Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԵՐԿՐԻՆ ՄԵՋ ԱՄԵՆ ՕՐԵՆՔ ՅՈՒՐ ՀԱԿԱՕՐԵՆՔՆ ՈՒՆԻ

Դեկտեմբեր 13,2002 00:00

ԱՅՍ ԵՐԿՐԻՆ ՄԵՋ ԱՄԵՆ ՕՐԵՆՔ ՅՈՒՐ ՀԱԿԱՕՐԵՆՔՆ ՈՒՆԻ Այսօր կլսվի հերթական հայցն ընդդեմ ԿԸՀ-ի ԿԸՀ-ն արդեն սկսել է իր «իսկական գործով» զբաղվել՝ իրար ետեւից «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտումներով ԿԸՀ-ն, ըստ ամենայնի, կհասնի այնտեղ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած արդյունքի դեպքում իր ուզած թեկնածուին կդարձնի ՀՀ նախագահ։ Իսկ եթե մեր այս ենթադրությունը ճիշտ չէ, ուրեմն ինչո՞վ է իրականում զբաղված ԿԸՀ-ն, ուրեմն ինչո՞ւ արդեն երկրորդ թեկնածուի, այս անգամ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրող բոլոր նախաձեռնող խմբերին չի գրանցում, ավելին՝ ինքնակամ որոշում է, թե առաջադրող 5 սուբյեկտներից որն է գրանցվելու։ Թեպետ ԱԺՄ-ն ներկայացուցիչ ունի ԿԸՀ-ում, բայց այդ ներկայացուցիչն ակնհայտ փոքրամասնություն լինելով, ի զորու չէ պարտադրել գործընկերներին՝ օրենքի կատարում։ Երեկ ԱԺՄ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնեց հետեւյալը. «5 սուբյեկտի կողմից ներկայացված էր հայտ՝ ԿԸՀ, եւ 5 սուբյեկտ ցանկանում են պաշտպանել Վ. Մանուկյանի առաջադրումը։ Մենք համարում ենք, որ ԿԸՀ-ն օրենսգրքի կոպիտ խախտում է թույլ տվել, չգրանցելով 5-ից 4-ին։ ԿԸՀ-ն իր քայլը հիմնավորում է հետեւյալ կերպ՝ ինքն այդպիսով ապահովում է «Ընտրական օրենսգրքի» 77 հոդվածը՝ թեկնածուների իրավահավասարության մասին, եւ պատճառաբանում է, թե քանի որ մնացած բոլոր թեկնածուներին առաջադրել է մեկ սուբյեկտ, իրենք պարտավոր են նույն կանոններն ապահովել բոլորի համար (նախագահի թեկնածու Արամ Կարապետյանին եւս մեկից ավելի կազմակերպություններ էին առաջադրել, եւ ԿԸՀ-ն նույն պատճառաբանությամբ մերժեց մեկից ավելիի գրանցումը.- Մ. Ե.)»։ Ա. Բուտաեւի ներկայացմամբ՝ օրենքը որեւէ սահմանափակում չի նշում։ Եվ այն, ինչ կատարում է ԿԸՀ-ն, ըստ Ա. Բուտաեւի, «երկու պատճառ կարող է ունենալ. կամ դա ԿԸՀ-ի կոմպետենտության պակաս է, կամ՝ ընդամենը քաղաքական պատվեր։ Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է, խախտված են ե՛ւ քաղաքացիների իրավունքները, ե՛ւ կուսակցության (տվյալ դեպքում՝ «Ազգային պետություն» կուսակցության իրավունքը)։ Այդ պատճառով մենք դիմելու ենք դատարան, վաղը (արդեն այսօր), ժամը 12-ին տեղի կունենա առաջին դատը եւ հետագայում կլինեն նաեւ մնացած հայցվորների դատական նիստերը»։ Փաստաբան Վարդան Զուռնաչյանը, որը պաշտպանելու է «Ազգային պետություն» կուսակցության եւ հետագա մյուս հարցերը, մասնավորապես ասաց. «Ես հակված եմ կարծել, որ քաղաքական որոշում է ընդունված, որովհետեւ ե՛ւ ԿԸՀ-ն է միաձայն խախտում օրենքը, ե՛ւ դատարանները հաստատում են ԿԸՀ-ի որոշումը։ Ես ուզում եմ այդ քաղաքական որոշումը կայացնողներին հիշեցնել հետեւյալը. եթե աբսուրդ, անհեթեթ ձեւակերպմամբ որոշում է կայացվում իբր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, ապա սա նշանակում է, որ նախորդ ընտրություններում թեկնածուների համար հավասար պայմաններ չե՞ն եղել (98 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահին առաջադրել են բազմաթիվ նախաձեռնող խմբեր, եւ նա հավաքեց մոտ 300 հազար ստորագրություն, նույնը կատարվեց նաեւ Վազգեն Մանուկյանի հետ.- Մ. Ե.)։ Մենք ներկայացրել ենք հայցադիմում, կոնկրետ նշելով օրենքի համապատասխան հոդվածները, ըստ որոնց՝ քաղաքացիներն ու նախաձեռնող խմբերը թեկնածու առաջադրելու իրավունք ունեն, եւ որեւէ ԿԸՀ որեւէ իրավունք չունի իրենից հորինած պատճառաբանություններով մերժել նախաձեռնող խմբերի գրանցումը»։ Վարդան Զուռնաչյանի համար օրենքի խախտումները հստակ են եւ ակնհայտ. «Սա ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն արդեն խախտել է քաղաքացիների ընտրական իրավունքը, հետեւաբար՝ Սահմանադրության համապատասխան հոդվածները»։ «Ազգային պետություն» կուսակցության ներկայացուցիչը վստահ է, որ «հավասարությունը խախտվելու է հետո, եւ ԿԸՀ-ն թող իր ուժն ու եռանդը պահի, հավասարությունն էն ժամանակ ապահովի»։ Ինչո՞ւ են թեկնածուները շահագրգիռ գրանցվել ոչ թե մեկ, այլ՝ մի քանի նախաձեռնող խմբերի կողմից։ «Առավոտի» այս հարցին պատասխանելով, Ա. Բուտաեւն ասաց, որ օրենքն է նման հնարավորություն տալիս, եւ հետո. «մենք ունենք մեր մոտեցումները, մեր տակտիկան, մեր մարտավարությունը, բայց դա ԿԸՀ-ին չվերաբերող հարց է։ Շատ հետաքրքիր է, որ ԿԸՀ-ն հիմք է ընդունում 77 հոդվածը, ասելով, որ կխախտվեն թեկնածուների իրավունքները, բայց ինքը թեկնածուի իրավունք է խախտում. ըստ օրենքի, թեկնածուն ինքն է որոշում, թե ում կողմից է առաջադրվելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել