Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը պե՛տք է հովանավորվի

Օգոստոս 14,2002 00:00

Արվեստը պե՛տք է հովանավորվի Երեք պետական բուհերի ռեկտորները գտնում են, որ անվճար տեղերն անհրաժեշտ է ավելացնել։ Նրանք նաեւ պնդում են, որ տարեցտարի կրճատվող պետպատվերի տեղերի պատճառով շնորհալիները զրկվում են արվեստի բուհերում ուսանելու հնարավորությունից։ Երեւանի թատերական եւ կինոարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Սոս Սարգսյան: – Բոլոր ժամանակների եւ այսօրվա համար կասեմ հետեւյալը՝ թատրոնի, կինոյի համար գլխավորը գաղափարական ոգին է, նրա գեղարվեստական սկզբունքները, կապը կյանքի օրերի հետ, նրա ապագա գործունեության հեռանկարը։ Դիմորդների քանակն այս տարի նվազել էր, բայց փոխարենը՝ որակն էր բարձր։ Մեզ համար միեւնույն չէ, թե ովքեր են մտնում մեր լսարանները եւ գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ ձեռքից բաց չթողնել շնորհալի եւ ոչ մի երիտասարդ։ Պետպատվերի 43, վճարովի 76 տեղերի համար մրցում էր 193 դիմորդ։ Իհարկե, լավագույնները ընդունվեցին, կսովորեն, կստանան դիպլոմ, իսկ հետո՞… Իսկ հետո մենք հայերով պետք է նստենք ու որոշենք. մեզ պետություն պե՞տք է, թե՝ ոչ։ Էս երիտասարդության համար ուսանողական տարիներից սկսած պետք է հոգ տանել, հող ստեղծել նրանց աճի համար։ Անկեղծ ասած՝ մի փոքր շարժ կա. պետությունը արդեն տարին մեկ-երկու անգամ ֆինանսավորում է (իր չափով) մեզանում գործող թատրոնները, նույնիսկ մեր՝ «Համազգայինի» թատրոնը, որ չի պատկանում մշակույթի նախարարությանը, վերջինից ստանում է աջակցություն, բայց հասկանո՞ւմ եք, մեր քաղաքացին դեռ շատ է կապված իր կենցաղին, մխրճված կենցաղային հարցերի, կարիքների, պրոբլեմների մեջ։ Նա՛ պետք է կարիք զգա արվեստի, ունենա հնարավորություն (հենց թեկուզ ֆինանսական) շփվելու վերջինիս հետ։ Իսկ մեզ հասած մշակույթը տարիների, ինչու չէ՝ դարավոր կապերի ու կուտակումների արդյունք է։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյան: – Արվեստ տանող ճանապարհը սկսվում է ուսանողական նստարանից։ Այստեղ ես մերձենում կոմիտասյան գույներով, բույրերով հղի երաժշտությանը, բեթհովենյան ալեկոծությանը, Ռոմեոյի եւ Ջուլիետի ցաված սիրուն.. Մերձենում ես եւ հինգ տարի տարածվում է մի ընդարձակ տեսադաշտ, «անձնական տեսակցություն» կյանքի խոչ ու խութերի հետ, երաժշտությունը մարդկային ստեղծագործության մյուս տեսակների հետ համադրելու, նրանցով լրացնելու հասունություն։ Ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լցնել այն պարապը, որտեղ պետք է լինեն մարդու ցավը, տառապանքը, հույսը, սերը։ Պրոֆեսիան ավելին չէ, քան միջոց՝ այդ ամենը հաղորդելու։ Ահա թե ինչու կոնսերվատորիա ոտք դնելուց առաջ մեզանից պահանջվում էր գոնե մոտավորապես իմանալ ապագա երաժշտի, արվեստագետի հոգեւոր տարողությունը, նրա ներքին ուղղվածությունը, ոչ միայն երաժշտության, այլեւ սրտի ու մտքի ծավալը։ Տարօրինակ էր, որ դաշնամուրային եւ նվագախմբային բաժիններում համարյա մրցույթ չկար։ Ցավով պետք է ասեմ, որ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ֆագոտը, հոբոյը, կոնտրաբասը, ուդը, քամանչան, բամբիռը, ընդհանրապես դիմորդ չունեին։ Ամենամեծ մրցույթը վոկալ եւ ժողովրդական նվագարանների ու երգեցողության բաժիններում էր։ Բուհում 73 տեղ պետպատվերով է, իսկ 112-ը՝ վճարովի։ Ընդունելության քննությունների ընթացքում հանդիպում ես նաեւ միայն առաջին հայացքից տարօրինակ թվացող «երեւույթների»։ Այսպես, տարբեր համերգներից, ելույթներից ճանաչում ես այս կամ այն երաժշտին, նրանցից ոմանք այս տարի ավարտեցին երաժշտական ուսումնարանը։ Թվում է, թե հաջորդ քայլը կոնսերվատորիան էր լինելու, բայց… պարզվում է, վաղօրոք իմանալով պետպատվերի հաշված տեղերի մասին, այդ լավ երաժիշտները նույնիսկ չեն դիմում կոնսերվատորիա։ Ինչ է ստացվում. փաստորեն կորցնում ենք շնորհալի երիտասարդների։ Պետպատվերի տեղերը քիչ են։ Սա այն դեպքն է, երբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում ոչինչ անել չես կարող։ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյան: – Արվեստագետը հերթական գեղանկար, քանդակ կամ արվեստի այլ ստեղծագործություն սկսելիս մոտենում է նրանց, ինչպես կյանքի առաջին ու վերջին աշխատանքի։ Եվ ամեն նոր գործի ավարտը նրան մղում է այն մտքին, որ ինքը ընդամենը «ասեղի ծայրով հող է փորել», մինչդեռ ինչքան «չհերկած սեւահող» կա։ Եվ այդ «սեւահողի» ձգողությունն էլ չի թողնում, որ կանգ առնի, բավարարվի այն հերկերով, ուր մտել է ստեղծագործության խոփը։ Այդպիսին է արվեստի մագնիսական դաշտը, որում ապրելու համար պետք է հաղթահարել բարձր լարումները, այլապես կհայտնվես նրա ուժագծից դուրս։ Ուրախությամբ ասեմ, որ այս տարվա դիմորդները հիանալի էին գիտակցում այս ամենը։ Գեղարվեստի ակադեմիա ընդունվեցին 102-ը, որոնցից 38-ը՝ պետպատվերով, մնացածը՝ վճարովի հիմունքներով։ Գաղտնիք չէ, որ մեր կոնտինգենտը վճարունակ չէ, թեպետ ակադեմիան (ուսման տարիներին) մեծ գումարներ է ծախսում տարբեր (կտավ, ներկեր, վրձին…) նյութերի եւ իրերի վրա։ Ես եւս գտնում եմ, որ արվեստը պարտադիր պետք է հովանավորվի կա՛մ պետության, կամ բարերարի կողմից։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել