Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսն ունեցել է զենք կրելու իրավունք

Դեկտեմբեր 07,2002 00:00

Կեսն ունեցել է զենք կրելու իրավունք «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երբեք այդքան բազմամարդ չէր եղել։ Բացի իրավապաշտպաններից (որոնք ոչ մի անգամ, սկսած 2001թ. փետրվարի 15-ի առաջին նիստից մինչեւ օրս դատարանում չեն եղել), նախագահական ընտրությունների նախաշեմին առանձին հետաքրքրություն են ցույց տալիս կուսակցություններն ու նրանց սկզբնական կազմակերպությունները։ Երեկվա նիստին դատարան դարձյալ չէր բերվել ամբաստանյալ Կարեն Հունանյանը։ Նիստից բացակայում են, ինչպես միշտ, ցուցմունքներ տված տուժողները, տուժողների եւ ամբաստանյալների հարազատները։ Այսպիսի վերադասավորման պայմաններում երեկ հարցաքննվեց ՆԳ աշխատակից, գործով վկա Արթուր Հակոբյանը։ Ի դեպ, նա իրեն մեղավոր ճանաչեց անփութության մեջ մասնակիորեն, մինչդեռ, ինչպես նկատեց նախագահող Սամվել Ուզունյանը, քրեական վարույթի կարճման որոշման մեջ նախկին կասկածյալը ոչ միայն իրեն մեղավոր էր ճանաչել, այլեւ զղջացել էր կատարվածի համար։ Դասակի հրամանատարը տեղեկացրեց, որ իրենց պարտականությունների մեջ մտնում էր ստուգել անցաթղթերը, անգամ նայել ժամին։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանի այն հարցին, թե ինչո՞վ կբացատրեք, որ ահաբեկիչները ժամը 15.00-ի փոխարեն (անցաթղթում նշած) մտել են ԱԺ ժամը 17.05-ին, նա արդարացավ, ընդամենն ասելով, թե ուշադիր չեն եղել։ Նա նշեց նաեւ, որ մեկ անցաթղթով, ընդունված կարգի համաձայն, պետք է անցներ մեկը. «Կարգը եղել է այդպես, շարունակվել է այդպես»։ Մինչդեռ, ԱԺ մեկ անցաթղթով անցել են միաժամանակ 3 ահաբեկիչները։ Վկայակոչելով տուժողների ցուցմունքները, որոնք հայտնել էին, թե հոկտեմբերի 27-ին եղել է տաք եղանակ եւ իրենցից ոչ մեկը անձրեւանոցով չի եղել, մեղադրողն ուշադրություն հրավիրեց ահաբեկիչների խիստ կասկածելի հագուստներին, հարցրեց. «Ինչո՞ւ Գասպարյանը եւ Մինասյանը չեն ստուգել»։ Հետեւեց հերթական արդարացումը. «Եթե կասկածեինք՝ պիտի ստուգեինք»։ Ընդհանրապես, այս վկան արդարացումների մարտավարությունն էր ընտրել, մասնավորապես, դատարանում ասելով. «Եթե հնարավորություններ ունենային՝ կկանխեին հանցագործությունը, եթե զինված լինեին՝ կկանխեին կատարվածը…»։ Իսկ այս եթեների ընթացքում մենք տեղեկացանք, որ ԱԺ-ն պահպանել են մոտ 30 ոստիկան՝ 44-ից։ Մնացածը պահպանել են Սահմանադրական դատարանի շենքի մուտքերը։ Ըստ ՆԳ աշխատակցի, «կեսը» համարյա ուներ զենք կրելու իրավունք, իսկ նրանք, ովքեր չեն ունեցել, փաստորեն, եղել են համակարգում նոր աշխատակիցներ։ «Աշխատել ենք զենքերը բաշխել այնպես, որ հավասար լիներ, ԱԺ-ի կեսն ունեցել է զենք կրելու իրավունք»,- հայտնեց նա։ Զենքերի տարօրինակ բաշխում է եղել, օրինակ, տնտեսական մուտքը սպասարկող ոստիկանը ունեցել է զենք կրելու իրավունք, մինչդեռ Բաղրամյան փողոցում գտնվող 2-րդ անցակետում ոչ միայն նոր ոստիկան է ծառայություն իրականացրել, այլեւ նրան, որը շփվում էր բազմաթիվ անծանոթ քաղաքացիների հետ, զենք տրված չի եղել, չնայած, ըստ վկայի, իրենց կարծիքով, բոլոր պահակակետերի պահպանությունն էլ կարեւոր էր։ Զենքը պահվել է 101 սենյակում, որտեղ գտնվել են նաեւ կապի միջոցները՝ ուղիղ կապը գնդի հետ, քաղաքային եւ ներքին հեռախոսները եւ սելեկտորը։ Նախաքննության մարմնին այս վկան հայտնել էր, որ առաջին իսկ պահին փորձել են զանգել, կապը չի ստացվել։ Հետո փոխել էր ցուցմունքը, ասելով, թե իրենք օգնության համար զանգել են։ Նա հայտնեց դատարանին, որ կապի միջոցները հաճախ չեն գործել, որ իրենք խնդրել են ռադիոկապ, ժամանակակից միջոցներ, քանի որ տարածքը մեծ էր, սակայն ոչինչ իրենց չեն տրամադրել։ Ավելին, մի հետաքրքիր բան էլ հայտնեց. «Կապը երբ փչացել է, ԱԺ-ն է եղել պատասխանատու»։ Արթուր Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ Դեմիրճյան փողոցում գտնվող անցակետում կար ցուցակ, թե ում մեքենաներն են թույլատրվում մտնել ԱԺ տարածք։ Ըստ այդ ցուցակի, թույլատրվում էր ԱԺ եւ ՍԴ նախագահների մեքենաները, դատախազության, Անվտանգության խորհրդի անդամների։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել