Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը Տոկիո չէ

Հոկտեմբեր 19,2002 00:00

Երեւանը Տոկիո չէ Կամ ճապոնացին զարմացած է հայերի զրուցասիրությամբ Մեր քաղաքում, մեր կողքին արտասահմանցիներ են ապրում, որոնք Հայաստանի պատմությունն են ուսումնասիրում եւ հետաքրքրվում հայկական մշակույթով։ Ազգությամբ ճապոնացի Տակայուկի Յոշիմուրան դրանցից մեկն է։ Իր կրթությունը Տակայուկին ստացել է հայրենիքում՝ Տոկիոյում, որտեղ ուսումնասիրել է լեզուներ, պատմություն, սոցիոլոգիա։ Նա գիտե 5 լեզու՝ այդ թվում նաեւ ռուսերեն եւ հայերեն։ Բուհն ավարտելուց հետո որոշ ժամանակ դասավանդել է Տոկիոյում։ Հետո սկզբում տարվել է Ռուսաստանի պատմությամբ, հետագայում հետաքրքրվել նախկին Խորհրդային Միության տարածքում բնակվող ազգություններով ու տարածքային միջէթնիկական բախումներով։ Նա իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես Ղարաբաղի վրա։ Յոշիմուրան շրջագայել է Հայաստանով մեկ, եղել է նաեւ Արեւմտյան Հայաստանում։ Երեւանի բուհերից մեկում ճապոներեն է դասավանդում, ինքն էլ հայոց լեզու է ուսումնասիրում եւ նմանություն է տեսնում հայերենի եւ ճապոներենի շարահյուսությունների միջեւ։ – Ճապոնացիներին հատուկ է հավասարակշիռ, հանգիստ վիճակը։ Շփման եզրեր գտնո՞ւմ եք զգացմունքային, աշխույժ հայերի հետ։ – Հայաստանում ապրելու տարիներին շատ է պատահել, որ փողոցում մարդիկ ինձ մոտենան եւ փորձեն զրույցի բռնվել։ Չնայած արտասանված բառերը շատ պարզ են, բայց ես հաճախ չեմ հասկանում նրանց միտքը։ Դրա պատճառն այն է, որ հայերը առանց եզրահանգումների կտրուկ փոխում են զրույցի նյութը։ Ճապոնիայում ամեն ոք զբաղված է իր գործով եւ ժամանակ չունի հետաքրքրվելու մյուսով։ Հայաստանում զգում ես ջերմություն, բարություն, ինձ հաճախ են հյուր կանչում։ Մի բան էլ եմ նկատել. շրջապատում, սեղանի շուրջ հայերը միաժամանակ են խոսում եւ ես ոչ մի կերպ չեմ կողմնորոշվում, թե որ մեկին պետք է պատասխանել։ Ճապոնիայում մենք մինչեւ վերջ լսում ենք մեր զրուցակցին։ Մեզ մոտ ավելի քչախոս են։ Վերջին շրջանում ճապոնացիներն էլ են զրուցասեր դարձել։ Զրուցասիրությունը «մեքենայի յուղի» նման բան է, լիցք է տալիս եւ միացնում մարդկանց, թույլ չի տալիս, որպեսզի նրանք տխրեն։ – Ժամանակակից Ճապոնիայում ավանդույթները, սովորույթները պահպանվո՞ւմ են, մշակույթում, կենցաղում նրանց նախապատվություն տրվո՞ւմ է։ – Մեծ քաղաքներում բացարձակ եվրոպացում է գնում։ Ճապոնական ավանդական արվեստը հետզհետե դուրս է մղվում, համարյա չի պահպանվում։ Երիտասարդությունը նախընտրում է եվրոպական, ամերիկյան մշակույթը, Հոլիվուդի ֆիլմերը, ռոք երաժշտությունը, ջազը։ Կենցաղում էլ նույն վիճակն է տիրում՝ օգտագործում են օտար կերակուր, ըմպելիքներ։ Ի դեպ, հաճույքով եմ խմում հայկական գարեջուրը։ Իմ ազգային խոհանոցն էլ եմ գնահատում։ Սիրելի ճաշատեսակներիցս մեկն է «սուշին»։ Դա եփած բրինձ է՝ քացախով, ուր հում ձուկը համեմված է սոյայի սոուսով։ – Շուտով դուք մեկնում եք հայրենիք։ Կրկին Հայաստան կգա՞ք։ – Ճապոնիայում ես պետք է դոկտորական դիսերտացիա պաշտպանեմ։ Ինձ ՆԷՊ-ի ժամանակաշրջանն է հետաքրքրում։ Գիտական աշխատանքիս մի գլուխը նվիրված է Սովետական Հայաստանին։ Հետազոտություններս շարունակելու դեպքում անպայման կրկին կգամ Հայաստան։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել