Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ բաժին կհասնի ՀԱՈՒ-ն

Նոյեմբեր 14,2002 00:00

Ո՞ւմ բաժին կհասնի ՀԱՈՒ-ն Մինչեւ տարեվերջ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության ճակատագիրը կորոշվի։ Երեկ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այդ մասին տեղեկացրեց Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը։ Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի վերջին արդեն կհայտարարվի ՀԱՈՒ-ն կառավարման հանձնելու մրցույթը։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՀԱՈՒ-ն կառավարելու իրենց հավակնությունների մասին հայտարարել են «Հայկական միջազգային ավիաուղիներ» եւ «Սիբիրավիա» ընկերությունները։ Մրցույթի պարտադիր պայմաններից են լինելու ՀԱՈՒ-ի կրեդիտորական պարտքի (մոտ 27 մլն) մարումը եւ օդանավերի ու սպասարկման ժամանակակից պահանջների ապահովումը։ Ի դեպ, ըստ ՔԱԳՎ պետի, կան անգլիական եւ ԱՊՀ այլ ավիաընկերություններ, որոնք եւս հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՈՒ-ի նկատմամբ։ Իսկ լրագրողների հետ հանդիպման առիթը՝ «Սիբիրավիա» եւ «Արմավիա» ընկերությունների, այսպես կոչված, միացումն էր՝ մի շարք կոմերցիոն համաձայնագրերի հիման վրա. «ինտերլայն», «կոդ-շերինգ» (որոշ օդային ուղիների համատեղ շահագործման) եւ այլն։ Ընդ որում, «Սիբիրավիան» այս համաձայնության արդյունքում դառնում է «Արմավիայի» գլխավոր գործակալը՝ օգտագործելով վաճառքի սեփական եւ «Արմավիայի» գոյություն ունեցող ցանցը։ Ասուլիսին ներկա պաշտոնատար անձինք, բնականաբար, չէին կարող զերծ մնալ իրենց եւ ալյանսը գովելու գայթակղությունից, սեփական անձն ու գործունեությունը հնարավորինս միակն ու անկրկնելին ներկայացնելու հաճույքից։ Եվ, այնուամենայնիվ, դարձյալ լրագրողների հարցին ի պատասխան, «Արմավիա» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Բաղդասարովը խոսելով սակագնային քաղաքականությունից, կարծիք հայտնեց. «Սակագները վերանայել կարելի է, բայց դա միայն «Սիբիրից» կախված չէ։ Անգամ ծախսերի ներկայիս պարագայում հնարավոր է տոմսերի արժեքն իջեցնել։ Բայց եթե «Սիբիրն» այդ քայլին գնա՝ ՀԱՈՒ-ն չի կարող թռչել, «Շերեմետեւոն» կվրդովվի… Դրա համար դա փոխհամաձայնեցված պետք է արվի»։ Ու շատ էլ տեղին պարոն Բաղդասարովի միտքն ընկավ հակամենաշնորհային հանձնաժողովը, որը «պետք է ակտիվ լինի եւ արգելք հանդիսանա բարձրացնելու պարագայում»։ Եվ հանրապետության առաջին դեմքերի հովանավորությունը վայելող ու այդ հովանավորությամբ բավականին շահավետ ոլորտներում մենաշնորհ ունեցող մագնատը վրդովվեց. «Մինչդեռ մեզ մոտ կան պայմանագրեր, համաձայն որոնց՝ տոմսի արժեքն իջեցնել չի կարելի,- ապա, անմիջապես էլ երկմտեց,- մի կողմից ճիշտ չէ, բայց մյուս կողմից ավիացիան փխրուն երեւույթ է. շատերը կարծում են, թե այն եկամտաբեր է, բայց ողջ աշխարհում միայն չորս ավիաընկերություն է շահույթով աշխատում»։ Այնուհետեւ հարգարժան պարոնն ըստ ամենայնի փորձեց ապացուցել, թե ինչպես են իրենք սեփական շահույթը «զոհում», ջանքն ու եռանդն էլ հետը՝ հանուն ժողովրդի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել