Լրահոս
Օրվա լրահոսը

Հնադարյան երկրի երաժշտությունը

Հունվար 18,2003 00:00

Հնադարյան երկրի երաժշտությունը Ջիվան Գասպարյանի դուդուկը հմայեց լոնդոնյան ունկնդրին Անցյալ տարի Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում՝ Մանուկյան մշակութային կենտրոնում Մանուկյան բարեգործական հիմնադրամը բարեգործական համերգով ներկայացրեց աշխարհի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանին, որին նվագակցում էին Արմեն Ղազարյանը (երկրորդ դուդուկ), Վազգեն Մակարյանը (բաս դուդուկ) եւ Կարապետ Հակոբյանը (դհոլ): Այս կենտրոնը Լոնդոնի նորագույն հավաքատեղիներից է, որը ծառայում է ե՛ւ հայ հոգեւոր կյանքին, ե՛ւ բարձրարվեստ գեղագիտական ծրագրերի իրականացմանը: Ծրագիրը կազմված էր Սայաթ172Նովայի, Կոմիտասի, գուսան Շերամի, Վաչե Հովսեփյանի, Դանիել Ղազարյանի երգերի ընտրանուց, ինչպես եւ պարային երաժշտությունից: Ջիվան Գասպարյանը մի քանի գործ էլ նվագեց իր ստեղծագործություններից, նաեւ ֆիլմերում իր կատարմամբ հնչած երաժշտությունից: Քանի որ հայ ունկնդիրների վերաբերմունքն ըմբռնելի էր եւ Ջիվան Գասպարյանի հնչեցրած յուրաքանչյուր մեղեդի նրանց մեջ արթնացնում էր խորին ու հայրենաբաղձ զգացմունքներ, հետեւապես հայազգի մարդու կողմից համերգի գնահատանքը կարող է լինել խիստ կողմնակալ: Ուստի, ահա թե օտարազգիները ինչպես են գնահատել համերգը մամուլում («Իվնինգ Սդանդարթ», Սայմըն Բրոութոն), որ վերնագրված է «Հնադարյան երկրի երաժշտությունը». «Եթե Գասպարյան անունն անծանոթ է ձեզ, ապա ոչ երբեք նրա երաժշտությունը: Նա ոգեկոչեց կարոտի եւ հայրենաբաղձության տրամադրություն, ինչպես, օրինակ՝ «Գլադիատորը» ֆիլմում: Գասպարյանի նվագարանը դուդուկն է՝ ծիրանենու փայտից սարքված փոքրիկ մի սրինգ, որից ծնվում են մեր մոլորակի գեղեցկագույն մեղեդիները: Դուդուկի հնչյունը վշտալի եւ իմաստալի է, ինչեւէ, Գասպարյանը, ինչպես նաեւ երկրորդ դուդուկ, բաս դուդուկ եւ դհոլ նվագող նրա ընկերները ներկայացրին, թե ինչ հնարավորություններ ունի այս գործիքը վարպետների ձեռքում: Գասպարյանը նաեւ գեղեցիկ ձայն ունի եւ նրա կրքոտ, սրտագին երգերը դյութիչ են»: Դուդուկը համարվել է պարզունակ հին հայկական նվագարան, որը զուգորդվել է հիմնականում հովիվների հետ: Դուդուկի խոր, մելամաղձոտ հնչյունները կատարյալ են միայնակ մարդու զգացմունքներն արտահայտելու համար: Ջիվանի անզուգական տաղանդը միջազգային ասպարեզ հանեց դուդուկը՝ բազում նվագախմբային համերգներով եւ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, այդպիսով դուդուկին արժանացնելով լայն ճանաչման ու հարգանքի: Ջիվանի շնորհիվ դուդուկն այսօր իր պատկառելի տեղն է գրավում նվագախմբային մյուս գործիքների շարքում: Իր «փոքրիկ ընկերոջ»՝ դուդուկի հետ Ջիվանը համերգային շրջագայություններ է կատարել Եվրոպայում, Ասիայում, ԱՄՆ-ում եւ Միջին Արեւելքում: Նա նվագել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իտալիայի, Գերմանիայի, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի եւ այլ երկրների հանրահայտ սիմֆոնիկ եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Համագործակցել է Լայոնել Ռիչիի, Փիթեր Գեբրիելի հետ, իսկ Մայքլ Բրուքը նաեւ ձայնասկավառակ ունի Ջիվան Գասպարյանի նվագակցությամբ: Գասպարյանի նվագով հնչյունավորվել է 17 ֆիլմ՝ «Ռուսական տուն», «Ագռավը», «Պաշարում», «Օնեգին», «Մրրիկ եւ վիշտ», օսկարակիր «Գլադիատորը» եւ այլ կինոնկարներ: 2002 թվականի հոկտեմբերի 27-ին Գերմանիայի Հեսսեն քաղաքում Ջիվան Գասպարյանն արժանացավ Համաշխարհային երաժշտահանդեսի (World Music Expo) մրցանակին, որն ամեն տարի տրվում է այն երաժշտին, ով առավել խոշոր ներդրում է կատարել ժողովրդական երաժշտության մեջ: Հարկ է նշել, որ Ջիվան Գասպարյանի լոնդոնյան համերգի հետ կապված բոլոր ծախսերը՝ մոտ 8000 բրիտանական ֆունտ ստեռլինգ, վճարել է Մանուկյան բարեգործական հիմնադրամը, իսկ տոմսերի վաճառքից հավաքված ողջ եկամուտը ուղղվել է Ջիվան Գասպարյանի գլխավորությամբ Հայաստանում առաջին անգամ բացվող դուդուկի դպրոցի հիմնադրմանը: Համերգի ժամանակ Ջիվան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Վաչե եւ Թամար Մանուկյաններին, որ նման հրաշալի եկեղեցի եւ հիանալի համերգային դահլիճ են հատկացրել հայ համայնքին եւ Լոնդոնի երաժշտասերներին, ինչպես նաեւ Հայաստանում դուդուկի դպրոցի հիմնադրմանը մեծ օգնություն ցուցաբերելու համար: ԱՍԱՏՈՒՐ ԳՅՈՒԶԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել