Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐՄԱՆ»՝ «ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ»

Մարտ 07,2003 00:00

«ՆՈՐՄԱՆ»՝ «ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ» Երեւանի Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը վերջին տարիներին մեկը մյուսի հետեւից բեմադրեց համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներ, այդ թվում Բելինիի «Նորմա» օպերան, որի բեմադրությունն իրականացրեց մոսկվաբնակ մեր հայրենակից, ռեժիսոր-պրոդյուսեր, միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Հայրապետյանը։ «Առավոտն» անդրադարձել է այս տարվա սկզբին Մոսկվայի Մեծ թատրոնի նոր բեմահարթակում «Նորմա» օպերայի բեմելին։ Բեմադրող ռեժիսոր Բ. Հայրապետյանից հեռախոսով տեղեկացանք, որ Երեւանի օպերային թատրոնի «Նորման» ընդգրկված է Սանկտ-Պետերբուրգում մարտի 27-ից ապրիլի 13-ը անցկացվելիք «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության ծրագրում։ Ավելին, ռեժիսորի խոսքերով. «Ոսկե դիմակ» ասոցիացիայի պրեզիդենտ պարոն Գ. Տարատորկինը եւ գլխ. դիրեկտոր Է. Բոյակովը արդեն տեղեկացրել են Երեւանի օպերային թատրոնի «Նորմայի» օրն ու վայրը, այն է՝ ապրիլի 2, Մարիինյան թատրոն»։ Մեր այն հարցին, թե ինչով բացատրել ներկայացման շուրջ եղած արձագանքները, ռեժիսորն ասաց. «Կարծում եմ, հաջողության «հիմքը» դրվեց 2001թ. աշնանը Երեւանում, երբ թատրոնի գեղղեկավար, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը անդրադարձավ այս գլուխգործոցին։ Բավական է այն փաստը, որ վերջին 35-40 տարիների ընթացքում աշխարհի տարբեր բեմերում «Նորմայի» 20 պրեմիերաներից 13-14-ը «պռավալի» են ենթարկվել եւ գաղտնիք չէ, որ այսօր՝ 21-րդ դարում, նույն աշխարհի ճանաչված օպերային թատրոններից շատերը, բառի իսկական իմաստով, ռիսկ չեն անում մոտենալ այս գործին։ Իսկ ցանկացած ներկայացման հաջողությունն ապահովվում է դերասանական, ռեժիսորական ստեղծագործությունների լիակատար փոխըմբռնմամբ, ներդաշնակությամբ»։ Հեռախոսազրույցից առաջինը տեղեկացանք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում, օպերային եւ բալետային ներկայացումներից բացի, տեղի են ունենում նաեւ այլ միջոցառումներ՝ մոսկովյան այս կամ այն խոշոր ընկերությունների, կազմակերպությունների հոբելյաններ եւ այն։ Վերջիններս տվյալ օրվա համար վարձակալում են դահլիճը։ Ինչ վերաբերում է հյուրախաղերին Մեծ թատրոնի բեմում, այստեղ գործում է հեղինակավոր գեղարվեստական խորհուրդ, որը նախապես դիտում է տվյալ ներկայացման տեսաժապավենը, հետո միայն տալիս իր «դաբրոն» կամ հակառակը։ Օրինակ, մերժվել է Մեծ թատրոնում ներկայացնել Ադրբեջանի օպերային թատրոնի Վերդիի «Ճակատագրի ուժը» բեմադրությունը եւ այլն։ Վերադառնալով «Ոսկե դիմակին», ըստ ռեժիսորի. «Ռուսաստանում, Եվրոպայում, ինչու չէ, աշխարհում ճանաչում, մեծ հեղինակություն վայելող այս փառատոնում առաջին անգամ մի ներկայացում, այս դեպքում՝ «Նորման», ներկայացված է հինգ անվանակարգերում՝ «Լավագույն ներկայացում», «Դիրիժորի լավագույն աշխատանք», «Կանացի լավագույն դերակատարում», «Տղամարդու լավագույն դերակատարում»։ Բնականաբար, գրանցված են մեր արվեստագետների անունները՝ գլխ. դիրիժոր Կարեն Դուրգարյան, մեներգիչներ Մարինե Դեինյան, Վարդուհի Խաչատրյան, Ալեքսանդր Թամազյան»։ Անկասկած, մեծ պատիվ է Երեւանի օպերային թատրոնի մասնակցությունը «Ոսկե դիմակին»։ Մի նկատառում՝ ըստ Բ.Հայրապետյանի, «Նորման» հայաստանյան մշակութային կյանքում՝ «ՍՈՍ ոպսՈ255 ՉՏՐՏվՈ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել