Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՏՈՒՆ»՝ Ո՛Չ ԱՆՀՈՒՅՍ

Մարտ 26,2003 00:00

«ԱՆՏՈՒՆ»՝ Ո՛Չ ԱՆՀՈՒՅՍ «Մալյան» թատրոնը այժմ չի գործում շենք եւ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Մեր զրույցում այս եւ այլ խնդիրների մասին խոսեց Նարինե Մալյանը։ «Դժվար է առանց ֆինանսական աջակցության։ Թատրոն կա, որ ունի շենք, բայց չունի նյութական աջակցություն։ Թատրոն էլ կա, որ չունի շենք, բայց կարող է տարածք վարձակալել։ Մենք ոչ դա ունենք, ոչ էլ մյուսը։ Մեր դերասանների մեջ կան մարդիկ, որ վերջին 100 դրամն էլ կտան ու կգան թատրոն։ Բայց դա ռեժիսորի կողմից նշանակում է շահագործել դերասանին։ Վերջերս հայրիկի ծննդյան կապակցությամբ մի փոքրիկ երեկո կազմակերպեցինք։ Եկան մտավորականներ, արվեստագետներ, ու բոլորն էլ հոգու խորքում վիրավորված էին, որ Հենրիկ Մալյանի հոբելյանը այսպիսի կիսաքանդ, անշուք պայմաններում է նշվում։ Օդի պես անհրաժեշտ է այս թատրոնին շենք ունենալը, ինչի դեպքում այն կդառնա Հենրիկ Մալյանի անվան կենտրոն, որը կունենա երիտասարդական ստուդիա, կլինեն խմբեր։ Դա մեր երազանքն է, նաեւ Մալյանի երազանքը։ Մեր թատրոնի դերասանները շատ բան են ստացել Մալյանի հետ շփվելով եւ այդ գիտելիքները, փորձը պատրաստ են փոխանցել երիտասարդ դերասաններին ու ռեժիսորներին»,- կարծում է Ն. Մալյանը։ Նա ցավում է, որ այսօր որոշ դերասաններ լքել են թատրոնը, թեեւ ուրախ է, որ շատերը իրենց «բախտն են գտել» այլ թատրոններում, դասավանդում են տարբեր բուհերում, շարունակելով ու տարածելով Մալյանի «դպրոցը»։ Արդեն բավական ժամանակ է «Մալյան» թատրոնը «ապաստան» է գտել Կինոյի տանը։ «Նոր շենք ունենալու հույսեր կա՞ն» հարցին Նարինե Մալյանը այսպես պատասխանեց. «Պետությունը խոսք է տվել, դեռ սպասում ենք»։ Թատրոնի ղեկավարը հավաստիացնում է, որ նոր շենք ունենալու դեպքում իրենք այնտեղ մուտք են գործելու նոր գաղափարներով ու ծրագրերով, քանի որ ուզում են թատրոնը համալրել նոր մասնագետներով, պահպանելով, սակայն, այն ամենը, ինչ մալյանական է։ Լինելով «Մալյան» թատրոնում եւ զրուցելով Նարինե Մալյանի հետ, անհնար էր չանդրադառնալ Հենրիկ Մալյանին։ Կյանքի վերջին տարիներին նա երազում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը։ Պատրաստ էր սցենարը, սակայն չհասցրեց ավարտին հասցնել։ Ն. Մալյանը, սակայն, մտադիր չէ շարունակել հոր կիսատ թողած գործը. «Դա իրագործելու համար բավականաչափ կյանքի ու հոգու փորձ է պետք, հարուստ գիտելիքներ ու կուտակումներ»։ «Ազնիվ մարդը, «ազնիվ արյան կազմ» ունեցող արվեստագետը չի կարող արվեստի վատ գործ ստեղծել, ինչպես չի կարող արվեստի նշանակալից գործ ստեղծել անազնիվ մարդը, «անազնիվ արյան տեսակ» ունեցողը»,- գրել է Հենրիկ Մալյանը։ «Երբեմն,- ժպիտով հիշում է նրա դուստրը,- չէր ընդունում շատ տաղանդավոր դերասաններին, երբ զգում էր, որ իր ասած այդ «ազնիվ արյան կազմը» չունեն»։ Ըստ Ն. Մալյանի, հայրը հրաշալի ղեկավար-ռեժիսոր է եղել նաեւ ընտանիքում։ Ինքն էլ ռեժիսոր է դարձել հոր «մեղքով»։ «Մալյան» թատրոնի ռեժիսոր լինելը հեշտ գործ չէր ինչպես Հենրիկ Մալյանի, այնպես էլ նրա դստեր՝ Ն. Մալյանի համար։ «Մենք 16 համարյա պատանի եւ 1 համարյա ծեր ընկերներս,- գրում է Հ. Մալյանը,- հավատում էինք, որ մեր նորաստեղծ թատրոնը եւս նույն տեսակի կլինի, նույն գույնը, նույն ոգին կիշխի թատրոն-ստուդիայում։ Եվ միավորվեցինք։ Կինոմիության շենքի մի փոքրիկ դահլիճ տրամադրեցին մեզ՝ շատ մեծ ու անհաշտ կռիվներից, թոփ ու թվանքի պայթյուններից հետո։ Բեմը նույնպես փոքրից էլ փոքր էր։ Բայց այնքան էլ փոքր չէր ձգտումը, հավատը, ոգեւորությունը»։ Այսօր թեեւ այդքան էլ մեծ չէ Ն. Մալյանի հավատն ու ոգեւորությունը, փոխարենը մեծ է ձգտումը՝ վերականգնելու ու ապրեցնելու «Մալյան» թատրոնը։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել