Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Նոյեմբեր 01,2002 00:00

ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ Պետք է արագացնել Քրեական օրենսգրքի ընդունման գործընթացը Արթուր Ղամբարյան- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող – Ծանո՞թ եք Քրեական օրենսգրքի նոր նախագծին, եթե այո, այն ի՞նչ առավելություններ ունի գործող օրենսգրքի նկատմամբ։ – Ծանոթ եմ։ Առավելությունները նկատելի են ինչպես պատժի համակարգի, հանցակազմերի, այնպես էլ կառուցվածքային տեսանկյունից։ Վերջինը ակնհայտ է Հատուկ մասում, որտեղ բաժինները տեղաբաշխված են ըստ օբյեկտների։ Եթե գործող Քրեական օրենսգրքում առաջնահերթ ուշադրության են արժանացել պետական իշխանության, նրանց քրեաիրավական պաշտպանության հետ կապված խնդիրները, ապա նախագծում կարեւորվում են մարդու կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի եւ արժանապատվության եւ այլնի դեմ ուղղված հանցագործությունները։ Տեղին է նշել, որ Քրեական նոր օրենսգիրքն ընդունվում է մեծ ուշացումով՝ այն իմաստով, որ մեր հանրապետությունում 1999-ից գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրք, բայց դեռեւս չկա քրեական նոր օրենսգիրք։ Սա ամբողջովին հակասում է ռոմանագերմանական իրավական համակարգին։ Ռուսաստանում, օրինակ, 1996 թվականին գործածության մեջ մտավ Քրեական նոր օրենսգիրքը եւ միայն 2002թ. ընդունվեց Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։ Կարծում եմ, պետք է հնարավորինս արագացնել Քրեական օրենսգրքի նախագիծն ընդունելու գործընթացը։ – Ձեր կարծիքով, նախագծում կա՞ն կետեր, որոնք, այսպես ասած, մանեւրելու հնարավորություն են տալիս դատական համակարգի աշխատողներին։ – Որոշ պաշտոնատար անձանց կողմից առաջարկություն է եղել պատժաչափերի հստակեցումներ կատարել՝ օգտվելով Իտալական քրեական օրենսգրքի մոդելից, վերացնել հարաբերական որոշ սանկցիաներ։ Հայտնի է, որ գործող Քրեական օրենսգրքով կիրառվում են պատժաչափի նվազագույնից առավելագույնը՝ կապված տվյալ փաստական հանգամանքների հետ։ Սա, անշուշտ, մանեւրելու հնարավորություն տալիս է։ – Իրավական թեմաներով ի՞նչ հանդեսներ եք կարդում, ո՞րն եք առավել գերադասում։ – «Օրենք եւ իրականություն», «Պետություն եւ իրավունք», «Ռոսիյսկայա յուստիցիյա»։ Գերադասում եմ վերջինը։ – Հետաքրքրվո՞ւմ եք «աղմկահարույց» դատավարություններով։ – Այո։ Հետաքրքրվում եմ ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական առումով, զբաղվում եմ քաղաքականությամբ։ Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել