Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը՝ առանց ծորակի

Հուլիս 10,2002 00:00

Ջուրը՝ առանց ծորակի Մեր երկրում ամեն ինչ կորչում է։ Կորչում է մեր լեռների ջրի 70%-ը՝ հոսելով հարեւան երկրներ։ Կորչում է նաեւ այլընտրանք չունեցող բարիքը՝ խմելու ջուրը։ «Վալիկ ջան,- ասում է Ֆրունզիկ Մկրտչյանը,- մեզ մոտ՝ Դիլիջանում խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում… աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»։ Մասիսի գյուղերում (Դաշտավան, Դարակերտ, Ղուկասավան) ծորակ բացելու հարկ անգամ չկա. ջուրը հոսում է մշտապես, շատերն անգամ ծորակ չունեն։ «Արարատյան ջրատարից» (որը ջուր է մատակարարում Հարավ-արեւմտյան թաղամասին) սնվող Մասիսի 15 գյուղերում վայրկյանում կորչում է 700 լիտր ջուր։ Երկու ամիս առաջ ստեղծված Մասիսի «Ջրահիմք» ՍՊԸ-ն փորձում է հիշյալ 15 գյուղերում ջրաչափեր տեղադրել։ Նախատեսված է տեղադրել 5000 ջրաչափ, արդեն տեղադրվել է 900-ը։ Առաջին արդյունքները ակնառու են։ 400 ջրաչափ տեղադրելուց հետո Հարավ-արեւմտյան թաղամասի շենքերի 14-րդ հարկը ջուր է բարձրացել։ Բացի դրանից, հաշվարկները ցույց են տալիս, որ ջրաչափ տեղադրելուց հետո ընտանիքներն օգտագործում են 100 անգամ պակաս ջուր։ «Արարատյան ջրատարը» սնուցող եւ ազատ հոսող այս ջուրը նույնպես թանկարժեք է, թեեւ համային հատկանիշներով, ըստ օգտագործողների, զիջում է Գառնիի ջրին։ «Ջրահիմք» ՍՊԸ-ի աշխատանքները կարգավորող մասնագետը՝ Պարույր Աղաջանյանը, համաձայն է, որ Գառնիի ջուրը ավելի լավ է ֆիլտրվում, սակայն գտնում է, որ Արարատյան ջրատարի ջրի միկրոբիոլոգիական, քիմիական հետազոտությունները համապատասխանում են ստանդարտներին։ Այս ջուրը սարերից հոսող աղբյուր չի, ջրատարն աշխատեցնող պոմպը ժամում ծախսում է 2500 կվտ էներգիա։ Իսկ Դաշտավան գյուղի խողովակաշարը շարքից դուրս է եկել եւ գյուղը հրաժարվել է ջրաչափ տեղադրելուց։ Բացի դրանից, խողովակաշարի «ժանգը» խցանում է թանկ արժեցող ջրաչափը եւ շարքից հանում։ Գյուղացիների համար խնդիր է նաեւ ջրաչափի արժեքը։ «Ինչու է ջրաչափը տեղադրվում բնակչի հաշվին» հարցին պրն Աղաջանյանը պատասխանեց. «Որովհետեւ ուրիշ հաշիվ չկա»։ Իսկ ջրաչափն արժե 16.000 դրամ, որից 5000-ը պետք է վճարվի կանխիկ, 11.000-ը՝ 6 ամսվա ընթացքում։ Խմելու ջրի 1 խմ-ի արժեքը 52 դրամ է։ Հաշվարկներն արտառոց տվյալներ են արձանագրում. երկու հոգանոց ընտանիքը մեկ ամսում ծախսել է 14 դրամի ջուր, հարեւան ընտանիքը՝ 9000 դրամի։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031