Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները՝ հետազոտության հո՞ւմք

Դեկտեմբեր 05,2002 00:00

Լրագրողները՝ հետազոտության հո՞ւմք Դեռեւս ապրիլ ամսին ԱՄՆ ՄԶԳ մի խումբ աշխատակիցներ Վաշինգթոնից հանդիպում ունեցան Վանաձորի մի քանի լրագրողների հետ («Առավոտ», 23.04.2002թ.)։ Լրագրողները հյուրերին տեղեկացրին խոսքի ազատության եւ քննադատության նկատմամբ տեղական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների զանազան դրսեւորումների մասին։ Այն մասին, թե այդ առումով ինչ կարգի ճնշումների են ենթարկվում այն ԶԼՄ-ները, որոնք փորձում են տեղական իշխանությունների քիմքին ոչ հաճելի հրապարակումներով կամ ռեպորտաժներով հանդես գալ։ Բերվեցին կոնկրետ օրինակներ։ Առայսօր, սակայն, համապատասխան որեւէ գնահատական տվյալ փաստն արձանագրած խմբի կողմից չի եղել։ Ստացվում է, որ եկան, արձանագրեցին, գնացին։ Ահա այս կարգի համատարած անտարբերության արդյունքում է, որ Հայաստանում պարբերաբար ավելանում են մամուլի եւ հեռուստատեսության նկատմամբ ոտնձգությունները. բռնություններ Աբովյանում, մահափորձ եւ ահաբեկչություն՝ Երեւանում, սպառնալիքներ՝ Գյումրիում, հալածանքներ՝ Վանաձորում։ Ի՞նչ է փոխվում այդ ամենը արձանագրելով, եթե խոսքի ազատության եւ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն ցուցաբերող, ԶԼՄ-ների նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ տնտեսական ճնշումներ կիրառող պաշտոնյաները ոչ միայն չեն պատժվում, այլեւ առավել բարգավաճում են։ Մի ակնառու ապացույց է այն, որ այդ կարգի ճնշումների հեղինակ կամ «համահեղինակ» համայնքապետերը կրկին «վերընտրվեցին» իրենց պաշտոններում՝ շնորհիվ վերին իշխանությունների «դաբրոյի»։ Դեռեւս մայիս ամսին Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ (մամուլի ազատության օրվա կապակցությամբ) հեռուստադիտողներն ականատես եղան, թե տեղական իշխանությունները եւ նրանց սատարող ուժերը իշխանությունների «քիմքին» տհաճ ԶԼՄ-ների նկատմամբ ինչ հարձակողական դիրքորոշում են որդեգրել։ Դրա ապացույցը սադրիչ բնույթի եւ քինախնդիր հարցադրումներն էին (նախապես պլանավորված), որոնք ուղղվում էին «թիրախ» ընտրվածներին։ Եվ սա այն դեպքում, երբ տեղական հեռուստատեսությունը նույն ակտիվությամբ երբեւէ քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներին չի հասցեագրում նրանց ուղղվող այն հարցերը, որոնք իրենց մեջ քննադատություն են պարունակում։ Ավելին, բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ եթերի ժամանակ կարող է նույնիսկ հեռախոսը «անջատվել», որ զանգ տվող չլինի եւ մտերմիկ մթնոլորտում հոգեպարար հարցազրույցները չընդհատվեն։ Այդ ամենն արձանագրվեց մամուլում։ Հասարակական եւ ոչ մի կազմակերպություն, դժբախտաբար, այդ եւ այլ փաստերի գնահատական չտվեց, չասվեց, որ եթե լրագրողներին այդպես են վերաբերվում մամուլի ազատության օրը, ապա ինչպիսի՞ն կլինի վիճակը այլ օրերի։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել