Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՏՆՎԻ՞ ՄԵԿ ՀՈԳԻ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ԿԳՏՆՎԻ՞ ՄԵԿ ՀՈԳԻ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որքան մոտենում են, իրարանցումն այնքան ավելի է խորանում։ Ըստ էության, ակնհայտ է դառնում նաեւ, որ որոշ անձինք այս կամ այն կուսակցության շարքերն են անցել զուտ շահադիտական նկատառումներով, ու երբ տվյալ կուսակցությունն օգնության ձեռք չի մեկնում, լքում են նավը։ Նման դեպքեր առաջինը գրանցվեցին իշխող ՀՀԿ-ի շարքերում։ Սակայն կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համաձայն չէ նման ձեւակերպմանը։ Պատասխանելով «Առավոտի» վերոհիշյալ եւ բազմաթիվ այլ հարցերի, Անդրանիկ Մարգարյանը մասնավորապես ասաց. «Այդպիսի ընդամենը մեկ-երկու դեպք է եղել, որից մեկը՝ Ղափանում։ Սովորական գործընթաց է, այն մարդիկ, ովքեր ակնկալում էին, որ կուսակցության մեջ մտնելով իրենց անձնական խնդիրները կլուծեն, եւ ոչ թե մեր ընդհանուր մոտեցումները պետք է պաշտպանեն, բնականաբար, պետք է հեռանան, եւ մենք էլ դեմ չենք»։ Դաշնակցությունը սկսել է հանդիպումների շարքը տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր որոշ կուսակցությունների հետ։ Սա չի՞ նշանակում, որ հանրապետականը մնում է մենակ. «Մենք մենակ չենք մնում, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ Դաշնակցության հետ ունի նորմալ, աշխատանքային հարաբերություններ։ Դա ցույց է տալիս ԱԺ-ում ՀՀԿ-ի համագործակցությունը բոլոր կուսակցությունների հետ։ Այդ բոլոր կուսակցությունները, եթե ցանկություն են ունենում կամ մենք ենք ցանկություն ունենում, հանդիպում ենք, առանց դրա մասին պաշտոնական հայտարարություններ անելու կամ հեռուստատեսությամբ երեւալու (արդյո՞ք սա ասելով՝ վարչապետը ՀՅԴ-ի բոստանը քար չի գցում.- Մ. Ե.)»։ Թեպետ համոզված ենք, որ «27»-ի ոճրագործի հայտարարությունն ինքնաառաջադրման մասին հարկավոր է արհամարհել, բայցեւայնպես ուզեցինք իմանալ Անդրանիկ Մարգարյանի վերաբերմունքը։ Այն հետեւյալն էր. «Բնականաբար՝ վատ, բայց, եթե նա օրենքով այդ իրավունքն ունի, իհարկե, իր խնդիրն է։ Իսկ եթե Հայաստանում մեկ հոգի կգտնվի, որ նրան թեկուզ ստորագրություն տա, ապա մենք մեր դիրքորոշումը, բարոյական՝ իհարկե, ցույց կտանք նաեւ այդ ստորագրությունը տվողներին։ Որովհետեւ ես այդ ստորագրողի եւ այդ տականքի գործողությունները կհամարեմ իրար հավասար»։ Շատ չե՞նք բարոյական դիրքորոշում ցույց տալիս, մինչդեռ իրականությունն այնքան հաճախ է անբարոյական։ Մեր այս միջանկյալ մտքին վարչապետն անմիջապես արձագանքեց. «Հարկ եղած դեպքում, երբ օրենքի որոշակի խախտում է լինում, անմիջապես թմբկահարում ենք, որ օրենքի խախտում տեղի ունեցավ։ Եթե դուք կարող եք իրավական օգնություն ցույց տալ մեզ, ասեք, թե Օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ ինչպե՞ս կարող ենք չգրանցել առայժմ չդատապարտված մարդուն, ապա ես լրիվ ձեզ հետ համաձայն կլինեմ»։ Չե՞ք գտնում, որ որպես «Հոկտեմբերի 27»-ի տուժող, անձամբ դուք պարտավոր եք ձեր անձնական վերաբերմունքն արտահայտել Նաիրի Հունանյանի ցինիկ հայտարարությանը։ Մեր այս հարցին գիտե՞ք ինչ պատասխանեց վարչապետը։ Ահա. «Ես ուղղակի նրան ձայն չեմ տա։ Եվ ես ասում եմ՝ նա տականք է, բարոյական իրավունք չուներ։ Ցավոք սրտի, իրավական դաշտում նա իրավունք ունի։ Մենք դժվար հասցնենք «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն մտցնել, որ կալանքի տակ գտնվող մարդիկ իրավունք չունենան առաջադրվել։ Արդեն մեր խնդիրն է, նա պետք է քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրություն հավաքի գրանցվելու համար։ Մենք պետք է կարողանանք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ոչ մեկը չստորագրի։ Եթե չստորագրվի, բնականաբար, չի գրանցվի։ Իսկ եթե մեր մեջ էլ կան այնքան տականքներ, որոնք համաձայն են թեկնածությունը դնելուն, ի՞նչ ասեմ, ուրեմն մեր որակը, մեր քաղաքացիական հասարակության որակը սա է»։ Ընտրություններից առաջ քրեական տարրերը, սովորաբար, ավելի են ակտիվանում, այս ընտրությունները եւս կարծես բացառություն չեն։ Սակայն վարչապետը, իր ասելով՝ նման ինֆորմացիա չունի. «Շատ հարաբերական է, այսինքն՝ ի՞նչ է նշանակում. քրեական տարրերն ի՞նչ են անում, առաջադրվո՞ւմ են… «Ընտրական օրենսգիրք» գոյություն ունի, կան որոշակի պայմաններ, եթե այդ պայմաններին բավարարում են, ապա հանձնաժողովները գրանցում են։ Արդեն ժողովրդից է կախված, ձեր ասած, քրեական տարրերին ձայն կտա՞ն, թե՞ ձայն չեն տա»։ Վարչապետը գտնում է, որ այսօր երկրում գործում է ժողովրդավարությունը, եւ վերն ասվածը դրա ապացույցն է, ըստ նրա։ Ընտրությունների ժամանակ որոշակի խաղի կանոնների պահպանմանը կողմ է նաեկ ՀՀԿ-ն, գրեթե ճիշտ այնպես, ինչպես ՀՅԴ-ն, սակայն, ի տարբերություն վերջինիս, ՀՀԿ-ն առայժմ չի անցնում կոնկրետ քայլերի։ Հետաքրքիր է, որ իշխանության թեւեր հանդիսացող երկու կուսակցություններն են առավել «անհանգիստ» խաղի կանոնների պահպանմամբ։ Արդյո՞ք սա չի արվում հետագայում իրենց կողմից կատարվելիք կեղծիքները քողարկելու կամ պաշտպանելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Անդրանիկ Մարգարյանը գուշակելով կարծում է, որ նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով. «Եվ կանցնի…»,- մեր այս կիսատ հարցին վարչապետը պատասխանեց՝ այո։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ոչ ոք չի անցնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել