Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալակիրն արտոնյալ չէ

Օգոստոս 31,2002 00:00

Մեդալակիրն արտոնյալ չէ Երեկ տեղի ունեցավ դպրոցների տնօրենների՝ ամենամյա խորհրդաժողովը, որն ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի, հնարավորություն է տալիս հուզող հարցերի, առաջարկների շուրջ քննարկումների միջոցով լուծումներ տալ մի հիմնահարցի, թե ինչպես ենք տեսնում հայկական ազգային դպրոցի վաղվա օրը: Նախարարը հանրակրթության ընդհանուր խնդիրներից է համարում որակին վերաբերող հիմնահարցերը, որ առնչվում է նաեւ մեր ընդհանուր քաղաքակրթությանը եւ պետք է ապահովվի 2 ուղղությամբ՝ նախ ուսուցիչների անհատական որակի բարձրացման ճանապարհով՝ իբրեւ մասնագետ եւ իբրեւ քաղաքացի, առարկայական չափորոշիչների մշակումով եւ բազմաթիվ ենթատեքստեր ունեցող քաղաքականության ճշտումով (ինչ մասնագետ ենք թողարկում, ինչպես ենք լրացնում հանրապետությունում կադրային կարիքների հիմնախնդիրները եւ այլն): Հաջորդը, ըստ նրա, սոցիալական հիմնախնդիրներն են եւ համակարգի նյութատեխնիկական վիճակը։ Երրորդը՝ հանրակրթության մեջ դաստիարակության եւ կարգապահության ընդհանուր իրավիճակին առնչվող խնդիրներն են: Հենց այս կոնտեքստում էլ պետք է նշել 6-օրյակի անցնելու շուրջ դեռեւս անիմաստ չարչրկվող վեճերը: Անիմաստ, որովհետեւ կարգն արդեն իսկ բազմաթիվ քննարկումների արդյունքում ամրագրված է եւ հիմնավոր պատճառներ չկան այն խախտելու համար: Օրինակ, երեխայի շահերի կողքին չպետք է դնել ուսուցչի՝ մեկ օր ավելի տրանսպորտի վրա ծախսելիք փողի խնդիրը, մանավանդ որ, նրանք հիմնականում շաբաթվա բոլոր օրերին չէ, որ աշխատում են: Այս հարցին մենք արդեն անդրադարձել ենք եւ պարզել, որ տնօրենների շրջանում ընդդիմություն գրեթե չկա, միայն մի դեմ կարծիք հնչեց խորհրդաժողովին, ըստ որի առանց այն էլ կուտակված էներգետիկ պարտքերին ավելանալու է եւս մեկ օրվա ծախս: Սակայն պետք է հաշվի առնել, որ 1 օրվա ավելանալու հետ կրճատվում են դասաժամերը: Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքին, թե համաշխարհային բանկը ինչ-որ խոստումներ է տվել 6-օրյակի անցնելու դեպքում եւ որ նման օրենքների ընդունումը դրսի թելադրանք է, նախարարը կտրականապես մերժեց: Նախարարը չանտեսեց ուսուցիչների աշխատավարձերի չափը, որ վտանգի տակ է դնում ցանկացած նախաձեռնություն: «Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է նախ ինքը հավատա իր ծրագրին, հետո նոր փոխանցի այն աշակերտին, իսկ դրա համար ուսուցիչը նյութապես եւ սոցիալապես ապահով եւ վստահ պետք է զգա հասարակության մեջ»: Լ. Մկրտչյանը համոզված է, որ մինչեւ 2005 թ. կիրագործվի այն գաղափարը, որ վերջապես ունենանք գնահատման 1 չափանիշ, որպեսզի դպրոցից մինչեւ ասպիրանտուրա գնահատականը դրվի միեւնույն չափանիշով եւ նաեւ բուհական շեմը բերել-հասցնել դպրոցականին: Այսպես, օրինակ՝ աշակերտը հնարավորություն ունենա բուհի համար միավորներ հավաքել 5-րդ, 6-րդ դասարններից սկսած՝ քննությունների, հարցաշարերի միջոցով: Արծարծված ցավոտ հարցերից էին մեդալակիրներին տրվող արտոնությունները: Ճիշտ է, մեդալակիրը բարձրացնում է դպրոցի հեղինակությունը, բայց հենց իրենք՝ տնօրեններն էլ, նախարարն էլ համաձայն չեն, որ երեխաների մեջ անհավասարություն մտցվի: Այն դեպքում, երբ մեդալակիրը կարող է ընդունելության քննությունից ստանալ 8, 10 կամ 12 միավոր, երբ որոշ մասնագիտությունների գծով պետպատվերով տեղերը քիչ էին դիմող մեդալակիրների թվից, եւ լրացուցիչ տեղեր հատկացնելու խնդիր է առաջանում: Ծափերով ընդունվեց նախարարի այն առաջարկը, թե մեդալակրին մեդալի հետ դրամական պարգեւ տալ, բայց արտոնություն չտալ: Քննարկման կարիք ունի աշակերտին տրվող 160 ժամ բացակայելու իրավունքը, ինչին դեմ էր տնօրենների մեծամասնությունը, որովհետեւ կրկնուսույցների հետ պարապելով դպրոցում աշակերտը ինքնըստինքյան անցնում է հեռակա ուսուցման՝ այսպիսով անջրպետ ստեղծելով դպրոցի եւ բուհի միջեւ, մինչդեռ դպրոցը պետք է լինի բուհի սպասարկողը: Կարեւորվեցին նաեւ դպրոցներում առողջապահական ծառայությունների ապահովման (նշենք, որ անցյալ տարի 65 ուսուցիչ պետպատվերով վիրահատվել է), սեռական դաստիարակության, ինչպես նաեւ դպրոցները աղանդներից պաշտպանելու խնդիրները: Վերջինիս տարածման համար լուրջ հենարաններ կան. առաջին հերթին՝ ուսուցիչների սոցիալական վիճակը, նաեւ՝ դաստիարակության եւ ազգային արժեքների համակարգի չգոյությունը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել