Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Մոսկվան դարձրել են աղբանոց

Սեպտեմբեր 25,2002 00:00

Հայերը Մոսկվան դարձրել են աղբանոց Մոսկվայում հայերը չեն խուսափում շրջապատի համար սարսափ ներկայացնելուց: Ասենք, մետրոյի «Նոր Արբատ» կայարանում վագոն կմտնի կովկասյան սեւությամբ աչքի ընկնող մի երիտասարդ, հագնված վուլգար շքեղությամբ, սեւ ակնոցով եւ հատկապես չսափրված: Երեք բան է հուշում նրա հայությունը: Նախ, որ Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում թափված են նրա նմանները, երկրորդ, արեւային ակնոցով մտել է գետնից մի քանի տասնյակ մետր ներքեւ եւ երրորդ, վագոն մտնելիս սլացավ առաջին պատահած ռուս գեղեցկուհու ուղղությամբ: Ի վերջո, հայ էր, որովհետեւ ես նրան հարցրի. «Ախպեր, հա՞յ ես», իսկ նա հաստատեց: Մարդը կյանքից դժգոհեց եւ չթաքցրեց, որ ապրում է մայրաքաղաքի ռուսներին ճնշելով. «Ախպեր, հայ մարդու հետ գործ չբռնես, լրիվ քցող են»: Սա մոսկովյան հայերի առեւտրա-տնտեսական դեւիզն է միմյանց մասին: Մարդը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանում ժամանակին «երկու գործ է դրել», երկուսն էլ ավարտել է բանտ նստելով: Ի դեպ, նա խրտնեցրեց վագոնի ռուս գեղեցկուհուն եւ ոչ միայն նրան: Վագոնում հայ երիտասարդին մոտ նստած մի քանի ռուս կին անմիջապես վեր կացան իրենց տեղից եւ գերադասեցին կանգնել վագոնի մյուս ծայրում: Մոսկվայում չսափրված է հայ տղամարդկանց մեծ մասը, անձնագրային ռեժիմը նրանց չի վախեցնում: «Մեզ այստեղ սեւ քամակ են ասում»,- տեղեկացնում է Կարեն անունով մի երիտասարդ: Տվերսկոյ փողոցում մի քանի հայ հարբում էին մի ռուսի հետ, որից հետո վերջինիս ծեծեցին, երբ սա հրաժարվեց հերթական անգամ մուրացկանությամբ օղու փող հավաքել: Ընդ որում, ծեծելիս հայհոյում էին հայերեն: Օրը ցերեկով՝ փողոցում: Ի դեպ, այդ տարածքը զբոսավայրի կարգավիճակ ունի, որտեղ ծեծի պահին զբոսնում էին ռուս տատիկներ եւ մայրեր՝ իրենց թոռնիկների հետ: Ռուս մարդուն ծեծող հայերն ասում էին նաեւ անհայհոյանք նախադասություններ: «Բիճ,- հարվածելիս ասում էին մեր տղաները,- Հերեւանից հելել հասել ենք ստեղ, որ մեր փողո՞վ խմենք»: Պարզ է, առեւտրական տղաներ էին, որոնք համոզված էին, որ Ռուսաստանում խմում են բացառապես ռուս մարդու փողերով: Արժանապատվության հարց է: Ընդհանրապես Մոսկվայում հայի հանդիպելը վատ նշան է: Այն տպավորությունն ունես, որ նա հենց քեզ է ման գալիս «գլխիդ սարքելու» համար: Մոսկվացի հայերը ռուսներից չեն սովորել իրենց չվերաբերող մարդկանց հանդեպ անտարբեր լինելը: Մոսկվան անտարբերության մի հսկա կաթսա է: Հայ մարդը Մոսկվայում միայն քեզ է վերաբերում, քանզի նա քո խաղաղ գոյատեւման երաշխավորն է, ավելի ճիշտ, քանի որ նրանից սպասելի է ցանկացած «օյինբազություն», այդ պատճառով դու նույնպես հայտնվում ես անձնագրային ռեժիմ իրականացնող ոստիկանի թիրախում: Իմ անձնագիրն ստուգող այդպիսի մի ոստիկանի հարցրի. «Ես նմա՞ն եմ ռեցիդիվիստի»: Մինչեւ անձնագիրս բացելն ասաց. «Դու հայի ես նման»: Ավելի հետաքրքիրն այն էր, որ Կրեմլի հակառակ մասում գտնվող Ալեքսանդրեւյան այգում կանգնեցնում է Մոսկվայի ոստիկանությունում աշխատող հայ ոստիկանը եւ զզվելի բծախնդրությամբ ոչ միայն ստուգում է անձնագիրդ, այլեւ ասում. «Եկեք, եկեք էս քաղաքը բարդակ սարքեք, գնացեք, զզվըցրիք արդեն»: ԺՏՆՑ մետրոյի կայարանի մոտ գտնվող «Կոսմոս» հյուրանոցի դիմաց մի սրճարան կա: Մատուցողն իմ բախտից հայ էր: Նա դեմքիս անմիջապես որսաց իմ ազգային պատկանելությունը: Պատվիրեցի «Պեպսի-Կոլա» եւ ուտելիք: Հաշիվը բերելիս 20 ռուբլիանոց «Պեպսին» հաշվել էր 30-ով: Երբ նկատել տվի, առանց երկար մտածելու ասաց. «Ախպեր, շատ ես երկարացնում»: Մարդը մատուցող աշխատելով արդեն իրեն տեր էր զգում մի քաղաքում, որտեղ, ինչպես պարզեցի, վարձով էր ապրում: Մոսկվայում հայերը նաեւ իրենց ձեռքն են վերցրել փնթիություն առաջացնող ցանկացած զբաղմունք: Ընդհանրապես հայերը Մոսկվայում թողնում են մոխրամանից դուրս թափված մոխրի տպավորություն: Բնավ այնտեղ չեն, որտեղ պետք է: Կապանցիները եւ ղարաբաղցիներն իրենց ձեռքն են վերցրել մի շարք մետրոների կայարանների մերձակայքի բանջարեղենի վաճառքը: Օրվա ցանկացած ժամին իրենց շուրջը խոզանոց է, թեպետ, ինչպես իրենք են ասում, վճարում են ինչ-որ ռուս կանանց, որոնք օրվա վերջում մաքրում են տարածքները: Ասում են, որ ապրանքը Հայաստանից են բերում: Ի դեպ, հենց բանջարեղենի առեւտրի կետերում էլ նախկին մերոնք ձմռան համար «բանկա են փակում»: Հայերը բացել են նաեւ շաուրմայի եւ խորովածի կետեր: Հիմնականում դարձյալ մետրոյի կայարանների մուտքերի մոտ: Վաճառողներն ասում են, որ հեշտ են լեզու գտնում սանէպիդկայանի աշխատակիցների հետ: Մի խոսքով, հայ մարդու համար առեւտուրը ցանկացած բնակավայր դարձնում է Հայրենիք: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել