Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 20,2002 00:00

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ Գերմանիայում պայմանագրային աշխատանքի մեկնած Անդրանիկ Սարաֆյան- Հասմիկ Ազատյան ամուսինների պատմությունը սկզբում ինձ անհավանական թվաց, սակայն փաստաթղթերը վկայում էին, որ նրանց մտահոգությունը լուրջ հիմքեր ունի: Խոսքը միջազգային «Ֆրիդենսդորֆ» կազմակերպության մասին է՝ այս բարեգործական կազմակերպությունը զբաղված է պատերազմական գոտիների հիվանդ երեխաների բուժման հարցերով: Գաղափարն անշուշտ ոչ միայն մարդասիրական է, այլեւ անչափ շնորհակալ, բայց տարիների ընթացքում կազմակերպությունը բավական շեղվել է իր որդեգրած ուղուց եւ դարձել պարզապես վտանգավոր: Այժմ՝ հերթականությամբ. Անգոլայի, Եթովպիայի, Աֆղանստանի, Իրաքի, Սերբիայի, Սոմալիի, Տաջիկստանի կողքին կազմակերպության հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել նաեւ Հայաստանը: Տարեկան 2 անգամ «Ֆրիդենսդորֆի» ինքնաթիռը աշխարհի տարբեր աղետյալ երկրներից երեխաներ է հավաքում եւ տանում բուժման: Տվյալ դեպքում բարդ վիրահատությունները եւ բուժման ծախսերն իրենց վրա են վերցրել Գերմանիայի մի խումբ բժիշկներ, որոնք անվճար բուժօգնություն են ցույց տալիս: «Ֆրիդենսդորֆը» պայմանագրեր է կնքում այդ բժիշկների եւ աղետյալ երկրների որոշ կազմակերպությունների հետ՝ Հայաստանում դա Մանկական հիմնադրամն է: Այս անգամ Հայաստանից Գերմանիա են մեկնել 4 երեխա՝ 5-13 տարեկան, որոնց մեջ նաեւ Գյումրիից Անահիտ Մնացականյանը, սակայն իր հերթին է սպասում մոտ 300 երեխա: Անահիտին տեղավորել են գերմանական Դանն քաղաքի հիվանդանոցում, որի աշխատակազմը հրավիրել է հայազգի Սարաֆյան ամուսիններին, որ օգնեն հաղորդակցվել օտար լեզու չիմացող 13-ամյա աղջկա հետ: Ժամանելով հիվանդանոց՝ ամուսինները պարզել են, որ երեխան ոչ միայն օտար լեզու չգիտի, թարգմանիչ չունի, այլեւ նրան ուղեկցող չկա, հիվանդանոց է հասել միայն հագի շորերով՝ առանց մի ձեռք ներքնաշորի, առանց ատամի խոզանակի: Ամուսիններն իհարկե երեխային վերցրել են իրենց խնամքի տակ՝ գնել են անհրաժեշտ պարագաներ, սնունդ տարել, օգնել հիվանդանոցի անձնակազմի հետ շփվելուն, երբեմն տուն տարել: Այդ ընթացքում նրանք պարզել են, որ Մանկական հիմնադրամի փոխտնօրեն Վարուժան Սեդրակյանը, որը անմիջականորեն զբաղվել է երեխաների հարցով, Անահիտի ծնողներին զրկել է երեխայի հետ հագուստ, այլ իրեր դնելուց եւ արգելել է 6 ամիս հետաքրքրվել նրանով: Երբ նրանք հեռախոսով կապվել են Անահիտի ծնողների հետ, պարզվել է, որ ծնողները ոչ միայն տեղյակ չեն 8 ժամ տեւած վիրահատության եւ իրենց երեխայի առողջական վիճակի մասին, այլեւ չգիտեն, թե որտեղ է գտնվում իրենց երեխան, ողջ է, թե մեռած: Սակայն այս ամենը դեռ ոչինչ՝ հայ համայնքի հոգատարությունից հուզված՝ գերմանացի բժիշկները նրանց հորդորել են այնպես անել, որ Անահիտը բուժումն ավարտելուց հետո չհայտնվի «Ֆրիդենսդորֆի» ճամբարում, որտեղ բուժումն ավարտելուց հետո հավաքվում են բոլոր երեխաները եւ մի քանի ամիս մնալուց հետո նույն ինքնաթիռով վերադառնում իրենց հայրենիք: Սարաֆյան ամուսինները հետաքրքրվելով պարզել են, որ Օբերհաուզենի ճամբարում հակասանիտարական պայմաններ են, երեխաների քանակը գերազանցում է մահճակալների թվին, մեծ թվով երեխաների սպասարկում են հատուկենտ աշխատողներ, երեխաներն անտեր թափառում են, տարածքից մեզի հոտ է գալիս եւ այլն: Անահիտի մասին գրել է նաեւ գերմանական մամուլը՝ թերթերն անդրադարձել են կազմակերպությանն ու նրա ճամբարին, ապա վտանգը զգացած կազմակերպությունը, չսպասելով բուժման ավարտին, մարտի վերջին Անահիտին լացուկոծով, առանց նորմալ հագնվելու, իր ստացած նվերների մեծ մասը թույլ չտալով վերցնել, բռնի ուժով տեղափոխել է ճամբար: Հետագայում Սարաֆյան ամուսինների ջանքերը՝ ճշտել, թե ինչ վիճակում է երեխան, հաջողությամբ չեն պսակվել՝ համակենտրոնացման ճամբարի սկզբունքով աշխատող կազմակերպությունը փակ է այցելուների համար: Կողմնակի աղբյուրներից նրանք տեղեկացել են, որ ճամբարում անգոլացի մի երեխա 8 օր ջերմության մեջ տառապել է, եւ ոչ ոք նրան չի մոտեցել, որ ճամբարում որոշ երեխաներ զուգարանակոնքից են ջուր խմում, որ ոջիլն ու սնկային հիվանդություններն այստեղ սովորական երեւույթ են: Առայսօր Անահիտը ճամբարում է եւ ոչ ծնողները, ոչ Գերմանիայում հայ համայնքը նրանից լուր չունեն: Սարաֆյանները, որ շատ են կապվել երեխայի հետ, համոզված են, որ «Ֆրիդենսդորֆը» հսկայական գումարներ է ստանում յուրաքանչյուր երեխայի համար, որ ազատված է մաքսային տուրքերից եւ ինչ-ինչ մութ գործարքներ է իրականացնում, իսկ դրան նպաստում է Հայաստանի մանկական ֆոնդը: Գերմանական «Rheinpfalz» թերթը գրել է. «Ինչպես պատմեց «Ֆրիդենսդորֆի» հիմնադիր հայր Վիլլ Ադամսը, այնտեղ ոտնահարվում են երեխաների իրավունքները եւ այնտեղ շահագրգռված են որքան հնարավոր է շատ երեխաներ հավաքել»: Երեխաների բուժումն, անշուշտ, շատ կարեւոր է, բայց համոզված չենք, որ իրեն հարգող պետությունը իր երեխաներին կուղարկի համակենտրոնացման ճամբար հիշեցնող այդ վայրը, որտեղից երեխաները կարող են վերադառնալ թեկուզ ֆիզիկապես առողջ, բայց հոգեպես խեղված: ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել