Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԸ «ԼՈՒԾՈՒՄ» ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ

Օգոստոս 13,2002 00:00

ՀԱՐՑԸ «ԼՈՒԾՈՒՄ» ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ Եվ Մինասի որմնանկարները ոչնչանում են Գյումրիի արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը իսկական պատուհաս է դարձել նրանցից մի քանիսում գտնվող համաշխարհային մշակութային արժեքների համար։ Աշխատավորական կյանքը պատկերող Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մինչեւ օրս փրկվել է ընդամենը մեկը, այն էլ բուլղարացի մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ. աղետի գոտու վերականգնման գումարներից նրանց 5000 դոլար հատկացվեց, որոնք Վերլուծական սարքերի գործարանից որմնանկարը տեղափոխեցին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի ճեմասրահ։ Իսկ մյուս ձեռնարկություններում գտնվող որմնանկարների ճակատագիրը անհայտ ու անորոշ է։ «Օմեգա» ՊՓԲԸ-ն լուծարման գործընթացում է։ Շենքը վթարային է, կիսախարխուլ։ Տնօրեն Սեյրան Իգիթյանի հավաստմամբ, հայ նկարիչները միշտ էլ ցանկություն են հայտնել որմնանկարները փրկելու, անգամ երկրաշարժից հետո շենքի բակում նրանց վրաններ են հատկացվել, որտեղ 15 օր մնալուց հետո հուսախաբված հեռացել են։ Նկարիչների փրկության ծրագիրը նմանվեց ոչնչացման ծրագրի, երկու կորմնանկարները մաս-մաս հանելու նրանց փորձերը ապարդյուն անցան։ Նկարների կեսից ավելին վնասվեց, իսկ մուտքի դիմացի հսկայական երկարություն ունեցող որմնանկարը, որը թեթեւակի է վնասված, գրեթե բաց տարածության մեջ է. երկու կողմից՝ արեւմուտքից եւ արեւելքից, բնական տեղումների մուտքն ազատ է։ Ոչ պակաս անմխիթար վիճակում են մյուս ձեռնարկությունների որմնանկարները։ Թե՛ Գյումրիի Քարհատ մեքենա ՓԲԸ-ում եւ թե՛ «Գյումրի կոնդենսատոր» ԲԲԸ-ում գտնվող որմնանկարները ճաշարաններում են։ Առաջինը ապակիներ չունի։ Ավելին, ձեռնարկությունը լուծարման գործընթացում է։ Տնօրենի հավաստմամբ, անգամ գնորդներ կան Ռուսաստանից, իսկ վերջիններիս հարցը դեռեւս լուծված չէ։ «Գյումրի կոնդենսատոր» ԲԲԸ-ի որմնանկարները ձեռնարկության գլխավոր մուտքից կտրված մի հատվածում են, որտեղ չկա ո՛չ սանդուղք, ոչ էլ դուռ, իսկ ներսում 14 տարի շարունակ մութ ու խավար է։ Տնօրեն Հովհաննես Լոռեցյանի խոսքերով, բազմիցս են դիմել կառավարությանը՝ շենքը գնելու ու Մինասի պատկերասրահ դարձնելու առաջարկով, սակայն մինչեւ օրս արձագանքող չկա։ Երեւի թե չպիտի զարմանանք, որ վաղը, մյուս օրը մեկը մյուսին ընդօրինակող ձեռնարկության սեփականատերերը ժամանակակից ու իրենց կարծիքով անչափ ճոխ «եվրոռեմոնտը» կգերադասեն Մինասի նկարներից։ Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքում այս խնդրով զբաղվող իրավասու եւ իրազեկ աղբյուրներ գրեթե չկան. նրանք, ովքեր պարտավոր են խնդրին քաջատեղյակ լինել, բացարձակապես անտեղյակ են. անգամ հպարտությամբ կարելի է ասել, որ շատերին իրազեկելու բախտն ունեցանք (օրինակ՝ Շիրակի մարզի գլխավոր ճարտարապետին)։ Միայն վերջերս Շիրակի մարզպետարանի արդյունաբերության բաժնում քննարկվեց այս հարցը, սակայն թե՛ վարչության պետ Հովսեփ Սիմոնյանի, թե՛ մյուս մասնակիցների վկայությամբ, սայլը տեղից չշարժվեց։ Քննարկումը գուցե առաջինն է ու վերջինը չէ, սակայն ժամանակն անցնում է եւ քանի դեռ մեր պետական այրերը երկար-բարակ մտածում են, բնական տեղումները (Շիրակի մարզն այս առումով առաջին տեղերում է) առիթն օգտագործում են՝ ոչնչացնելով ոչ միայն մեծ Մինասից, այլեւ հանրահայտ գեղանկարիչներ Հակոբ Հակոբյանից, Ռաֆայել Աթոյանից ու Աշոտ Մելքոնյանից մնացած արժեքները։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել