Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդությունը նաեւ կօգտագործվի

Նոյեմբեր 01,2002 00:00

Երիտասարդությունը նաեւ կօգտագործվի Հոգեբանական ի՞նչ խնդիրներ ունի լուծելու այսօրվա երիտասարդությունը, կարողանո՞ւմ է արդյոք օբյեկտիվ գնահատել հասարակական, ներքաղաքական իրավիճակը, պատրա՞ստ է առաջատարի դեր ստանձնել հասարակական ոլորտում եւ գնալ ընտրությունների, ի՞նչը կարող է նրան այսօր լիցքավորել: Այս հարցերի շուրջ իր պարզաբանումներն է տալիս ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Սեյրան Ամիրյանը: «Այսօրվա մեր երիտասարդությունն ըստ իս մեծ առաջընթաց է ապրում իր բանականությամբ, համարձակությամբ, հայրենասիրությամբ, ոգեւորությամբ: Մենք նրանցից ինչ-որ տեղ նույնիսկ սովորում ենք բարոյական այդ հատկությունները: Սակայն ինձ համար այսօր մեծ ցավ է, որ շատ տաղանդավոր երիտասարդներ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, որովհետեւ վճարունակ չեն: Սա մեզ համար առանցքային հարց է: Վաղվա մեր օրը կապված է երիտասարդության հետ, եւ իշխանությունները պետք է դա լավ գիտակցեն: Շատ ուրիշ խնդիրների կողքին այսօրվա երիտասարդությունն ունի մի շատ լուրջ պրոբլեմ՝ նրա ձայնը լսելի չէ: Այս բարդ ու հակասական անցումային շրջանում երիտասարդների շատ առաջադեմ գաղափարներ, որոնք կարող էին բախտորոշ նշանակություն ունենալ իրավական, ժողովրդավարական պետության կայացման գործում, անհասանելի են մնում մեր պետական այրերին: Երիտասարդներին պետք է տրվեն իրենց գաղափարներն ազատ ու համարձակ արտահայտելու բոլոր հնարավորությունները, պետք է նրանց ակտիվորեն ներգրավել երկրի կառուցման գործին: Այնինչ իշխանավորները վախենում են երիտասարդների հետ շփումներից, նրանց արդարացի քննադատությունից: Այս ամենն արդյո՞ք հիմք չի տալիս մտածելու, որ մենք դեռ շատ հեռու ենք դեմոկրատական երկիր կոչվելուց: Երիտասարդությունն այսօր ոչ միայն հասկանում եւ օբյեկտիվ գնահատում է, այլեւ տեսնում է իրավիճակը շտկելու, դրանից դուրս գալու հնարավոր ուղիներ: Նրան պարզապես պետք է լսել ու վստահել: Նրանք գիտակցում են ընտրությունների կարեւորությունը: Այլ հարց է, թե հավատո՞վ են գնում: Ցավով պիտի նշեմ, որ դեռեւս չունենք լիդերներ, որոնց հետեւից երիտասարդությունը կարող է գնալ: Այսօր ընտրություններն ունեւոր մարդկանց համար մի տեսակ շոուի են վերածվել: Լավ կլիներ, որ ընտրվողը հանդիպեր երիտասարդության հետ, ներկայացներ իր ծրագրերը, վստահություն ներշնչեր, որպեսզի երիտասարդը հավատով գնար ընտրության: Եթե համեմատելու լինենք սրանից 30 տարի առաջվա եւ այժմյան հայ երիտասարդության բարոյական նկարագրերը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այսօր գիտելիքներ ստանալու իր ձգտմամբ, հոգեւոր արժեքների տեղի ու դերի ճիշտ գնահատմամբ, հայրենասիրությամբ եւ շատ ուրիշ դրական հատկանիշներով երիտասարդությունը ոչ միայն չի զիջում, այլեւ մի քայլ առաջ է անցել: Նա իրավամբ մեր հասարակության առաջատարն է, պարզապես նրան պետք է իր մտավոր ներուժը նպատակային օգտագործելու ուղղվածություն տալ: Մենք փոքր պետություն, բայց հին ժողովուրդ ենք: Այսօր ուղղակի պարտավոր ենք պահպանել բարոյական որոշ չափանիշներ եւ նորմեր, որոնք մեզ համար համընդհանուր, համամարդկային արժեքներ են: Ցավոք, պիտի նշեմ նաեւ, որ այդ արժեքների պահպանման եւ զարգացման գործով չեն զբաղվում ո՛չ հեռուստատեսությունը, ո՛չ ռադիոն եւ ո՛չ էլ ինֆորմացիայի մյուս աղբյուրները: Այսօր երիտասարդությունը շատ կարդում, շատ երաժշտություն է լսում, ակտիվ մասնակցում համալսարանում եւ այլուր կազմակերպվող մշակութային միջոցառումներին: Այսօրվա հայ երիտասարդն իր էությամբ շատ հայեցի է, շատ հայրենասեր: Երբեմն ինքնուրույն է հարթում դժվարին իր ճանապարհը, իսկ մենք՝ մեծերս, ուղղակի պարտավոր ենք հոգատար եւ ուշադիր լինել մեր հրաշալի երիտասարդ սերնդի նկատմամբ»: Շ. ՍԱՀԱԿՅԱՆ Փաստորեն, բացի հոգեբաններից, երիտասարդներին ճիշտ հասկանում եւ գնահատում է նաեւ ՀՀ նախագահը: Ավելին, ի տարբերություն հոգեբանների, նախագահը պատրաստվում է նաեւ օգտագործել նրանց: Խոսքը վերաբերում է վերջերս նրա արած այն հայտարարությանը, թե «Գալիք ընտրություններում երիտասարդների հետ կապված իմ հաշվարկները շատ լուրջ են»: Հիշեցնենք, որ 98-ի նախագահական ընտրություններում եւս երիտասարդությունը մեծ դերակատարություն է ունեցել Քոչարյանի նախընտրական շտաբում: Չմոռանանք նաեւ, որ ԿԳ համակարգում նմանատիպ միջոցառումներին ուսանողության ներգրավմանը բացասաբար են վերաբերվում, քանի որ դա մեծապես ազդում է ուսումնական պրոցեսի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել