Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ, ԱՆՆՇՄԱՐ

Դեկտեմբեր 13,2002 00:00

ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ, ԱՆՆՇՄԱՐ Վերջին տարիներին ԵՊՀ-ն փոփոխություն մտցրեց ուսուցման համակարգում՝ երկաստիճանից անցում կատարելով եռաստիճանի՝ բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա, որի նպատակը, ըստ կրթության եւ գիտության նախարարության, համալսարանի ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումն է։ Եւ բացի այդ, որպեսզի հնարավոր լինի հասնել նրան, որ արտերկրում ճանաչվեն ԵՊՀ-ի դիպլոմները՝ ցանկացած մասնագիտության գծով։ «Կրթության եռաստիճան համակարգը դառնում է անհրաժեշտություն, քանի որ դա միջազգային չափանիշներին համապատասխանող ձեւ է»,- այս մասին ինձ հետ զրույցի ընթացքում նշեց ԵՊՀ-ի դասախոս Մ. Սանթուրջյանը։ Թեեւ արդեն մի քանի տարի է՝ բուհն առաջնորդվում է ուսուցման վերոհիշյալ համակարգով, այնուամենայնիվ, այն շարունակում է ուսանողների համար մնալ բուռն քննարկումների նյութ։ Իմ կատարած հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողների գերակշիռ մասի կարծիքով, կրթության եռաստիճան համակարգը պարզապես «անիմաստ» է։ Նրանք, չթաքցնելով իրենց վրդովմունքը, չէին խուսափում ասել նաեւ, թե քանի որ բուհի սաների մեծագույն մասը սովորում է վճարովի ուսուցման համակարգում, ուստի դա ոմանց համար «փող աշխատելու» հերթական միջոց է (խնդիրն այն է, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար նշված համակարգում ուսանողը պարտավորվում է սովորել մեկ տարի ավելի)։ Իսկ ինչպե՞ս է վերաբերվում համակարգային այս փոփոխությանը բուհի դասախոսական կազմը։ Հարցին պատասխանող դասախոսների մեծագույն մասը եւս դեմ արտահայտվեց կրթության այս ձեւին՝ պատճառաբանելով, որ եթե նախկինում ուսանողը պարտավորվում էր սովորել հինգ տարի եւ ավարտել բուհը՝ ստանալով լիարժեք բարձրագույն կրթություն, ապա այսօր նրանցից շատերը, լինելով անվճարունակ, բավարարվում են միայն բակալավրիատով, որը համարվում է թերի բարձրագույն կրթություն եւ դժվարություն է ստեղծում աշխատատեղ գտնելու հարցում։ Այդ պատճառով էլ նրանք գտնում են, որ դա ի վերջո կհանգեցնի մեր երկրում հակառակ գործընթացին՝ կրթական մակարդակի իջեցմանը։ Հատկանշական է, որ դասախոսները (գրեթե առանց բացառության) մատնանշում էին այս համակարգի արդյունքում ծայր առած եւ ներկայումս համալսարանում գործող ընթացիկ քննությունների «ավելորդությունը»՝ համարելով, որ դա խիստ ծախսատար լինելուց զատ (այդ քննությունները գրավոր են, ուստի անհրաժեշտություն է լինում բազմահազար տետրերի) մեծ լարվածության մեջ է դնում դասախոսներին։ Ի դեպ, նրանցից մեկը կարծիք հայտնեց այն մասին, թե ավելի լավ կլինի ընթացիկ քննությունների համար ծախսվող գումարները որպես «համալսարանական թոշակ» հատկացնել այժմ խաղաղ հանգստի անցած բուհի նախկին, վաստակաշատ դասախոսներին կամ, ինչու չէ՝ նաեւ լավագույն ուսանողներին։ ՆԵԼԼԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Նշենք, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մեր բուհերի ռեկտորների՝ վերոնշյալ հարցի շուրջ դժգոհություններին ի պատասխան, արտասահմանյան փորձագետները նրանց հիշեցրին եվրոպական չափանիշների մասին, եւ եթե մենք դրանց չհետեւենք, Եվրոպան չի ճանաչի մեր դիպլոմները։ Հիշեցնենք նաեւ, որ նոր օրենքն իր ճկունության շնորհիվ թույլ կտա այս նոր համակարգին անցնել «անցավ», աստիճանաբար, քանի որ կրթությունն ինքնին պահպանողական է եւ զգուշավոր անցումներ է սիրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել