Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ՀՈԳՍԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՎԵՐՈՎ

Հունիս 06,2002 00:00

ՏԱՐԲԵՐ ՀՈԳՍԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՎԵՐՈՎ «Երբ բժիշկը սխալ է թույլ տալիս, նրա «սխալին» թաղում են։ Փաստաբանի «սխալին» բանտարկում են։ Երբ քաղաքական գործիչն է սխալ թույլ տալիս, նրա պաշտոնը բարձրացնում են։ Իսկ երբ լրագրողն է սխալ թույլ տալիս, ապա նա ոչ միայն պետք է ներողություն խնդրի, այլ նաեւ նրան կարող են դատել դրա համար»։ Պրոֆեսիոնալ կյանքի այս պարադոքսալ իրողության արձանագրումը Զիմբաբվեի « News» ընդդիմադիր թերթի խմբագիր Ջեֆրի Նյերոտայինն է։ Իր երկրի նախագահ Կ. Էստրադային քննադատելու, կոռուպցիայի փաստեր մատնացույց անող իր հրապարակումների համար նա «համտեսել» է հետապնդումների ողջ «ասորտին»՝ սպառնալիքից, բանտարկությունից մինչեւ խմբագրության պայթեցումը։ Այդ հետապնդումներին, միայն թե համեմատաբար «քաղաքակիրթ» դրսեւորումներով, անտեղյակ չեն նաեւ հայաստանցի լրագրողները։ Թերթերի միջազգային ասոցիացիայի (WAN) 55-րդ կոնֆերանսը թեեւ միջազգային բախումների լուսաբանման խնդիրներին էր նվիրված, սակայն խոսքի ազատության սահմանափակման երեւույթներն առաջնային տեղ էին զբաղեցնում աշխարհի 90 երկրներից կոնֆերանսին մասնակցող լրագրողների եւ թերթերի մենեջերների քննարկումներում։ Իսկ Հայաստանում եւ Վրաստանում խոսքի ազատության «օրենքով» սահմանափակման օրինակներ նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Մյուս հայաստանցի լրագրողների մասնակցությունը կոնֆերանսին ապահովել էր IREX/Promedia ծրագիրը։ Ազատ մամուլ ունեցող աշխարհի զարգացած երկրներում, սակայն, խոսքի ազատության համար պայքարը նախանձելի մակարդակի է հասել։ Ճշմարտությունն ասելու համար իրենց հետապնդվող գործընկերներին աջակցելուց, խրախուսելուց բացի, իրենց թերթերում նրանք ձգտում են հասնել խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած երեւույթի վերացմանը։ Օրինակ, հայտնի է, որ արտասահմանյան մի շարք երկրներում ալկոհոլի եւ ծխախոտի գովազդն արգելված է, որոնք ամենամեծ գումարն ապահովող ապրանքներից են։ Այսպիսով, որոշ մասնագետներ այն կարծիքին են, թե այս ապրանքների գովազդի արգելմամբ թերթերի ֆինանսական հոսքերը պակասեցվում են, հետեւաբար անկախության աստիճանն ու ազատ խոսքի արտահայտման հնարավորությունները՝ նվազեցվում։ Բարեբախտաբար, եվրոպական առաջատար թերթերի լրագրողներն իրենց առօրյա աշխատանքում այլ գլխացավանքներ ունեն։ Այսպիսի թերթերը, որպես կանոն, ընդդիմադիր են՝ «հայերեն» ասած։ Այսինքն, օրինակ, Ֆրանսիայի «Լը Մոնդ», «Լիբերասիոն» օրաթերթերը դեմ են նախագահ Շիրակի վարած քաղաքականությանը։ Սակայն իրենք էլ են ծիծաղով հիշում այն պարադոքսալ վիճակը, երբ երկրորդ փուլում ստիպված եղան հենց նրան էլ նախընտրել Լը Պենից, այսպիսով ընտրություն կատարելով վատի եւ ավելի վատի միջեւ։ Նկատի ունենալով ի շահ հայ ժողովրդի Շիրակի քայլերը, մենք, իհարկե, առաջարկեցինք փոխել մեր նախագահներին, բայց պարզվեց, որ ֆրանսիացի մեր գործընկերները քաջատեղյակ էին մեր տարածաշրջանից՝ «կարծում եմ, նրանք երկուսն էլ նույնն են»։ Ֆրանսիական առաջատար թերթերը Հայաստանին անդրադառնում են այն դեպքերում, երբ այստեղ կատարվող իրադարձությունները միջազգային նշանակություն ունեն կամ սենսացիա են հանրության համար։ Օրինակ, «Լիբերասիոնը» 1998-ին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ մի ամբողջ էջ բացառիկ հարցազրույց է տպագրել, որտեղ նա Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի տեսակետներին տրամագծորեն հակառակ կարծիքներ է հայտնել։ Մեր գործընկերոջ արձանագրմամբ՝ «մի քանի օր անց Ռ. Քոչարյանը նախագահ դարձավ»։ Խոստովանենք, ցանկացած թերթի համար սա գտած թեմա է։ Այն, ինչն իսկապես շարժեց հայ լրագրողների նախանձը, մեր ֆրանսիացի գործընկերների աշխատանքային պայմաններն են եւ թվերը, որոնց հետ նրանք գործ ունեն։ Տպաքանակը սկսվում է կես միլիոնից, որը կրկնապատկվում է, ասենք, ընտրությունների կամ ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին։ Օրինակ, «Լը Մոնդը» նույնիսկ ֆուտբոլի մասին 8 էջանոց հավելված է հրատարակում օրական։ Սա մեր գործընկերների ներկայացմամբ՝ ուղղակի ծաղկեցնում է թերթի բիզնեսը։ «Լ՛Էքսպրես» շաբաթաթերթի բյուջեն 120 մլն դոլար է, որից 80 մլն-ն գոյանում է գովազդից։ Այս թերթում (ամսագրի ֆորմատի) 1 անգամ տպագրվող 2 էջանոց գովազդն արժե մեկ միլիոն դոլար։ Իրենց տեխնիկական հնարավորությունների, ինչպես նաեւ երկրի բնակչության կենսամակարդակի շնորհիվ «Լը Մոնդի» էլեկտրոնային տարբերակն իր օպերատիվությամբ լուրջ սպառնալիք է հեռուստաընկերությունների համար։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ բոլոր թերթերը, նույնիսկ 100%-ի հասնող վերադարձի դեպքում, կարծում են, որ իրենցն է երկրի առաջատար թերթը, Ֆրանսիայում այլ թերթերի ներկայացուցիչները միաբերան ընդունում էին «Լը Մոնդի» լիդերությունը։ Իսկ ամերիկյան մասնագետների համոզմամբ, ոչ մի ԶԼՄ հասարակության վրա չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին թերթը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել