշտոն կզբաղեցնի՝ կերեւա միայն հունիսի 1-ից հետո»։ Ի դեպ, Մ. Հայիրյանի ենթակաները դժգոհել էին նաեւ, որ վերջինս մանկաբույժ չէ, սակայն հավակնում է մանկական հիվանդանոց ղեկավարել։ Մ. Հայիրյանն այդ մասին այլ կարծիք ուներ. «Իմ ղեկավար աշխատելը ակնաբույժ լինելուս հետ կապ չունի։ Ես ունեմ բուժգծով տեղակալ եւ գիտական աշխատանք առողջապահության կազմակերպման վերաբերյալ»։ Նա չզլացավ ընթերցել նաեւ տարբեր քաղաքներում տպագրված իր բոլոր հոդվածների վերնագրերը եւ անգամ ցույց տալ դարակում խնամքով պահված ավտոռեֆերատը՝ հիմնավորելու համար, թե որքա՜ն արդարացված է իր՝ ղեկավար աշխատելը այդ հիվանդանոցում։ «Որ ուզում եք ճիշտն իմանալ, հենց ինձ նմանին պետք է ման գային այս պաշտոնի համար»,- հպարտորեն ինքն իրեն ներկայացրեց նա։ Վերակազմավորման հանձնաժողովի նախագահ Ա. Սողոյանը եւս հաստատեց, որ «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի տնօրեն Լ. Մովսիսյանին որեւէ մեկը դեռեւս չի ազատել աշխատանքից, սակայն քանի որ հիմնարկը վերակազմավորման գործընթացում է, նա որեւէ ֆունկցիա չի կարող ունենալ»։ Թե ինչո՞ւ, Ա. Սողոյանը այդպես էլ չկարողացավ կարգին բացատրել, միայն ասաց, որ այդ առումով «որոշակի բաց կա, ինչը գուցե կհստակեցվի լուծարման գործընթացի ժամանակ»։ Իսկ առայժմ պարզ չէ՝ ով ով է։ Նա չժխտեց, որ գոյություն չունեցող եւ այդպես էլ չստեղծված «Մանուկ» կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մ. Հայիրյանը ներկայումս գործածում է թիվ 1 մանկական հիվանդանոցի կնիքը, որի «իրավունքը նրան իր ղեկավարած հանձնաժողովն է տվել»։ Սակայն, ըստ Ա. Սողոյանի, այդ ամենն էլ «կորցրել է արդիականությունը», որովհետեւ ո՛չ Մ. Հայիրյանը, ո՛չ էլ Լ. Մովսիսյանը կարծես որպես տնօրեն չեն նախատեսվում, քանի որ հիմնարկները լուծարվում են եւ նոր կազմակերպություն չի ստեղծվում, այլ պարզապես եղած գույքն է հանձնվում բժշկական համալսարանին։ «Ինչքան ես հասկանում եմ, բժշկական համալսարանը տնօրենի հաստիք չի նախատեսելու, որովհետեւ կլինիկական բազայում լինում է միայն կլինիկայի ղեկավար եւ ամբիոնի վարիչ»,- ասաց Ա. Սողոյանը։ Մի կարեւոր հանգամանք, սակայն, ավելի խոսուն էր. ամեն լուծարային հանձնաժողովի նախագահ, ըստ Ա. Սողոյանի, սովորաբար տվյալ հիմնարկի տնօրենն է լինում։ Իսկ այդ դերում նա կրկին տեսնում է Մ. Հայիրյանին, որին արդեն իսկ վերակազմակերպման հանձնաժողովը օժտել էր մի շարք գերիրավասություններով։ Փաստորեն, իսկապես անտեղի չէր Մ. Հայիրյանի «Հարցեր կա՞ն՝ դիմեք վերադասին» բազմանշանակ ակնարկը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել