Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնեկ բժիշկները քննարկում են

Հոկտեմբեր 19,2002 00:00

Առաջնեկ բժիշկները քննարկում են Այն բժիշկներն ու բուժքույրերը, որոնք առաջինն են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկան հիմնելու Հայաստանի չորս փորձարարական վայրերում, հոկտեմբերի 17-19-ը հավաքվել էին Ծաղկաձորում: «Դա կլինի բժիշկներին ուղղված շատ հատուկ համաժողով»,- մեկնաբանեց համաժողովի կազմակերպիչներից Նենսի Ֆիտչը: Վերջինս աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում (USAID/PADCO): Այն աջակցում է ՀՀ առողջապահության նախարարությանը Հայաստանի բուժծառայությունների, ֆինանսավորման բարեփոխման, համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման գործում: Ըստ ընտանեկան բժշկության փորձագետ տիկին Ֆիտչի, աշխատանքային հանդիպման նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել այն բժիշկների մտահոգությունները, որոնք իսկապես ռիսկի են դիմում՝ թողնելով սեփական աշխատատեղերը անկախ բժշկության խմբեր կազմելու համար: Դա նրանց ավելի շատ ինքնուրույնություն կբերի, այդ բժիշկներն այլեւս չեն լինի պետական աշխատողներ եւ որակյալ ծառայություններ իրականացնելու տեսանկյունից կհայտնվեն շատ ավելի մեծ ճնշման տակ: «Այդ նոր մոտեցումը,- մեկնաբանում է Նենսի Ֆիտչը,- ավելի շատ կենտրոնացած կլինի պացիենտի վրա, քանի որ միայն այն բժիշկները, ում կհաջողվի գրավել պացիենտներին իրենց խմբում ցուցակագրման համար, կստանան պետության ֆինանսավորումը տվյալ պացիենտի դիմաց»: Տիկին Ֆիտչը հուսով է, որ նման աշխատանքային հանդիպումների ընթացքում բժիշկները կմատնանշեն ընդհանուր մտահոգությունները եւ արդյունքում կձեւավորեն կառավարությանը ներկայացվելիք առաջարկությունները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին աշխատանքային հանդիպմանը, որտեղ բացման խոսքով հանդես եկան Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քիթ Սիմոնսը: Աշխատանքային հանդիպմանը մի քանի շաբաթ անց կհետեւի ամփոփիչ մեկ այլ հանդիպում, որին կմասնակցեն հիմնական գործառույթներ իրականացնող բոլոր կողմերը: Երկրորդ միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Էստոնիայից ժամանող ընտանեկան բժշկության փորձագետները, որոնք համարվում են ողջ Արեւելյան Եվրոպայում համանման բարեփոխումների առաջատարները: Այդ ընտանեկան բժիշկները պետք է ստանան ավելի լայնածավալ վերապատրաստում եւ կազմեն բժշկական անկախ խմբեր, որի արդյունքում պացիենտները ստիպված չեն լինի տարածված բժշկական խնդիրների համար դիմել բազմաթիվ նեղ մասնագետների: Ընտանեկան բժշկության ուսուցման հիմքում ընկած գաղափարախոսությունը շեշտադրում է տարածված բժշկական վիճակների բուժումը, հիվանդությունների կանխարգելումը եւ առողջության ամրապնդումը: Իր պացիենտներին անձնապես ճանաչելու շնորհիվ ընտանեկան բժիշկները կկարողանան պաթոլոգիաները բացահայտել հենց վաղ շրջանում, երբ բուժումը ե՛ւ հեշտ է, ե՛ւ քիչ ծախսատար: Պացիենտները կարիք չեն ունենա տարածված պաթոլոգիաների համար այցելել բազում տարբեր մասնագետների: Հիշյալ անկախ ԸԲԽ-երի կազմում կարող են լինել ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, թերապեւտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ եւ այլ նեղ մասնագետներ: Ինչեւէ, ուղղակի ֆինանսավորման իրավունք ստանալու համար յուրաքանչյուր անկախ խումբ պետք է բավարարի որոշակի որակավորումներ եւ պահանջներ, ինչպես, օրինակ՝ անցնի կլինիկական վերապատրաստում, հրաժարվի ոչ պաշտոնական վճարներ ընդունելուց, հետեւի որոշակի պետական առողջապահական տեղեկատվությանն ու վերապատրաստվի կառավարման ուղղությամբ: ԸԲԽ-ը պետք է բավարարի ընտանիքի բոլոր անդամների առաջնային բուժսպասարկման կարիքները՝ անկախ նրանց տարիքից եւ սեռից: Անկախ ԸԲԽ-երը կվարձատրվեն անմիջապես պետությունից այն յուրաքանչյուր պացիենտի դիմաց, որը կամավոր կցուցակագրվի տվյալ խմբում: Պացիենտները կարող են ընտրել ցանկացած համապատասխան բժշկի, սակայն միաժամանակ չեն կարող գրանցված լինել մեկից ավելի բժիշկների մոտ: Որպես խմբում մասնակցության պայման՝ տվյալ ԸԲԽ-երում ներգրավվող բժիշկներից ակնկալվում է գրավոր կերպով պարտավորվել հրաժարվելու բոլոր ոչ պաշտոնական վճարներից: Պացիենտները հնարավորություն կունենան բուժսպասարկման դիմաց վճարման կամ որակի վերաբերյալ բողոքները ներկայացնել Վերահսկող խորհրդին: Առաջին չորս փորձարարական վայրերում (Երեւանի թ. 17 պոլիկլինիկա, Էրեբունու բժշկական համալիր, ինչպես նաեւ Վանաձորի թիվ 1 եւ 4 պոլիկլինիկաներ) հաջող ներդրումից հետո նշյալ համակարգը կընդլայնվի: Այդ երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է հետագա 12 ամիսների ընթացքում: ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել