Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜Ֆ, ՄԵՐԻԿ

Դեկտեմբեր 13,2002 00:00

Օ՜Ֆ, ՄԵՐԻԿ Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է Վաղամեռիկ գրող Մուշեղ Գալշոյանի 70-ամյակի առթիվ շուտով տպագրվելու է նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հովհաննես Մելքոնյանի «Վեր կաց գերեզմանից, Մուշեղ Գալշոյան» գիրքը, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողին։ Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ինչպես քնեցիր՝ դու գիտես ու քո գլխի տակի բարձը, իսկ ես հետո ուրիշների պատմելով իմացա, որ գեշ ու մղձավանջային երազ ես տեսել։ Իբր թե, ահա, ձեր տունը հրդեհի բոցերի մեջ այրվում է, սեւ ծուխը երկինքը բռնել՝ արեւի դեմքը փակել է, երկինքը մութ է, երկրի վրա բոց ու կրակ եւ այդ բոց ու կրակի մեջ քո հայրն է, քո մայրը, քո արյունակիցներն են։ Ինչո՞ւ, երեւի հորդ աչքերի տեսած այդ տնավեր հրդեհների բոցերը, մորդ աչքերի տեսած հրդեհական սարսափները քո արյանն էին անցել եւ գիշերները ի ցույց էին ելնում՝ որպես ճնշիչ ու ճմլիչ երազներ, իսկ ցերեկները ի հայտ էին գալիս՝ որպես ցնորքներ, տեսիլքներ, սեւեռումներ… Ես ինչ իմանամ՝ էլ ինչեր։ Մի անգամ, հիշո՞ւմ ես, երազներից էինք խոսում, եւ ես հիմիկվա այս ասածներս քեզ ասացի։ Դու երկար լռեցիր, երեւի քո մեջ քեզուքեզ առնում-տալիս էիր՝ ասածիս հետ համաձայն լինե՞ս, թե՞ չլինես, այդպիսի սովորություն ունեիր՝ միանգամից չէիր ասում՝ հա կամ չէ։ Հետո ծխախոտ վառեցիր. գրելիս ու զրուցելիս շատ էիր ծխում՝ երեւի ծուխ ու կրակ պիտի լիներ, թեկուզեւ ծխախոտի ծուխ ու կրակ, որ մտքերդ թեւավորվեին եւ երեւակայությունդ սավառներ։ Ծխախոտ վառեցիր, ուրեմն, իմ ասածի առիթով խոսքի մեջ մտնելուց առաջ եւ երեւի փորփրելու համար, ավելի եւս երեւի համոզվելու համար, չգիտեմ ինչի համար դարձար-հարցրիր. «Հա՞, իսկապե՞ս… Ինչ որ հայրդ, մայրդ են տեսել արթուն աչքերով, դու կարող է քնած աչքերով տեսնես՝ երազ»։ Հետո ներս քաշած ծուխը հոգոցով ու թառանչով արտաշնչեցիր ու երկար նայեցիր քո արտաշնչած ծխին, որ հայացքիդ քսվելով բարձրանում ու կորչում էր՝ «ունայնություն ունայնությանց…, ծուխը կար եւ ահա չկա, ո՞ւր կորավ, ո՞ւր անհայտացավ, ինձ ասա՝ հասկանամ»։ Դու ամեն ինչի՝ նույնիսկ շատ առօրյա ու սովորական ինչերի մեջ վերին իմաստներ ու երեւույթներ էիր դնում, եւ ես մեր երկարատեւ զրույցների ժամանակ երբեմն-երբեմն նեղսրտում էի. «Էս Մուշեղն էլ՝ էլի սկսեց, թող «ունայնություն ունայնությանց եւ ամեն ինչ ընդունայն է» ավետարանական խոսքը խոսք մնա, ծխախոտի ծուխն էլ՝ ծխախոտի ծուխ»։ Չէ, պիտի բերեիր, հանգուցեիր իրար եւ, առհասարակ, այս աշխարհում ինչ կար՝ հոգի շնչավոր եւ իր անշունչ, հանգուցում էիր։ «Ալիքներով հեւացող Սեւանա լիճը եւ մորս տրոփող սիրտը,- ասում էիր,- նույն հանգի են, ականջդ պահիր՝ կհամոզվես։ Եվ մեր գրերը,- ասում էիր,- Մեսրոպ Մաշտոցը ոչ թե հորինել, այլ հնձել, հավաքել ու կթել է համայն Հայաստանի լեռ ու հողից, ինչպես ցորենի արտն են հնձում, Քարքե լեռան լանջերից գազպան են հավաքում, ինչպես Արարատյան դաշտում այգին են կթում»։ Դու հետիոտն չէիր, դու ձիավոր տղա եւ ձիավոր գրող էիր, եւ երբ գրածներիդ մեջ ինչ-որ էջի վրա պատի էիր գալիս, քար ու քարափի էիր դեմ առնում, սայթաքում-վայր էիր ընկնում, օրեր ու օրեր ես վկա եմ եղել, քեզ զգում էիր ձիուց ընկածի նման, ոչ այնպես՝ ինչպես հետիոտն գրողների սայթաքել-ընկնելն է, ծանր վիրավորի ցավեր էիր ունենում, բռունցքդ հա ծնկիդ էիր խփում, զայրույթից ատամներդ էիր սեղմում, իսկ հետո փոքր-ինչ հանդարտվելով՝ օֆ, մերիկ էիր ասում։ Ես գիտեի՝ այդ էր քո փակ դուռը քո առաջ բացողը,- օֆ, մերիկ, այդ էր քո փակուղի մտած էջը փակուղուց հանողը։ Մի անգամ՝ քանի անգամ հիշում եմ, «Արաքս» սրճարանում մեր դառը սուրճը խմելով երազներից էինք խոսում, եւ դու երկար նայելով քո ծխախոտի ծխին, ասացիր. «Ունայնություն ունայնությանց եւ ամեն ինչ ընդունայն է»։ Տեսնես,- ասացիր,- առաջին անգամ ո՞ւմ մտքից է ճառագայթել այս խոսքը, որի մեջ ոչ լույս կա, ոչ արեւ կա, ոչ էլ, նամանավանդ, ճառագայթ։ Մութ կա այս դառն ու դաժան իմաստնության մեջ, մահ-գերեզմանային մութ։ Բայց,- ասացիր,- մարդն իր մտքով երկնել է այս խոսքը, որ հզորացնի իր կենսասիրությունը։ Փորձի իր հոգեւոր դիմացկունությունը։ Մարդն իր ապրելով միշտ հերքել է հուսահատությունը, անցողականը, վերացումը, մահը…։ Այս խոսքը՝ ունայնություն ունայնությանցը, զորեղ մարդկանց հոգու մեջ արթնացնում է մահ անցողականի դեմ կռվելու կիրք, անընդհատելի գոյի ու լինելու պայքար, հավերժականի հավատ։ «Մի բաժակ էլ սուրճ չխմե՞նք»,- հարցրի։ Սուրճի պահանջից չէր, որ իրար հետեւից խմում էինք եւ դու իրար հետեւից ծխախոտ էիր վառում։ Այլ զրուցելու կարիքն էր ստիպում եւ երբ մեր իրիկնաժամյա առօրյա զրույցը թեւեր առնելով՝ հեռու էր թռչում՝ մեր պապերի երկիրը, մեր հոգեւոր մեծերի ժամանակները կամ, ինչպես այդ օրը, թառում էր մարգարեական մի իմաստնության վրա։ «Ունայնություն ունայնությանց»,- էլի էինք սուրճ խմում եւս մի բաժակ եւ դարձյալ մի բաժակ։ Ինչքա՜ն շատ սուրճ էինք խմում այդ տարիներին։ Եվ այդ 7-8 բաժակ սուրճը ու մեր ծանր ու խճճված զրույցները փսորում էին մեր քնելու գիշերները, մղձավանջային գեշ երազներ էինք տեսնում, ինչպես հոկտեմբերի լույս 13-ի գիշերվա երազդ։ Չէինք քնում, քիչ էինք քնում, գիշերներն ի բուն գլուխներս պատեպատ էինք զարկում՝ ինչ ենք գրելու, ինչպես ենք գրելու, մեր գրելուց ինչ է փոխվելու այս շարունակ փոփոխական ու շարունակ անփոփոխ աշխարհում։ Գրենք, հա գրենք, բայց մեր գրելուց՝ մեր գրվածքներով մեր պապերի ճակատագրերի եւ գերեզմանների վրա բուսած տատասկ փուշը քաշվո՞ւմ է, փարատվո՞ւմ է մեր մայրերի սրտի ցավը, պարզվո՞ւմ է մեր կենսագրությունների եւ սրտերի մեջ ելեւէջող արյունը՝ պղտորված վրեժով, կսկիծով, կարոտով… Գրենք, հա՜ գրենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել