Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԳԵՐԻՆ

Նոյեմբեր 01,2002 00:00

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԳԵՐԻՆ Երգչուհի Արաքս Մանսուրյանը շատ է ուզում վերադառնալ հայրենիք, բայց առայժմ չի կարող՝ ճակատագիրը թույլ չի տալիս։ Դեռ հարց է, այդ «ֆատալի՞զմը» նրան ուղղորդեց Ավստրալիա, թե՝ ոչ, բայց ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանի վկայությամբ (նա մեկ տարի առաջ հանդիպել է Ա. Մանսուրյանի մենեջերի հետ), «Արաքսը հոյակապ անուն ունի այնտեղ, թեպետ հայկական լոբբինգ չկա, Արաքսին «բրթող» էլ չկա»։ Նաեւ՝ «թեպետ նա մեծ տարիքում գնաց, բայց «Ավստրալիա» օպերային թատրոնում նրան բարդագույն պարտիաներն են առաջարկվում»։ Տիկին Արաքսին մեզ մոտ էլ շատ սիրում ու գնահատում էին, հատկապես՝ կամերային երգարվեստում, բայց, դարձյալ ըստ պրն Բաբայանի՝ «մեր շուկան փոքր է բոլորի համար»։ Ու թող չնեղանան Տիգրան Լեւոնյանն ու Գեղամ Գրիգորյանը (Օպերային թատրոնի հին ու նոր ղեկավարները), բայց «Արաքսի պես մարդկանց մենք չէինք կորցնի, եթե ունենայինք ու ունենանք պրոֆեսիոնալ մակարդակի բեմ»։ Հայաստանից հեռու անցկացրած 8 տարիների ընթացքում տիկին Մանսուրյանն ընդամենը 2 անգամ է համերգ ունեցել հայրենիքում, ավելի ճիշտ՝ երկրորդը կկայանա մի քանի օրից։ Երգչուհին, ի դեպ, ցավում է, որ իր հետ պայմանավորված է ընդամենը մեկ համերգ, իսկ «պայմանավորվող» Ն. Բաբայանը մշուշոտ նշեց. «Տեսնենք՝ ինչպես կստացվի»։ Անշուշտ, անբեմ մնացած Երեւանում միակ «բեմատեր» Պարոնյանի թատրոնը խիստ ծանրաբեռնված է, այդ հարցի լուծումն էլ երբեմն հերոսական խնդիր է։ Արաքս Մանսուրյանը զարմանում է, որ իրեն ընդունում են որպես կամերային երգչուհի, թեպետ ինքն ավելի շուտ օպերային է։ «Պարզապես ես սիրում եմ կամերային երգի գույները ու շատ սիրով եմ կատարում դրանք»,- պատճառաբանեց նա։ Պարզվում է, տիկին Արաքսն առաջին հայ վոկալիստն է Սիդնեյում, ու «ես դժվար հարմարվեցի՝ լեզու չգիտեի, մարդ չգիտեի, իմ միակ կապը երաժշտության լեզուն էր։ Բայց Սիդնեյի թատրոնը մեր թատրոնը չէ, ու եթե այստեղ «Տրուբադուրը» (կամ այլ օպերաներ) ձայնասկավառակից են լսում ու սովորում բառերը, այնտեղ բոլոր լեզուներն ուսուցանող մասնագետներ կան, սովորեցնողներ կան»։ Նա հիշեց նաեւ, որ իր առաջին համերգում իրեն թույլ չեն տվել երգել հայերեն, բայց հետագա բոլոր մենահամերգների երկրորդ մասն այդուհետ կազմվել է հայերեն երգերից։ «Ինչո՞վ է տարբերվում «Ավստրալիա» օպերային թատրոնը ներքին խոհանոցի ու փոխհարաբերություների առումով»՝ հարցրինք ու ստացանք «նույնն է» պատասխանը, այսինքն՝ «նույն ասեկոսեները, չարախնդությունը, նախանձը, բայց ես ձգտում եմ չնկատել, չխառնվել, աշխատել իմ պրոֆեսիոնալիզմի զարգացման վրա, ու եթե խնդիր է առաջանում՝ հաղթել իմ տաղանդով»,- ավելացրեց երգչուհին։ Հանդիսատեսն էլ այնտեղ «մի բարի պտուղ չէ»՝ ներողամտություն որ՝ հաստատ չունեն։ Իր երկու աղջիկներից նա առանձնացրեց Շուշանին (Շուշան Պետրոսյան). «Նա առանց սովորելու կարողացավ դառնալ սիրված երգչուհի՝ դա ամենամեծ տաղանդն է, նա հոգու երգիչ է, զուր չէ, որ փոքրուց եղել է իմ ամենամեծ քննադատը»։ Չնայած իր զբաղվածությանը (նաեւ՝ մասնավոր աշակերտներ ունի), Արաքս Մանսուրյանը հույս ունի, որ իրեն կհրավիրեն կրկին երգելու «Անուշ», եթե, իհարկե, Գեղամ Գրիգորյանն անդրադառնա «Անուշի» հին տարբերակին, այսինքն՝ նորն ընդունելի չէ։ Նաեւ մի դիտարկում. «հաջողություններս ինձ ուրախացնում են ոչ որպես իմ, այլ՝ հայի հաջողություն»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել