Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական բազմակարծությունը եւ

Հոկտեմբեր 26,2002 00:00

Աշխարհաքաղաքական բազմակարծությունը եւ Հարավային Կովկասի ապագան Կախա Կացիտաձե – Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Վրաստան) Եթե չեմ սխալվում, «աշխարհաքաղաքական բազմակարծություն» տերմինը շրջանառության մեջ դրեց Զբիգնեւ Բժեզինսկին: Նա նկատի ուներ մի վիճակ, երբ հետխորհրդային տարածքը չի բաժանվում ազդեցության ոլորտների, այլ դառնում է ազատ մրցակցության առարկա: Այդ մրցակցությունում յուրաքանչյուր սուբյեկտ զբաղեցնում է այն տեղը, որը կարող է զբաղեցնել, որը համապատասխանում է նրա հնարավորություններին: Ակնհայտ է, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս ազատ մրցակցության սկզբունքը, քանի որ ոչ ռեսուրսների, ոչ այլ չափանիշների տեսանկյունից նա չի կարող գրավել քիչ թե շատ էական տեղ: Հենց այդ պատճառով ռուս գաղափարախոսները աշխարհաքաղաքական բազմակարծությանը այլ բովանդակություն տվեցին: Ըստ նրանց՝ աշխարհաքաղաքական բազմակարծությունը միաժամանակ մի քանի կենտրոնների առկայությունն է: Արեւմուտքին հավասարազոր են համարվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ նույնիսկ Իրանը: «Բազմաբեւեռ աշխարհի» մասին դոկտրինի համաձայն ի վերջո այն կվերափոխվի երկբեւեռ աշխարհի: Մի կողմից կլինի Արեւմուտքը, մյուսից՝ թվարկված երկրները, իհարկե Ռուսաստանի ղեկավարությամբ: Աշխարհաքաղաքական բազմակարծության ռուսական տարբերակն ունի եւս մեկ բավական կարեւոր առանձնահատկություն: Դա այն է, որ բեւեռները պետք է ունենան իրենց ազդեցության ոլորտները: Յուրաքանչյուրը որոշ տարածքներում կարող է անել այն ամենը, ինչ կցանկանա: Իր համար Ռուսաստանը պահանջում էր ԱՊՀ-ն եւ որոշ չափով Բալկանները, մեծահոգաբար Արեւմուտքին զիջում էր Լատինական Ամերիկան եւ Աֆրիկան: Հավանաբար բոլոր նրանք, ովքեր ծրագրավորում են ռուսաստանյան քաղաքականությունը, գիտեին, որ երկիրը չի կարող անընդհատ օգտվել Արեւմուտքի օգնությունից, պահպանել իր ազդեցությունը, նպաստել հակամարտությունների բռնկումներին: Այդ հակամարտությունների զարգացման որոշակի փուլում բախման գրեթե բոլոր գոտիներ են մտցվում ռուսաստանյան խաղաղարար ուժերը: Նրանք մնում են անորոշ ժամանակով, ընդ որում՝ այդ ընթացքում հակամարտությունը ոչ մի կերպ չի լուծվում, նույնպես կոնսերվացվում է անորոշ ժամանակով: Խիստ կասկածում եմ, թե նման սցենարը որեւէ օգուտ կբերի Ռուսաստանին: Սակայն, սա քիչ է հուզում մոսկովյան ղեկավարներին: Նրանց համար գլխավորը տարածաշրջանում արեւմտյան ազդեցության բացառումն է, այդ տարածքները արեւմտյան կապիտալի ներթափանցմանը խոչընդոտելն է: Տարածքներ, որոնք իրենց սեփական կալվածքներն էին համարում: Սակայն միջազգային հարաբերությունները չեն որոշարկվում միայն ինչ-որ մեկի ցանկություններով: Պակաս կարեւոր չեն նաեւ օբյեկտիվ չափանիշները: Ըստ դրանց՝ ավելի զգալի է դառնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ճեղքը, այդ ճեղքն ազդում է նաեւ Կովկասում միջազգային հարաբերությունների բնույթի վրա: 2002 թվականին կավարտվի բալկանյան եւ մերձբալթյան պետությունների ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, իսկ Թուրքիան ռեալ քայլեր կանի Եվրամիությանն անդամագրվելու ուղղությամբ: Սրա հետեւանքով Կովկասն անմիջականորեն սահման կունենա Արեւմուտքի հետ: Ընդամենը մի քանի տարի առաջ վերլուծաբանները Կովկասը եվրոպական ծայրամաս էլ չէին համարում (այդպիսի կարգավիճակ ունեին Բալկանները): Այսօր, երբ Եվրոպայի հետ Բալկանների ինտեգրման համար մշակված է Մարշալի ծրագիրը հիշեցնող մի բան, Կովկասը ստանում է Եվրոպայի գոնե ծայրամասի կարգավիճակը: Կհասնի՞ արդյոք ավելիին, կախված է տարածաշրջանի քաղաքական գործիչներից: Մյուս կողմից չարժե իդեալականացնել Արեւմուտքը եւ բացատրել նրա կովկասյան քաղաքականությունը ալտրուիզմով (մարդասիրությամբ): Արեւմուտքը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ: Կովկասյան հակամարտությունները հղի են փախստականների հսկա զանգվածների, այդ թվում նաեւ դեպի արեւմտյան երկրներ, տեղաշարժերով: Բացի այդ, կայուն Կովկասով կարող են անցնել միջազգային բազում հաղորդակցություններ, որոնք Եվրոպայի հյուսիսային հարուստ երկրները կկապեն Կենտրոնական Ասիայի, Խաղաղ օվկիանոսի պետություններին՝ Հնդկական օվկիանոսի երկրների հետ: Այս ծրագրերը Ռուսաստանին իրական ոչ մի վնաս հասցնել չեն կարող, իսկ օգուտը, այդ թվում նաեւ Ռուսաստանի համար, կլինի զգալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել