Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 29,2003 00:00

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ինչպես հեռուստատեսային, այնպես էլ «ֆիզիկական» քարոզարշավի հենց սկզբից Արտաշես Գեղամյանը չշրջանցեց մեր մեծերին՝ առաջին հանդիպումը թումանյանական Դսեղ գյուղում էր եւ այցելությունը տուն-թանգարան։ Դսեղով արդեն անցել էր մարզպետ Հ. Քոչինյանի քոչարյանամետ շունչն, ու հավաքվածներն այստեղ քիչ էին, դեմքերն էլ՝ անտարբեր։ «Մարզպետն է գյուղապետի հետ հակառակն աշխատել»,- կամացուկ ասացին մեկ-երկու ծերուկ։ Օձուն գյուղում հավաքվածներն ավելի բազմամարդ էին ու ակտիվ։ Այստեղ չէին զլանում ծափահարել, բայց եկածներն, ինչպես պարզեցինք, գյուղի այն բնակիչներն էին, որոնք աշխատանք չունեին ու չէին վախենում Գեղամյանին լսելու պատճառով զրկվել դրանից։ «Ո՛չ դասատուներն են եկել, ո՛չ էլ այլ աշխատողներ»,- վկայեց գյուղի հին բնակիչ Եզեկ Աղվանյանը։ Ալավերդի քաղաքում նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը եկել էին 300-400 մարդ, որտեղից էլ մեքենաների շարասյունը շարժվեց օրվա վերջին հանդիպման վայրը՝ Ախթալա։ Բոլոր չորս բնակավայրերում էլ Արտաշես Գեղամյանն առաջինն այցի եկած նախագահի թեկնածուն էր։ Նրա ու նրա զինակից պատգամավորների ելույթներում հիմնականում գործող իշխանությունների քննադատությունն էր ներկայացվում։ Իր ասելով՝ ոչ մի կուսակցության ու խմբակցության մինչ օրս չանդամագրված պատգամավոր Գագիկ Կոստանդյանն իր ելույթը սկսում էր հենց նրանից, որ որոշել է խախտել «անկախ» պահվածքն ու սատարել Արտաշես Գեղամյանին։ Հետո նույնը խորհուրդ էր տալիս անել ընտրողներին։ Հմայակ Հովհաննիսյանն էլ որոշել էր, որ ողջ հայությունն անգիր գիտե Գեղամյանի փառահեղ աշխատանքային կենսագրությունն ու նրա մասին խոսելիս միայն ավելացնում էր, որ «Գեղամյանը գիտե մեզ ճգնաժամից դուրս բերելու ձեւը»։ Ի դեպ, ում հարցրինք, Գեղամյանի անցյալից ու ներկայից մի բան ասացին. «չգիտենք, բայց ով ուզում ա՝ լինի, լավ մարդ ա»։ Ինքը՝ Արտաշես Գեղամյանը, հավաքվածներին կոչ էր անում չհրաժարվել առաջարկված ընտրակաշառքներից (ով եւ ինչ ուզում է՝ տա), բայց ընտրությանը մասնակցել միայն սեփական մտքի թելադրանքով։ «Չհավատաք, որ ձեզ ասեն, թե Գեղամյանը բանակցությունների մեջ ա Քոչարյանի հետ, որ Սերժի հետ ախպեր ա, չհավատաք, որովհետեւ թալանվածը գողի հետ ճամփա չի գնա, … …, մենակ թիկունքս պինդ պահեք։ Մերսի»,- Ալավերդի քաղաքում հանդիպումն այսպես ավարտեց թեկնածուն։ Նա քարոզում էր անպայման մասնակցել ընտրություններին, որ դատարկ քվեաթերթիկներից չօգտվի «ժողովրդի թշնամին», եւ անպայման քվեարկել 16 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուի օգտին, կարեւոր չէ, թե ով կլինի նա. ինքը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, թե՝ Վլադիմիր Դարբինյանը։ «Կարեւորն այն է, որ փրկենք հայրենիքն այս արհավիրք-նախագահից»,- ասաց նա։ Ա. Գեղամյանի կարծիքով, հիմա իրենց հակառակորդներն այնքան են վախեցած, որ նույնիսկ իր նկարից են վախենում, «վառել են նկարը, ու ասում են, թե՝ կառոտկի զամիկանի ա տվել, երբ հոսանքի գիծ անգամ չկա այդ նկարի մոտ»։ Իսկ վախենում են, որովհետեւ Գեղամյանի հետ են շատ -շատերն ու բոլոր օղակներից-խավերից։ «Ուղղակի նրանք հիմա ի հայտ չեն գալիս, որ իրենց չվնասեն, չսպառնան ու չվախեցնեն, բայց փետրվարի 19-ը մեր հաղթանակի օրն է լինելու»,- համոզված է նախագահի այս թեկնածուն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել