Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճարից օգուտ չունեին

Հունիս 06,2002 00:00

Անվճարից օգուտ չունեին «Եթե մեկը ցանկանում է անվճար որեւէ բան անել, խենթ են համարում։ Չեն կարողանում նորմալ ընկալել կամ էլ մտածում են՝ հետին շահ ունի»,- մի առիթով «Առավոտին» ասաց Տիգրան Հեքեքյանը, որը կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանի հետ փորձում էր մի հետաքրքիր մտահղացում իրականացնել՝ Հայաստանի տարբեր շրջաններում սկսելով յուրօրինակ երգարշավ։ Նրա կարծիքով, «հայ ժողովուրդը ծանր-անդուր բարդույթ ունի. չի կարողանում երգել ազգովի։ Նույնիսկ քեֆերի ժամանակ բոլորը միասին ընդհանուր երգ չեն կարողանում երգել»։ Մարդկանց այդ բարդույթից ձերբազատելու համար նա արել է համապատասխան առաջարկություն, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։ Մամուլում քանիցս գրվել է այն մասին, թե ինչպես էին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի նախաշեմին մեծ եռանդով երգեր ուսուցանվում շրջաններում։ Սակայն բարեհաջող մեկնարկած երգարշավը մնաց անավարտ՝ բախվելով Երեւանի անտարբերությանը։ Պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ նախաձեռնության հեղինակից՝ Տիգրան Հեքեքյանից, որը նույնպես տարակուսած էր եւ «փաստացի պատասխան չուներ»։ «Երեւի անվճար էր, դրա՞ համար,- զարմացավ պրոֆեսորը, հետո էլ շարունակեց,- պարադոքսալ կարող է թվալ, բայց ասածիս մեջ մեծ խորհուրդ կա հասկացողի համար։ Իմ եւ Ա. Սմբատյանի գաղափարը շրջաններում իրականացվեց 100 %-ով, ինչի ապացույցը նկարահանված կադրերն են։ Կրկնում եմ՝ երեւի անվճար լինելն էր պատճառը։ Եթե փորձեին ասել, թե գումարներ չկային, ճիշտ չէր լինի, քանի որ մեզ գումար պետք չէր։ Եթե ասեին ժողովուրդը չուզեց, դարձյալ չէր արդարացվի, քանի որ բազմաթիվ հեռախոսազանգերով, դիմումներով ու հարցապնդումներով մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչու է սկսած ազգօգուտ գործը կիսատ մնացել։ Խնդրում էին նույնիսկ երգերը ուսուցանել թերթերում դրանց տեքստերը տպագրելով։ Առաջարկեցի ուսուցում կազմակերպել նաեւ հեռուստատեսությամբ, ինչի մասին տեղյակ պահեցի Մայր աթոռ սբ. Էջմիածնին, քանի որ դա իրենց առաջնահերթ խնդիրն էլ էր։ Լավ, գործընթաց էր, ափսո՜ս չշարունակվեց մինչեւ վերջ։ Իսկ ինչքա՜ն լավ կլիներ, որ ամեն տարի նվիրյալ ուսանողները մեկնեին շրջաններ եւ իրենց հայրենակիցներին ամռանը գոնե երեք ժողովրդական երգ սովորեցնեին»։ Հետաքրքիրն այն է, որ 1700-ամյակի գրասենյակը հավանություն է տվել միայն ֆինանսատար նախաձեռնություններին, իսկ «ձրի» գաղափարները մատնել է անտարբերության։ Գաղտնիք չէ, որ ցանկացած միջոցառման կամ տոնակատարության կազմակերպման ու անցկացման համար միշտ էլ ավելի քիչ միջոցներ են ծախսվում, սակայն ավելին դուրս գրվում։ 1700-ամյակի տոնակատարությունները եւս չէին կարող բացառություն լինել։ Իսկ այստեղից մի՞թե չի հետեւում այն, որ անվճար իրականացվող միջոցառումը չէր կարող գայթակղել. «ձրիի» հաշվին ինչպե՞ս պիտի ուռճացված գումարներ դուրս գրվեին։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել