Լրահոս
Օրվա լրահոսը

«Չխանգարելն էլ աջակցություն է»

Հունիս 06,2002 00:00

«Չխանգարելն էլ աջակցություն է» Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Իսկ ինչպիսի՞ն է մեր օրերում հայ դասական երգարվեստի վիճակը։ Իր պարզաբանումներն է տալիս սբ. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Շարբաթյանը։ -Այն կարծիքը, թե դասական երաժշտությունը սպառել է իրեն եւ այլեւս ոչինչ չունի տալու այսօրվա 18-20 տարեկանին, ճիշտ չէ։ Բոլոր ժամանակներում էլ, այսօր նույնպես, դասական եւ հոգեւոր երաժշտությունն օգնում է մարդուն անվերջ բարձրանալ հոգեւորի ոլորտները, կատարելագործվել եւ հավատալ բարու հաղթանակին։ Լավատեսության անսպառ ակունք է, խաղաղության ու սիրո մեծ սիմֆոնիա է երաժշտության այս ուղղությունը։ Իսկ այսօրվա երիտասարդին թթվածնի պես անհրաժեշտ է լավատեսություն, սեր, բարություն։ Մեր երեխաները մեծանում են անողոք ժամանակներում, երբ աշխարհը լի է մարդկային սնապարծությամբ եւ չարությամբ։ Որքան առաջընթաց է ապրում մարդկությունը եւ ապահոված ու բարեկեցիկ է դառնում կյանքը, այնքան միայնակ է զգում իրեն մարդը։ Ահա այդ միայնակ մարդու համար է հենց դասական երաժշտությունը։ Իսկ թե ի՞նչ վիճակում է գտնվում հայ դասական երաժշտությունն այսօր հենց Հայաստանում, ապա այն շատ տխուր, բայց «չմեռնող» արվեստ է դարձել։ Այսօր ոչ մի պետական աջակցություն չկա, այլ միայն խոցում են չորս կողմից։ Եթե չխանգարեն, այդ կարող եմ համարել աջակցություն մեզ նրանցից։ – Մի փոքր պատմեք Ձեր մասին։ – Հայրս՝ Մովսես Շարբաթյանը, հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է Էջմիածին քաղաքի ուսուցչական քառաձայն երգչախումբը։ Մայրս՝ Սաթենիկ Հարությունյանն էլ էր երգում։ Երաժշտության նկատմամբ ժառանգաբար անցած սերը այդպես էլ անպտուղ կմնար, եթե չլիներ իմ անցած այն դպրոցը, երաժշտական ուսումնարանում՝ Նուբար Սնգարյանը, իսկ կոնսերվատորիայում՝ Հովհաննես Չեքիջյանը։ Մաեստրոն մի հետաքրքիր խոսք ունի. «Իսկական դիրիժորը փայտիկը ձեռքին է ծնվում»։ Սակայն նույնիսկ փայտիկը ձեռքին էլ ծնվի դիրիժորը, առանց մեծ ուսուցիչների կարող է մնալ չկայացած։ Պետք է խոստովանեմ, որ մեծ դպրոց եղավ ինձ համար Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում տասը տարվա աշխատանքը որպես երգիչ։ Ես նաեւ հնարավորություն ստացա ծանոթանալու համաշխարհային երաժշտական գոհարներին։ Այդ տարիներին էր, որ ստեղծվեց իմ միակ երիտասարդական «Նավասարդ» երգչախումբը, որի երեսնամյակը կնշվի մյուս տարի, մեծ շուքով։ 1991-ից աշխատում եմ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում որպես դասախոս։ Իսկ 1994-ից Մայր տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավարն եմ։ – Իսկ ինչպե՞ս ծնվեց «Նավասարդ» երգչախումբը, որը համարում եք Ձեր «հոգեւոր» երեխան։ – Արվեստի բնագավառում բարձունքների հասած մեր ժողովուրդը չի հասցրել մի կարեւոր բան սովորել՝ ստեղծածը արժեւորել ու գնահատել։ 70-80 տարի շարունակ երաժշտության ու նկարչության նման ազնվագույն արվեստները դպրոցական ծրագրերում համարվում էին երկրորդական առարկաներ, որոնք կարելի էր չանցնել կամ անցնել ժամավաճառության մակարդակով։ Երաժշտական ճաշակ ձեւավորելու դպրոցը մնացել է չկայացած։ Կրթության ո՞ր օղակը պիտի մտահոգված լիներ մաքրել երեխայի լսողությունը, ձեւավորել երաժշտական ճաշակ, տարբերել երաժշտությունը աղմուկից, ճանաչել հայկական լադը, մեղեդին եւ չշփոթել այն, գնահատել ե՛ւ օտարը, ե՛ւ մերը։ Այս բազմաթիվ հարցերի պատասխանները գնահատելու մտահոգությունից ծնվեց «Նավասարդ» երգչախումբը։ Հզոր հասկացություն է երգչախումբը։ Դա ոչ թե երգող մարդկանց խումբ է, այլ միասնության ու ներդաշնակության մի հրաշալի դպրոց։ – Ինչպե՞ս եք տեսնում հայ դասական երգարվեստի ապագան։ – Մեր ժողովուրդը հրաշալի երգեր է ստեղծել եւ երգել՝ առանց նոտաներ իմանալու։ Օրորոցային երգող մայրը, ձավար ծեծող նանը, ցորենը քամուն տվող գեղջկուհին, սարի հովիվը, գութան վարող շինականը, ռազմիկը. նրանցից ո՞վ նոտա գիտեր։ Կոմիտասը հողի ակոսից, ձավարի սանդից, աղբյուրի ակունքից հանեց հայկական մեղեդիները, նոտագրեց եւ ներկայացրեց աշխարհին։ Իսկ աշխարհն էլ ճանաչեց հայկական երգի հանճարին, որը չիմանալով երաժշտական ոչ մի կանոն, պարզապես գոհարներ է ստեղծել։ Այսօր այս երգչախմբում երգում են նաեւ նախկին անդամների երեխաները։ Սա նշանակում է, որ ավանդույթներ են ձեւավորվել, վստահություն, սեր կա երգչախմբի նկատմամբ։ – Առավելապես այսօր «Նավասարդ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին ի՞նչն է մտահոգում։ – Երգչախումբը կենսունակ է ոչ միայն փորձերով, այլ նաեւ համերգներով եւ շրջագայություններով, իսկ դրա համար հովանավորներ են պետք, որոնց կարիքն այսօր շատ ունի երգչախումբը։ Հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչախումբն այսօր էլ շատ հրավերներ ունի աշխարհի տարբեր երկրներից եւ չի կորցնում նորից միջազգային բեմից հայ երգը հնչեցնելու լավատեսությունը։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել