Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Փետրվար 14,2003 00:00

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ Սուրբ Վալենտինի տոնը մեր ավանդույթի եւ մշակույթի հետ առնչություն չունի՝ ներմուծված է դրսից: Մենք ունենք դարերից եկող Սուրբ Սարգսի տոն, որը մոտավորապես նույն իմաստն է պարունակում: Եվ դա առիթ է խոսելու Սիրո մասին: Խորհրդային շրջանում կար այսպիսի անեկդոտ: Դպրոցում որոշում են սեռաբանություն դասավանդել, եւ ուսուցիչն առաջին դասը սկսում է հետեւյալ հայտարարությամբ. «Սիրելի երեխաներ, մենք խոսելու ենք ոչ թե կնոջ եւ տղամարդու հարաբերությունների, այլ բացառապես հայրենիքի հանդեպ սիրո մասին»: Այդ անեկդոտը մեզ ծիծաղելի էր թվում, որովհետեւ խորհրդային երեսպաշտությունը արգելում էր բացահայտ խոսել սեռերի հարաբերությունների մասին, իսկ հայրենիքի հանդեպ սերը կեղծ, պաշտոնական, պարտադրված բան էր թվում, որը կարող էր միայն քմծիծաղ առաջացնել: Հիմա, ընդհակառակը, սեռերի հարաբերությունների մասին խոսվում է չափից դուրս բացահայտ, ընկերական շրջապատում սիրո մասին մենք ամաչում ենք խոսել՝ առաջին պլան մղելով սեքսը, իսկ հայրենասիրությունը դարձել է քաղաքական գործիչների փեշակ եւ դարձյալ հեգնական ժպիտ է առաջացնում: Մինչդեռ սերը մեկն է, ունիվերսալ է: Երբ, օրինակ, խոսում ենք, այսպես կոչված, «պլատոնիկ սիրո» մասին, հաշվի չենք առնում, որ բուն Պլատոնի հետ դա որեւէ կապ չունի: Նրա «էրոսը» հետեւողականորեն ընդգրկում է սիրո բոլոր աստիճանները՝ սկսած նույն սեքսից եւ վերջացրած իմաստասիրությամբ: Այնպես որ, կնոջ եւ տղամարդու սերն այս նշումներում բերվում է որպես պարզ եւ հասկանալի օրինակ, որը ցայտուն է դարձնում Սերը որպես այդպիսին: Անպատասխան սեր չի լինում: Եթե Նրա կողմից պատասխան չկա, ուրեմն դու էլ չես սիրում՝ քեզ պարզապես թվում է: Երբ դու ասում ես՝ ինչպե՞ս Նա համարձակվեց ինձ մերժել, ինչո՞ւ Նա չբավարարեց իմ ցանկությունները, ինչո՞ւ չիրականացրեց իմ վսեմ երազանքները, չէ՞ որ ես այդքան լավն եմ, երբ սկսում ես տաջվել այդ ապրումների պատճառով ու տանջել ուրիշներին /նաեւ Նրան/, ուրեմն քո սրտում սեր չկա Նրա հանդեպ: Ուրեմն, դու սիրում ես քո զգացմունքները, քո իղձերը, քո երազանքները: Դու պատվանդանի վրա ես բարձրացնում քո ինքնասիրությունն ու սկսում ես կուռքի նման երկրպագել դրան: Իսկական սիրո հետ դա կապ չունի, թեեւ դու կարող ես մոլորության մեջ լինել, իբր տանջվում ես սիրուց: Երբ սիրում ես, Նա քեզ համար նպատակ է, ոչ թե միջոց՝ քո նկրտումներն իրականացնելու համար: Գեղեցկությունը՝ իսկական ներքին գեղեցկությունը թաքնված է, քնած է ամեն մի մարդու մեջ: Այդ գեղեցկությունը կարող է արթնացնել միայն սիրող սիրտը: Ճիշտ այնպես, ինչպես հեքիաթներում արքայազնը արթնացնում է կախարդված գեղեցկուհուն կամ սիրող աղջիկը հրեշին դարձնում է արքայազն: Իհարկե, դրա համար պետք է հավատալ: Դա աղանդավորի հավատը չէ, որը խրամատներ է կառուցում տարբեր ազգերի եւ ցեղերի միջեւ, դա այն ճշմարիտ հավատն է, որը բժշկում է բորոտներին, քայլեցնում է կաղերին, որը լեռներ է շարժում: «Ձեր հավատը միանգամայն բավարար է՝ մերձավորներին ատելու, սակայն չի հերիքում՝ նրանց սիրելու համար»,- նկատել է Ջոնաթան Սվիֆթը: Ամեն ինչ կախված է սրտի, հոգու, ի վերջո՝ մարդու մասշտաբից: Երբ սիրում ես, չես ձգտում Նրան իշխել, Նրան հարմարեցնել քո ճաշակին, Նրան վերաձեւել քո պատկերացումներին համապատասխան: Դու փորձում ես հասկանալ Նրա իղձերը, Նրա հայացքները, Նրա ճաշակը եւ ամեն ինչ անում ես՝ դրանք բավարարելու համար: Երբեք մի մտածիր, որ դու ավելի լավ գիտես, թե ինչ է Նրան պետք եւ, քեզ այդքան իմաստուն համարելով, իբր իրավունք ունես Նրան ինչ-որ բան պարտադրելու: Ինքնախաբեություն է՝ այդ պարտադրված բանը միայն քեզ է պետք: Երբ սիրում ես, չես վախենում ուրիշների աչքին ծիծաղելի երեւալ եւ չես ամաչում լինել նրա «կրնկի տակ»: Ոմանք գուցե կասեն՝ «բա դա ինձ վայե՞լ է, բա կարո՞ղ է ես փալաս եմ»: Դե, ուրեմն ամենահայտնի «փալասը» մեր Տերն է, որն ասել է. «Տվեք, եւ Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնեբերան, զեղուն առատությամբ: Ինչ չափով որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի»: Ինչպես նաեւ. «Ինչ ուզում եք մարդիկ անեն ձեզ, դուք նույնը արեք նրանց»: Սա էքզալտացված կրոնական մոլեռանդություն չէ, այլ ցանկացած բանական, նույնիսկ պրագմատիկ մարդու սկզբունք: Դու ուզում ես որ քեզ սիրե՞ն՝ երկիրը, բնությունը, մարդկությունը, Նա: Շատ լավ: Իսկ ի՞նչ ես դու անում դրա համար: Քեզ պատեպա՞տ ես խփում: Ձեռքերդ դրել ես Նրա կոկորդի՞ն եւ ասում ես՝ «շո՛ւտ արա, սիրի՞ր ինձ»: Հետո էլ կասես, թե ամեն ինչ արեցիր՝ Նրա սիրուն արժանանալու համար: Բայց մի վայրկյան պատկերացրու, որ մեկ ուրիշն է քեզ այդպես խեղդում: Դա քո մեջ կառաչացնե՞ր չասենք՝ սիրո, այլ թեկուզ համակրանքի զգացմունք: Ինչո՞ւ ես կարծում, որ այն, ինչ տհաճ է քեզ, հաճելի է ուրիշին: Եթե սիրում ես, զբաղվիր ոչ այնքան Նրանով, որքան առաջին հերթին՝ ինքդ քեզնով: Ոչ թե սեփական կրքերով, ինքնասիրությամբ կամ հավակնություններով, այլ ճիշտ հակառակը՝ գտիր քո մեջ այն կենարար, ստեղծագործ, կառուցողական ուժը, որը կարող է քեզ սիրելի դարձնել: Քրիստոսից մի քանի դար առաջ չին մտածող Լաո-Ցզին ասել է. «Կերտել եւ չտիրանալ, ստեղծել եւ չպարծենալ, ավագը լինելով՝ չհրամայել»: Իսկ 20 – րդ դարում Էրիխ Ֆրոմը ձեւակերպել է առավել հստակ. «Նա, ով իսկապես սիրում է մի մարդու, սիրում է ամբողջ աշխարհը»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել