Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 01,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Մեր երկրում բավականին ուշացումով սկսեցին հիվանդությունների բուժումն ընկալել իբրեւ արտադրություն։ Տարիներ շարունակ համառորեն փորձեր էին արվում ԽՍՀՄ առողջապահական համակարգը շուկայական հարաբերություններին հարմարեցնել։ Այստեղ էր, որ համակարգը բռնեց անկման ճանապարհը։ Մինչդեռ, հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն այսօր էլ չկա. ընդամենը պետք է բժշկական ապահովագրության համակարգը ներմուծել, երբ առողջը վճարում է հիվանդի համար, հարուստը՝ աղքատի։ Խնդիրը, որն այսօր արդիական է՝ ինչպիսի՞ համակարգ ներմուծել։ Աշխարհում ընդհանրապես գոյություն ունեն երեքը՝ պետական (հիմնականում հարուստ երկրներում), մասնավոր եւ խառը (զարգացող եւ աղքատ երկրներում)։ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը, երեկ հրավիրած կլոր սեղանի արդյունքում, նպատակ ուներ հարցին մեր երկրի համար առավել նախընտրելի լուծում առաջարկել։ Պարզվեց, որ, ինչպես միշտ, մեր կառավարությունն ընտրել էր վատթարագույն՝ «անունը կա՝ ամանում չկա» տարբերակը։ Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է եւ նոյեմբեր ամսին կառավարությունում քննարկումների փուլ կանցնի «Բժշկական պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Այն վերցված է Իռլանդիայի փորձից։ Այդ երկրում, ի դեպ, մեկ բնակչին տարեկան 2000 դոլարի բուժսպասարկում է նախատեսվում։ Նախագծի հեղինակ Հովիկ Մարգարյանը «զբաղվածության» պատճառով հանդիպմանը ներկա չէր, ուստի այն ընթացավ միակողմանի մթնոլորտում։ Սակայն նախագծի պատմության ողջ զավեշտն այն է, որ անգամ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունը պատիվ չի ունեցել նախագծին համահեղինակ լինելու։ Մինչդեռ նույն կառավարության հայեցակարգով պետք է ապահովվեր բոլոր (այդ թվում նաեւ գործող եւ փորձ ունեցող մասնավոր ապահովագրական ընկերությունների) շահագրգիռ կողմերի մասնակցությունը։ Այդ առթիվ ֆիննախի ապահովագրական տեսչության պետի տեղակալ Աշոտ Հայրապետյանը հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Եթե ՀՀ-ում ապահովագրության ոլորտում որեւէ քայլ իրականացվում է, ապա դա պետք է կատարվի արդեն գործող ապահովագրական համակարգի շրջանակներում (ըստ կառավարության որոշումների- Ն. Գ.)։ Այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են առողջապահության նախարարության կողմից՝ դուրս են այդ մոտեցումից»։ Իսկ նախարարության՝ ի դեմս տեսչության, կարծիքն իբրեւ վերահսկող մարմին, այսպիսին է. «Ապահովագրական համակարգը բավականին կայացած է։ Եվ փորձը ցույց է տալիս, որ իրականում այսօր շուկան ունակ է մասնավոր հիմունքներով բժշկական ապահովագրություն իրականացնելու։ Բայց եթե կառավարությունը կարծում է, թե անհրաժեշտ է ՀՀ-ում անպայմանորեն ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն՝ մենք գտնում ենք, որ դա պետք է իրականացվի գործող ապահովագրական համակարգում, ապահովագրական ընկերությունների միջոցով»։ «Էրմեդ» բժշկական ապահովագրական ընկերության նախագահ Տիգրան Խաչատրյանի համոզմամբ, այս փուլում՝ մեր երկրի բյուջետային սուղ միջոցների պարագայում, առավել նպատակահարմար է մասնավոր հիմունքներով ապահովագրության ներմուծումը, որը մրցակցություն ապահովելով՝ կհանգեցնի առավել արդյունավետության։ «Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ հիմնադրամը (պետական ապարատը, որը նախագծով նախատեսվում է ստեղծել- Ն. Գ.) շահագրգռություն կունենա տվյալ հիվանդի բուժման եւ սպասարկման որակի համար»,- գտնում է Տ. Խաչատրյանը։ Բացի այդ, «ապահովագրական գումարները բուժհիմնարկներին տրամադրվելու են պետբյուջեից։ Մարդը կգնա եւ նրան կասեն, որ, այո՛, դուք ապահովագրված եք, սակայն գումարներն ուշանում են եւ մենք ոչնչով չենք կարող ձեզ օգնել»։ Իսկ, թերեւս ամենակարեւորը, նախագծում գնային չափանիշներ չկան (թե որ հիվանդությունն ինչ գումարի չափով է ապահովագրված). «Պետությունն իր վրա ռիսկ է վերցնում, առանց դրա գնահատականի։ Ո՞ւմ եւ ի՞նչ բողոքի քաղաքացին, երբ նրան բուժօգնություն չտրամադրվի»։ Պարոն Խաչատրյանի իրատեսական համոզմամբ, պետք է նաեւ շուկայական գների ռեալ գնահատում կատարել. «Ինչպե՞ս բարձրորակ վիրաբույժին ստիպես աշխատել 30 դոլարով՝ առանց «շնորհակալության»։ Մի խոսքով, մասնագետների կարծիքով, կառավարության հերթական նախագիծն ի սկզբանե դատապարտված է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել