Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերի մարում

Նոյեմբեր 15,2002 00:00

Պարտքերի մարում 1981թ. տվյալներով, նախկին Շամշադինի շրջանը համարվել է զարգացող արդյունաբերությամբ գյուղատնտեսական շրջան, որի համախառն արդյունքի 51 տոկոսը բաժին է ընկել արդյունաբերությանը։ Այդ թվականներին շրջանում գործում էր 10 արդյունաբերական ձեռնարկություն։ Ներկայումս Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, չհաշված վերջին տարիներին գործարկված, պարապուրդներով աշխատող եւ ներկայումս սեփականաշնորհման փուլում գտնվող ադամանդի գործարանը, 35 աշխատատեղով, ուրիշ գործող արդյունաբերական ձեռնարկություն չկա։ Եվ դա իր հիմքերն ունի, քանի որ առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պայմաններ։ Օբյեկտիվի շարքում հարկ է նշել, որ գործարանները հին են, մոտ կեսդարյա պատմություն ունեն, սարքավորումներն այսօրվա պահանջներին համապատասխան արտադրանք չեն ապահովում, մոդեռնիզացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ, ինչը, բնականաբար, չկա։ Օրինակ, Բերդի Ռելեի գործարանը ռելեներ էր արտադրում ավտոմատ հեռախոսային ցանցերի համար, որոնք մեծ պահանջարկ ունեին նախկին ԽՍՀՄ տարածքում։ Երբ գործածության մեջ մտան էլեկտրոնային սարքերը, բարոյապես հնացած ռելեները հայտնվեցին «խաղից դուրս» եւ, բնականաբար, գործարանը պետք է փակվեր։ Ինչպես տեղեկացանք ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանից, այս տարի Երեւանի ոսկերչական գործարանը պայմանագիր է կնքել, համաձայն որի, առաջիկայում Ռելեի գործարանում կստեղծվի ոսկյա շղթաների հավաքման արտադրամաս։ Նշենք, որ տարածաշրջանի բոլոր գործարանները սեփականաշնորհված են եւ, ըստ պատգամավորի, հին աշխատաոճի տնօրենները, նախկինում աշխատելով պետպատվերով, ներկա պայմաններում չեն կարողանում աշխատանքները ճիշտ կազմակերպել, ապահովել հումք, լուծել իրացման խնդիրները, ապահովել շուկայի համար մրցունակ որակ։ Ուստի, թեեւ ժամանակին վարկ է տրամադրվել թե՛ պահածոների, թե՛ գինու գործարաններին, այնուամենայնիվ, վերջիններս չկարողանալով լուծել իրացման խնդիրները, հայտնվել են սնանկացման եզրին։ Այսօր պահածոների գործարանի պարտքը պետությանը անցնում է 100 հազար դոլարի սահմանագիծը, որից միայն 70 հազարը վարկի գումարն է, իսկ Այգեպարի գինու գործարանինը կազմում է շուրջ 700 հազար դոլար։ Սա դեռ քիչ է, տնօրինությունը 1998թ. գյուղացիներից մթերել էր 120 հազար դոլար ընդհանուր արժողությամբ խաղող, բայց գումարը «մոռացել» է վճարել։ Այժմ գործարանի կառավարումը ստանձնել է խոշոր պարտատերերից մեկը, որն ամեն կերպ աշխատում է ոտքի կանգնեցնել ձեռնարկությունը։ Կառավարությունը միջնորդություն է ստացել բյուջեի նկատմամբ գործարանի պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգելու մասին։ Դրա շնորհիվ տնօրինությունը հասել է նրան, որ ոչ միայն այս տարի մթերած խաղողի արժեքն է վճարել տեղում, այլեւ աշխատում է փակել նախորդ տարիների մթերումից կուտակված պարտքերը։ Օրերս Չինարի գյուղում բաժանվեց 5 մլն դրամ՝ խաղող հանձնած 104 տնտեսությունների ստանալիք գումարի 50 տոկոսը։ Դրան հաջորդեց Պառավաքարում բաժանված 15 հազար դոլարը։ Ինչպես հավաստիացրեց պատգամավորը, մի քանի օրից կբաժանվի Չորաթանի բնակիչներին հասանելիք գումարի կեսը եւ գործընթացը շարունակվելու է մինչեւ պարտքի վերջնական մարումը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930