Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի տագնապները

Նոյեմբեր 16,2002 00:00

Հոկտեմբերի տագնապները «Առավոտի» հոկտեմբեր ամսվա նամակները դարձյալ քիչ չէին։ Թվով 29 նամակներից 4-ը քրեակատարողական հիմնարկներից էր՝ դատապարտյալներից, 3-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներից, որոնք արձագանքել էին հոկտեմբերի 3-ի «Պատահական կապի հետեւանքները» հրապարակմանը, 18-ը՝ շրջաններից, որոնք դատարաններից եւ իրավապահ մարմիններից «վառված»՝ մայրաքաղաքային «ջերմություն» էին հայցում։ 4 նամակագիր «ճակատ» էր բացել օրենքի եւ օրենսդիրների առաջ։ Որեւէ չինովնիկ հարկ չհամարեց արձագանքել հոկտեմբերի հրապարակումներից որեւէ մեկին, որեւէ չինովնիկ չէր առարկել, պատասխան խոսքի իրավունքից չէր օգտվել, հերքում չէր պահանջել։ Մինչդեռ, առնվազն մի քանի հրապարակումներ՝ ուղղված կոնկրետ հասցեատերերի, անհրաժեշտ է, որ ուշադրության արժանանային։ Դրանցից ուզում ենք նշել մանկատան սան Գագիկ Շամշյանին առեւանգելու փաստի առթիվ «Դատախազությունը «որբի գլուխ է» տշում» հրապարակումը, Արտաշատից Գեղամ Դավթյանի նամակը, որտեղ նա հայտնել էր ընտրական տեղամասում հանձնաժողովների անդամների կատարած ապօրինությունների մասին, որն ակնհայտ ձեւեր էր ստացել. «Հանձնաժողովի անդամներն իրենք էին լրացնում ընտրաթերթիկներն առանց անձնագրերի, դնում կնիք եւ գցում արկղը»։ Ֆիրդուսի փողոցի բնակչուհի Անահիտ Սաֆարյանի «1000 ու մի գիշեր» մոտիվներով նամակաշարը՝ ուղղված քաղաքապետարանին, հայտնվել է Ֆիրդուսի փողոցի «բորդյուրների» վրա, իսկ նա ընդամենը պահանջում է իր սեփական հողամասից հանել ապօրինի դրված կրպակները։ Ոչ մի արձագանք չստացանք նաեւ Արաբկիր համայնքի թիվ 1 ընտրատարածքի ավագանու ընտրությունների հետ կապված, եւ, փաստորեն, Խաչատրյան ազգանունը քվեաթերթիկով «սաղացվեց» թեկնածու Սամվել Խալաթյանի վրա։ Հոկտեմբերը շիկացած էր այն առումով, որ 17-ին, 22-ին եւ 31-ին հավաքվեց «Առավոտի» ողջ տպաքանակը (ի դեպ, Քաղբանտարկյալի օրվա նախօրեին)։ Նամակներից ամենաարտառոցը Ռիմա Խա չատրյանինն է։ Բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, դասախոս կինը տանը նստած (Չարենցի փող.) հանկարծ իմանում է, որ «դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք է հասցրել՝ առողջության կարճատեւ քայքայմամբ» իր հարեւաններին, «ապա դրսեւորելով առանձին հանդգնություն, քարեր եւ կավե ամաններ է նետել հարեւանների ուղղությամբ»։ Ռիմա Խաչատրյանը նույն Չարենցի փողոցում նստած իմացել է, որ ինքը ամբաստանվում է եւ, փաստորեն, նրա նկատմամբ առկա է քրեական հետապնդում։ Բավականին հուզվել էին Մ. Մելքոնյանի անվան համալսարանի ուսանողները, որոնք կարդալով մեր մի հրապարակումը, ուր խոսք էր գնում 4 հոգուց բաղկացած մի ընտանիքի, իրենց իսկ բնորոշմամբ՝ ողբերգության մասին, «Առավոտին» գրում են. «Պատկերացնո՞ւմ եք, 26 տարվա ընտանիքի հայրը պահանջում է բնակարանից վտարել 26 տարվա ընտանիքի մորը։ Ինչպե՞ս են այդ հարցին վերաբերում ընտանիքի երկու չափահաս որդիները։ Երեւում է, այս շահամոլ ժամանակաշրջանը հասցրել է կուրացնել նրանց ե՛ւ հոգին, ե՛ւ մտածելակերպը։ Նրանք ընտրեցին այն հորը, որը գոնե մեկ անգամ դպրոցի դռնից ներս չի մտել»։ Դռնեդուռ ընկած Նիկոլ Բաղդասարյանի նամակը պատմում է այն մասին, թե ինչպես Վանաձորի «Մալանչ» ձեռնարկության տնօրենը՝ Միշա Դավթյանը, «քցեց» իրենց, իսկ դատարանի վճիռն էլ՝ 46 մլն 920 հազար դրամ գումարը իրենց վերադարձնելու մասին, ի կատար չի ածվում, քանի որ տնօրենը փախուստի մեջ է։ «Ես իմ հույսը ձեզ վրա եմ դնում, որովհետեւ դուք եւ որոշ անձինք գրում եք գրագետ եւ աշխատում եք օգնել ոչ միայն մեզ, այլ իմ կատեգորիայի մարդկանց»,- գրում է Մ. Ասլանյանը, որին հետաքրքրում է այն, թե արդյոք մեր փոքր «հիմնարկ-ձեռնարկությունը»՝ խմբագրությունը «իշխվո՞ւմ է մասոնական լոժայի» կողմից, որի խնդիրն է «մեր կաշին տիկ հանել»։ «Պանրի գործով» հերթական նամակն ենք ստացել Ալվարդ Ղազարյանից, որին 30 հազար դոլար գումար է «քցել» Սիսիանի բնակիչ Ռ. Խաչատրյանը։ Գործը դատարաններից հանգրվանել է դատախազությունում, եւ քանի որ դիմացը արժանապատիվ կին է, բայց անպաշտպան, «քցումը» շարունակում է օրինականացվել դատախազությունում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել