Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ

Ապրիլ 10,2003 00:00

ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ Էլեկտրոնային դասագրքի առավելությունները Եղած հայոց լեզվի ինքնուսույցներին ավելացել է եւս մեկը՝ էլեկտրոնային դասագիրք, որը հեղինակի՝ Սամվել Իսկանդարյանի խոսքով (համահեղինակ՝ Գրիգոր Վահանյան)՝ 15 տարվա աշխատանքի արդյունք է։ Համակարգչի միջոցով լեզու սովորելու համար նախատեսված այս ինքնուսույցը հասցեագրված է ինչպես ճակատագրի բերումով մեր ազգային լեզվին անհաղորդ մնացած հայերին, այնպես էլ ռուսախոս կամ անգլախոս օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են անհամեմատ կարճ ժամանակամիջոցում տիրապետել հայերենին։ Եռալեզու աշխատությունը (հայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պատկերազարդ դասագիրք է՝ գրանցված լազերային սկավառակի վրա, որի հայերեն տեքստերը ձայնագրված են։ Ուսուցման մեթոդի հիմքում դրված է խաղը՝ իբրեւ դարերով փորձված միջոց։ Կիրառված է նաեւ լեզուների ուսուցման ռուսական եւ եվրոպական առաջավոր փորձը։ «Հայոց լեզվի ինքնուսույցը» բնույթով տեղեկատվական է, բազմաթիվ ու բազմազան նյութեր է պարունակում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Ուստի այն կարող է նաեւ կրթական որոշակի ծրագրի հիմք հանդիսանալ եւ որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվել ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհերում։ Ըստ ինքնուսույցի հեղինակի, այս էլեկտրոնային դասագիրքը քերականական բացատրություններ չունի եւ ամբողջությամբ գործնական ուսուցման նպատակ է հետապնդում։ Բաղկացած է 34 դասից, որից 9-ը բանավոր է, քանի որ սկզբում սովորեցնում են խոսել, հետո՝ գրել-կարդալ։ Ինքնուսույցի հիմքում հաճախակի օգտագործվող բառեր են, դիդակտիկ նյութեր։ 10-12-րդ դասերը հատկացված են գրավոր խոսքին, իսկ մյուսները բաժանված են ըստ թեմատիկայի, օրինակ՝ երկխոսություններ խանութում, մարզահրապարակում։ Թեմաներ կան նվիրված գույներին, թռչուններին։ Յուրաքանչյուր դաս բաղկացած է 3 մասից։ Առաջին մասում բառային նյութն է տրվում, երկրորդում՝ երկխոսություններ, երրորդում՝ վարժություններ։ Քերականությունը ուսումնասիրվում է վարժությունների միջոցով։ 34- րդ դասից հետո 100 բալանոց թեստով կարելի է ստուգել գիտելիքների մակարդակը։ Ինքնուսույցում ներկայացված է Հայաստանը. յուրաքանչյուր բառ սովորեցնելիս դասագրքի հեղինակները այն կապել են հայկական միջավայրի հետ։ Օրինակ, դասերից մեկը կոչվում է «Հայաստանի ամենագեղեցիկ պողոտան». ներկայացված են Մաշտոցի պողոտան եւ բոլոր նշանավոր շենքերն ու հիմնարկությունները, նաեւ պատմություններ։ Եթե սովորեցվում է «ծով» բառը, ներկայացվում է Այվազովսկու կտավը։ Իսկ համապատասխան կոճակի սեղմումով կարելի է ստանալ Այվազովսկու կենսագրությունը, նրա նկարների ցանկը եւ այլ տեղեկություններ։ Դասագրքի հեղինակները զուրկ չեն հումորի զգացումից։ «Տղա» եւ «աղջիկ» բառերը սովորեցնելիս օգտագործվել են ապակի ջարդող տղա երեխայի եւ փոքրիկ աղջկա (որի մազերը քաշքշում է տղան) նկարներ։ Յուրաքանչյուր օրինակ կապված է հայ մշակույթի հետ։ «Մարդ» բառը սովորեցնելու համար օգտագործվել է ոչ թե սովորական մարդու նկար, այլ Հակոբ Հակոբյանի կտավը։ Դասագրքում կան գլխավոր հերոսներ՝ անգլիացի Թոմն ու Մերին, տիկին եւ պարոն Սմիթները։ Ռուսական միջավայրի հերոսները Սաշան ու Մաշան են, հայաստանցիները՝ ուսուցիչ Դարյանը (նույն ինքը՝ Սամվել Իսկանդարյանը) եւ նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ Անահիտը, զավակները՝ Մարգարիտը, Դավիթը, Աստղիկը։ Առաջին դասում Հայաստանի խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը, Սահմանադրությունը եւ քարտեզը։ Համապատասխան կոճակի սեղմումով կարելի է ստանալ Սահմանադրության ողջ տեքստը՝ երեք լեզվով։ Դեռ դասագրքի էլեկտրոնային տարբերակը չեղած, հեղինակը այն «փորձարկել» է Երեւանի բուհերից մեկում ու մշակել է մեթոդ, որի շնորհիվ 146 ժամվա ընթացքում հնարավոր է հայերեն սովորել։ Հայոց լեզվի ինքնուսույցի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ «Գլաձոր» համալսարանում։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել