Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար հնի ու նորի միջեւ

Դեկտեմբեր 05,2002 00:00

Պայքար հնի ու նորի միջեւ Չայկովսկու փողոցի դեռեւս կիսակառույց բազմահարկ շենքն արդեն հասցրել է «նեղել» շրջակա շենքերի ու առանձնատների բնակիչներին։ Շենքի կառուցումից հետո Ֆիրդուսի փողոցի թիվ 70 տան բնակիչ Հայկանուշ Սիրոյանի տան մի սենյակի լուսավորությունը կկրճատվի 2 ժամով։ Իսկ մինչ այդ, շինհրապարակը փակել է նրա ավտոտնակի մուտքը։ 2 տարի շարունակ բոլոր հնարավոր ատյաններին դիմելուց հետո՝ Հ. Սիրոյանը 5 ամիս առաջ դիմել է դատարան. դատական գործը տարբեր պատճառներով ձգձգվում է եւ դեռ լուծում չի ստացել։ Ընդ որում, հենց սկզբից կողմերի հաշտության առաջարկ է եղել, սակայն գլխավոր պատասխանող «Եղվարդ» ՍՊԸ-ն ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ։ Շենքը կառուցող «Եղվարդի» նախագահ Գագիկ Կարապետյանը ներկայացել է որպես լիազորված անձ՝ շենքի պատվիրատու՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից։ «Այս շենքի գոյությամբ իմ տան գինը նկատելի ցածրանում է, քանի որ այն կառուցվում է քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներով, ոտնահարելով իմ սեփականատիրական ու մարդկային իրավունքները, եւ ես դրա համար փոխհատուցում եմ պահանջում»,- այս պահանջը Հ. Սիրոյանինն է։ Տեղում շրջելով, փորձեցինք պարզել նաեւ մյուս բնակիչների բողոքներն ու պահանջները։ Ըստ այդմ, Չայկովսկու թիվ 30 շենքից Ֆենյա Սիմոնյանը դժգոհեց շինարարական աղբից ու աղմուկից, նաեւ՝ որ փակվել է իր տեսադաշտը։ Հարակից թիվ 15 շենքից Կալպակչյան ամուսինները բողոքեցին լուսավորության կրճատումից։ Ինչ վերաբերում է Ֆիրդուսի փողոցի բնակիչներին, ապա նրանց հիմնական մտահոգությունը դեպի Չայկովսկի (այնտեղից էլ՝ Խանջյան փողոց) դուրս բերող ճանապարհի փակումն է։ Նախնական նախագծով այս խնդիրները չկային, շենքը պետք է լիներ 4 հարկանի, որի տակ նախատեսված էր թողնել հետիոտնի համար կամար-անցուղի։ Սակայն երկրորդ ու այլեւս՝ վերջնական նախագծով շենքը դարձել է վեցհարկանի, անցուղին վերացել է, դրա փոխարեն կողային հատվածում նախատեսվել է ճանապարհ՝ հետիոտնի ու մեքենաների համար։ «Այդ ճանապարհով մեծ մեքենա չի անցնի, բա որ հիմա հրդեհ լինի, ի՞նչ ենք անելու, բացի այդ՝ շտապօգնության հարց կա, փայտի հարց կա, այդ մեքենաներն ինչպե՞ս են անցնելու»,- բողոքեցին թիվ 52, 63 եւ 68 տների բնակիչները, ավելացնելով, որ շինհրապարակից առնետների մեծ «բանակ» է լցվել իրենց տները, որ հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել իրենց շրջակայքում եւ իրենք ոչ հյուր են կարողանում ընդունել-ճանապարհել, ոչ կարգին հարսանիք-թաղում կազմակերպել։ Քանի որ ողջ այս գլխացավանքի հիմնական թիրախը, ըստ բնակիչների, նախագծի փոփոխությունն է, դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն։ «Շենքը վերանախագծվել է Շախմատի ֆեդերացիայի խնդրանքով։ Բանն այն է, որ հիմնային աշխատանքները կատարելիս պարզվել է, որ շենքի երկրաբանական տվյալները պետք է վերանայվեն, որ անհրաժեշտություն է առաջանում փորել ստորգետնյա ծավալով, ինչի հետեւանքով մեծանում էր շենքի ինքնարժեքը։ Վնասն ինչ-որ կերպ փոխհատուցելու համար բավարարեցինք խնդրանքը՝ նոր նախագծով շենքը դարձավ վեցհարկանի, միջանկյալ անցուղին փակվեց, փոխարենը կողմնային մասից թողեցինք 7,5 մետր լայնությամբ (ամենանեղ հատվածը) ճանապարհ»,- պարզաբանեց վարչության պետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Պարզվեց նաեւ, որ նախագծի համար վարչությունը ստացել է «Հազարաշեն» կազմակերպության եզրակացությունը, ըստ որի, պահպանվում է թիվ 15 շենքի նվազագույն լուսավորման ռեժիմը՝ օրական 2,5 ժամ։ Հ. Սարգսյանն ասաց նաեւ, որ Ֆիրդուսի 70 տան ավտոտնակի հարցը ժամանակավոր է, շինարարության ավարտից եւ պարսպի ապամոնտաժումից հետո շենքի մյուս կողմից նույնպես կբացվի ճանապարհ (որտեղ Հ. Սիրոյանի ավտոտնակն է) հետիոտնի համար։ Այսպիսով, ընդամենը ժամանակ եւ համբերություն է պետք ու ամեն ինչ կընկնի իր տեղը՝ վստահեցնում են պաշտոնյաները։ «Մի փոքր բարդություն կա՝ թիվ 70 տան լուսավորության խնդիրն է, բայց այդ թաղամասը, շուկայով հանդերձ, իրացման տակ է,- ասաց Հ. Սարգսյանը։- Կառավարության որոշումը կա, մնում է գործի կազմակերպումը, այն էլ կլինի, չէ՞ որ Հյուսիսային պողոտայի բնակիչներն էլ չէին հավատում, թե իրենց տները մի օր կիրացվեն»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Այս անդրադարձով մենք փորձեցինք օգնել բողոքով մեզ դիմած բնակչին ու նրա հարեւաններին՝ վեր հանելով խնդիրը։ Վերջնական խոսքն, անշուշտ, մամուլից, պաշտոնյաներից եւ այլ ազդեցություններից անկախ դատարանինն է։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այս խնդրով այս օրերին քննվում է միանգամից 2 գործ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել