Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ

Փետրվար 04,2003 00:00

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ Փաստաբանների միջազգային միության թվով 18 անդամներ դիմել են ՓՄՄ կոլեգիային։ Ամփոփելով անցած 4 տարիները՝ նրանք տեղեկացնում են, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել 5 փաստաբան, որից 2-ի համար կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մնացած դեպքերում դեռ վերջնական որոշումներ չկան։ Փաստաբանները (նրանց թվում են ճանաչված փաստաբաններ Մարինա Ջանոյանը, Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Վարդան Զուռնաչյանը, Վովա Հախվերդյանը, Ամալյա Ավագյանը…), որոնք ժամանակին քիչ դեր չխաղացին Տիգրան Ջանոյանի (ՀՓՄ) եւ Տիգրան Տեր-Եսայանի (ՓՄՄ) միությունները միավորելու խնդրում, գտնում են, որ Հայաստանում պետք է գործի մեկ փաստաբանական միություն։ Փաստարկների մեջ նրանք նշել էին, թե «Անհնար եւ անտրամաբանական է 150 փաստաբանի համար ստեղծել նպաստավոր պայմաններ մասնագիտական գործունեության իրականացման համար, իսկ 350 փաստաբանի համար՝ ոչ։ Նաեւ չի կարելի 150 փաստաբաններով ստեղծել պայմաններ, եթե մնացած փաստաբանները չեն մասնակցում այդ գործընթացին»։ Իհարկե, 18 դիմումատուները առաջարկում են Կոլեգիային կից ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի մեկ միասնական փաստաբանների միության ստեղծման ծրագիրը։ Տարօրինակ քայլ էր (իմ տպավորությամբ) կատարել դիմումատուներից մեկը՝ ՓՄՄ անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը դիմել էր Հայաստանի փաստաբանների միությանը (նախագահ՝ Միշա Փիլիպոսյան) անդամ դառնալու խնդրով։ Եվ մերժվել: Փաստաբանի հետ մեր զրույցը ներկայացնում եմ ձեզ։ – Ինչո՞ւ այս պահին դիմեցիք նմանօրինակ քայլի։ – Մարտին լինելու է Հայաստանի փաստաբանների միության նախագահի ընտրությունները եւ, բնականաբար, դրվելու է գործող նախագահի՝ Միշա Փիլիպոսյանի թեկնածությունը։ Առաջարկություն եղավ մինչ այդ ընտրությունները ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի 2 միությունների միացման գործընթացով։ – Պարտադի՞ր է, որ ՀՀ-ում գործի մեկ փաստաբանական միություն։ – Արտառոց դեպք է, որ որեւէ պետության մեջ իր մասնագիտական գործունեության համար փաստաբանները ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Իտալիայում վերջին 5 տարիների ընթացքում նման դեպք չի արձանագրվել, Իսպանիայում, ՌԴ-ում՝ նույնպես։ – Եկեք Հայաստանից խոսենք։ – Կրոմվել Գրիգորյանի դեպքը, երբ տուժողի իրավահաջորդը քննիչի առանձնասենյակում հարձակվեց նրա վրա։ Ղափանում տուժողներից մեկը նույնպես հարձակվել էր փաստաբանի վրա՝ տեղի ՆԳ մարմինների հրահրմամբ։ Մյուս դեպքը կապված էր փաստաբան Սամվել Ջաղինյանի հետ։ Փորձ էր արվել, որ վարչական պատասխանատվության ենթարկվեին (տրանսպորտային միջոցը խմած վարելու հետ), ապա «բռնին», երբ պաշտպանում էր Արկադի Վարդանյանին («խուլիգանություն» հոդվածն է դրված եւ ներկայումս գտնվում է հետախուզման մեջ)։ – Փաստաբանների միջազգային միությունն ըստ էության իրականացրել է 2 միությունների միավորումը։ Ինչո՞ւ է փորձ արվում Մ. Փիլիպոսյանի միությունը թրի տակով անցկացնել, մանավանդ որ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս առանձին միություններ։ – Երկու գործող միություններն ըստ էության չեն գործում։ – Դուք ՓՄՄ-ից առաջի՞նն եք, որ դիմե լ եք ՀՓՄ-ին։ Եվ մերժվել։ – Մեր առաջարկության հիման վրա դիմողներս ժողով հրավիրեցինք։ Կարծիքներ հայտնեցին, որ անպայման պետք է ՀՀ-ում գործի մեկ միություն եւ ինչ ճանապարհով։ Առաջարկվեց դիմել ՀՓՄ՝ մինչեւ ընտրությունները եւ մասնակցել ընտրությանը եւ այնպիսի մարդու ընտրել միության նախագահ, որը կնպաստի ՓՄՄ-ի եւ ՀՓՄ-ի միացմանը։ – Իսկ եթե 2 միության նախագահները չհամաձայնե՞ն։ – Նախ, նրանք պիտի ցանկանան։ Միշա Փիլիպոսյանը «Օրենք եւ իրականություն» ամսագրում (թիվ 41) ասել էր, թե ինքն ուզում է, որ ՀՀ-ում գործի 1 միություն։ Չնայած իմ ներկայությամբ ՓՄՄ-ի նախագահի՝ Տիգրան Տեր-Եսայանի առաջարկը Մ. Փիլիպոսյանը մերժեց։ Հայաստանում, եթե ճիշտ խոսենք, չի գործում անվճար փաստաբանական օգնության մասին ինստիտուտը: Պետպատվերը իրականում ձեւական բնույթ է կրում։ Փաստաբաններ կան, որոնք մասնակցել են բազմաթիվ քրեական գործերով, սակայն որեւէ մեկը նրանցից չի ստացել համապատասխան գումար։ Չի կատարվում օրենքի պահանջը, որ փաստաբանն իրավունք չունի իրեն առաջարկել պետպատվերի կարգով, այլ միությունը պետք է նշանակի։ Չի վերահսկվում փաստորեն այդ ոլորտը։ – Վստա՞հ ես, թե ՀՓՄ-ն միանա ՓՄՄ-ին՝ կվերահսկվի՞ ոլորտը։ – Լծակները կավելանան, հակակշռող ուժը կմեծանա։ Վստահ չեմ, որ միանան՝ հաջորդ օրը ավելի լավ կլինի, փաստաբանական ինստիտուտը կգործի։ Բայց պետք է ուսումնասիրել միջազգային փորձը։ Օրինակ, Ֆրանսիայի։ Այնտեղ գործում է 1 փաստաբանական միություն։ Եվ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ այդ պետությունում փաստաբանների միությունը դիմել է գործադուլի։ Հիշում եք, որ իմ գործով (քրգործ է հարուցված դատավորին «վիրավորանք» հասցնելու համար) թե Տ. Ջանոյանի, թե Տեր-Եսայանի միությունները որոշեցին գործադուլ կազմակերպել, իսկ Հայաստանի ՓՄ-ն ձախողեց եւ չմիացավ ակցիային։ Եթե միությունները ի վիճակի լինեն ակցիա ձեռնարկել, հակաուժ ստեղծել պետական մարմիններին, իմ կարծիքով, պետությունը կգնա զիջման։ Այսօր պետությունը ձեռքերը լվացել է։ Եվ միավորված միության հետ միայն պետությունը հաշվի կնստի։ – Մեկ միությանը ճնշելն ավելի հեշտ չի՞ լինի, քան մի քանիսի դեպքում, երբ կարծիքներն ու մոտեցումները տարբեր էին։ «Պահեստային» տարբերակը բացառո՞ւմ եք։ Դա նույնն է, թե մենք ընդվզենք, թե ինչո՞ւ լրագրողական կազմակերպությունները մեկը չեն, մինչդեռ գործում է 10-ից ավելի՝ իրենց վարքագծի կանոնագրքերով։ Ցանկացած լրագրողական միության ճնշման դեպքում պետությունը կանգնում է մյուս միությունների առաջ։ – Միության ճանապարհներն էլ մեկն են, գաղափարներն էլ։ Եթե փաստաբանն այսօր խախտում է վարքագծի կանոնները, մի միություն պատասխանատվության կենթարկի, մյուսը՝ ոչ։ Որովհետեւ փաստաբանները հավասար պայմաններ չունեն։ ՓՄ-ն պարտադիր ինստիտուտ է՝ ի տարբերություն ձեր ակնարկած հասարակական միությունների։ Պատկերացրեք, որ հանրապետությունում գործեին մի քանի դատախազություններ։ Կամ հանրապետության նախագահներ լինեին։ Չէր գործի այս պետությունը։ Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728