Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՆ

Հունիս 06,2002 00:00

ՖԻՖԱ-ՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՆ Այսօր ՀՖՖ համաժողովում հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլային տնտեսության նոր ղեկավարի անունը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին նախորդած ՖԻՖԱ-ի սկանդալային համաժողովի անմիջական ականատեսն ու մասնակիցն է եղել նաեւ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը, որն արդեն վերադարձել է Երեւան։ Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց նրան։ Ստորեւ նեկայացնում ենք նրանց զրույցը։ – Պարոն Աբրահամյան, հայկական մամուլը գրել է Զեպպ Բլատթերի անվան հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին։ Դուք եղել եք տեղում։ Ձեր գնահատմամբ ինչն ինչոց էր։ – Դեռ լրիվ չեմ ծանոթացել այստեղ հասած ինֆորմացիային։ Իրոք, ՖԻՖԱ-ում մթնոլորտը շատ էր լարված։ Բլատթերի հակառակորդները, գլխավորապես ՈՒԵՖԱ-ն, նրան մեղադրում էին ֆինանսական խոշոր չարաշահումների մեջ, որոնց արդյունքում երբեմնի հարուստ այդ կազմակերպությունը հայտնվել է ծանր նյութական վիճակում։ ՖԻՖԱ-ի հերթական համաժողովից երկու օր առաջ ՈՒԵՖԱ-ն հրավիրեց «իր» ազգային ֆեդերացիաների ղեկավարների արտահերթ համաժողով։ ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը, որը նաեւ կազմակերպության գլխավոր գանձապետն է, տեղեկացրեց, որ եվրոպական ու համաշխարհային կազմակերպությունների միջեւ բյուջեի հաստատման հարցում լուրջ հակասություններ կան։ Եվ ՈՒԵՖԱ-ն պետք է բոյկոտի ՖԻՖԱ-ի բյուջեի հաստատումը։ Դրա համար հիմք էին ծառայել նախ ՖԻՖԱ-ի գործընկեր երկու ապահովագրական գործակալությունների սնանկացումը, ապա՝ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Զեն- Ռուֆենիգենի՝ այդ կազմակերպության գործկոմի անդամներին բաժանած պաշտոնական զեկուցագիրն այն մասին, որ Բլատթերը կամայականորեն փոփոխությունների է ենթարկել գործկոմի եւ համաժողովի հաստատած բյուջեն։ ՈՒԵՖԱ-ն գտնում է, որ ՖԻՖԱ-ի ներկայիս ողբալի վիճակը եւ ֆինանսական ճգնաժամը կշարունակվեն մինչեւ 2006 թվականը։ Եվ որպես ապացույց հայտարարում, որ ՖԻՖԱ-ն աշխարհի այս առաջնությունը կազմակերպել է 2006թ. ստանալիք գումարների հաշվին։ Իսկ ՖԻՖԱ-ի ֆինանսական եւ միջազգային աուդիտորական կազմակերպությունները պնդում են, թե նման բաները ընդունված են միջազգային ֆինանսական գործունեության պրակտիկայում։ Ասեմ նաեւ, որ Զեն- Ռուֆենիգենի զեկուցագրում նշված են եղել կոնկրետ անուններ, ում հասել են Բլատթերի չարաշահած գումարները։ Այդ փաստերով ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների մի մասը ու եվրոպական միությունը դիմել են Շվեյցարիայի դատաքննչական մարմիններ։ Հաջորդ օրը արտահերթ համաժողով հրավիրեց Բլատթերը։ Նա հայտարարեց, որ որոշումներ չեն կայացվելու եւ իր այս նախաձեռնությունը լիցքաթափման նպատակ ունի, որպեսզի պարզաբանվեն բոլորին հետաքրքրող խրթին հարցերը։ Դա ճշգրիտ հաշվարկված քայլ էր։ Հիմնականում արտահայտվում էին Ասիայի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմին ձայն չտրվեց։ Այս տեսակետից մթնոլորտը ծանր էր ու տհաճ, գոնե ինձ համար։ Ինչեւէ, երկու արտահերթ համաժողովներին հաջորդեց հերթականը՝ օրակարգայինը։ Այստեղ էլ Բլատթերը աչքի ընկավ դիվանագետին բնորոշ ու նաեւ ուժի դիրքերից խոսելու իր որակներով։ Հնչեցին փոխզիջումների գնալու կոչեր, թե չի կարելի անհանդուրժողականության մթնոլորտը խորացնել աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին։ Որոշվեց հաստատել ՖԻՖԱ-ի մեկ տարվա բյուջեն, այդ ընթացքում շարունակել ներքին աուդիտը։ Կրքերը որոշ չափով մեղմելուց հետո կազմակերպվեց նախագահի ընտրությունը, որի արդյունքները ձեզ հայտնի են։ – Հավանաբար, նաեւ գործնական հանդիպումներ եք ունեցել։ – Անշուշտ։ Գիտեք, որ «Գոլ» ծրագրի շրջանակներում սկսել ենք «Մալաթիա» ֆուտբոլային դպրոցի շինարարությունը։ Առաջին «տրանշն» ստացել ենք՝ շուրջ $100 հազար։ Կորեայում մտավախություն ունեցա, որ ՖԻՖԱ-ի ֆինանսական վիճակն, իրոք, կարող է այնքան վատ լինել, որ հետագա ֆինանսավորումը դադարեցվի։ Հանդիպեցի ՖԻՖԱ-ի այդ հարցերով պատասխանատուի հետ։ Պայմանավորվեցինք, որ գումարի մյուս չափաբաժիններն էլ արագ փոխանցեն ու խոստացա, որ սեպտեմբերին «Մալաթիա»-ի շինարարությունը կավարտվի ու իրենց էլ կհրավիրեմ բացման արարողությանը։ Մեկ այլ շատ կարեւոր ծրագիր ենք սկսել ու արդեն մեկուկես ամիս աշխատում ենք ՈՒԵՖԱ-ի հետ։ Հայտնի է, որ մեր ազգային հավաքականը բազա չունի։ Առանց դրա ֆուտբոլի հետագա զարգացում հանրապետությունում հնարավոր չէ։ Եթե մանկապատանեկան դպրոցներում այդ հարցերը հիմնականում լուծվում են, առաջին հերթին նկատի ունեմ «Փյունիկ» ակումբը, որի բազաները, ի պատիվ Ռուբեն Հայրապետյանի, եվրոպական չափանիշներին ոչնչով չեն զիջում, Կապանը, Արարատը, Գյումրին, որտեղ այդ հարցերը նույնպես լուծվում են, ապա ազգայինը անմխիթար, ողբալի վիճակում է։ Նույնիսկ հավաքներն անցկացվում են այս կամ այն հյուրանոցում, չունեն բժշկական- առողջարարական կենտրոն։ Նշածս ծրագիրը վերաբերում է հենց դրան եւ ՈՒԵՖԱ-ում հավանության է արժանացել։ Դրա արժեքը մոտ $1,8 մլն է եւ, ամենայն հավանականությամբ, այն այս տարի վերջնականապես հաստատվելուց հետո, եկող տարվանից կսկսվի ֆինանսավորումը։ Հիմքը ես դրել եմ, ՀՖՖ ապագա նախագահը թող շարունակի ու զարգացնի։ – Դուք խոսեցիք ապագա նախագահի մասին։ Հունիսի 6-ին կայանալու է ՀՖՖ համաժողովը, որում դուք ձեր թեկնածությունը նոր ընտրություններում չեք դրել։ Այսինքն, ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ։ Օրակարգում ի՞նչ հարցեր են ընդգրկված։ – Օրակարգը հաստատված է։ Հիմնականում նախագահի ընտրության հարցն է լինելու։ Նոր նախագահը կառաջադրի գործկոմի նոր կազմ։ Ամենակարեւորը, որ ես կարողացա համոզել իմ գործընկերներին, այն է, որ 29 հոգանոց գործկոմը, ինչպես հիմա է, աշխատող մարմին չի կարող լինել։ Լավագույն տարբերակը մինչեւ 15 հոգին է։ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նոր կանոնադրության համաձայն, գործկոմի անդամները նաեւ որոշակի կոմիտեներ պետք է ղեկավարեն, այսինքն, գործկոմը պետք է ամենօրյա աշխատող մարմին լինի… – Ի՞նչն էր պատճառը, որ վճռեցիք Ձեր թեկնածությունն այս անգամ չառաջադրել։ – Այդ մասին կխոսեմ համաժողովում։ – Ի՞նչ եք անելու պաշտոնը հանձնելուց հետո։ – Այդ հարցն արդեն տվել է ձեր գործընկերներից մեկը։ Կատակով պատասխանել եմ. «Խաղալիք եմ սարքելու»։ Բայց կատակի մեջ բավականին լուրջ խորհուրդ կա։ Ճշգրիտ կասեմ ավելի ուշ։ Հ.Գ. Սուրեն Աբրահամյանի հետ զրուցեցինք ՀՖՖ նախագահի գրանցված թեկնածուների մասին։ Նա հստակ տվեց իր բնութագրումները, սակայն դրանք չենք տպագրում, որովհետեւ այսօր կայանալու են ընտրությունները։ Երկուսս էլ համակարծիք էինք, որ նրա կարծիքները տպագրելը կարող է հետագայում որակվել որպես ճնշում համաժողովի պատվիրակների վրա կամ քարոզ այս ու այն թեկնածուի օգտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել