Լրահոս
Օրվա լրահոսը

Ավերակների լռությունը

Ապրիլ 12,2003 00:00

Ավերակների լռությունը Նորք-Մարաշի Հովսեփյան 95 հասցեում է գտնվում նախկին «Ծիծեռնակ» երիտասարդական տուրիստական կենտրոնը, որտեղից խմբագրություն ահազանգ ստացվեց։ 406 սենյակում, որն ընդամենը 8 քմ է, ապրում են երկու կանայք՝ 13 տարի առաջ բռնագաղթված Բաքվից։ Նրանք երկուսն էլ երկրորդ կարգի հաշմանդամ են, մայրը՝ Մարիանյան Լյուդմիլան (ծնվ. 1934թ.) եւ Լարիսան՝ դուստրը (ծնվ. 1959թ.)։ Բակ մտնելիս առաջին տպավորությունն այն էր, որ կառույցն անմարդաբնակ է, տեղ-տեղ (նախկին կից կառույցները) ավերված շինություններ էին, անխնամ, աղբածածկ տարածք ու քար լռություն։ Շենքի ներսն ավելի վատթար էր, քան արտաքինը, գոնե դրսում գարնանային արեւ կար։ Առաջին հարկի աստիճանահարթակի տակ տարիների աղբ էր կուտակված, բորբոսի ու կենցաղային աղբի այնպիսի հոտեր էին միախառնված, որ զարմանալի էր, թե ինչպես են այդտեղ ընդհանրապես մարդիկ ապրում։ Զարմանալի էր նաեւ, որ 12 ընտանիք ունեցող 3 հարկանի շինությունը այդպիսի կեղտի մեջ էր թաղված։ 12-ից 2-ը Գյումրիից են, իսկ մնացած 10-ը՝ փախստականներ։ Սենյակը, ուր այցելեցինք, գտնվում էր 3-րդ հարկում։ Այն վթարային վիճակում է, տանիքը վնասված է, դուռը խոնավությունից ուռել ու չի փակվում։ Լարիսան բրոնխիտից շնչահեղձ լինելով (նա օրական 8 անուն դեղ է ընդունում) պատմում էր, որ դիմել են տարբեր կազմակերպությունների՝ ՄԱԿ, Փախստականների վարչություն, թաղապետարան, առողջապահության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե, կառավարություն եւ, իհարկե, նախագահին՝ եւ ոչ մի արձագանք։ «Մենք Բաքվում ապրում էինք մարդու նման, ունեինք աշխատանք, լավ պայմաններ եւ այն ամբողջ խնայողությունները, որով մեքենա պիտի գնեի, բավարարեց բենզինի համար միայն, որ հասնենք այստեղ, իսկ այժմ մեզ հետ վարվում են ինչպես կենդանիների եւ այս 13 տարիների ընթացքում հաշմանդամ դարձանք»։ Մորը, որ բուժքույր է աշխատել Նորքի ծերանոցում, կրճատել են որպես թոշակառուի եւ ոչ մի փոխհատուցում չի ստացել աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի պատճառով հաշմանդամ դառնալուց հետո։ Լարիսան պատմում էր նաեւ, որ իրենց մոտ համարյա բոլորն են վատ վիճակում։ Ամեն տարի բնակիչներից 2-3 մարդ է մահանում, քանի որ չեն կարողանում ստանալ նույնիսկ տարրական բուժօգնություն։ Հիվանդանոցի ու թաղման համար միջոցներ չունեն։ Երկրորդ հարկում ապրում է մի մարդ, որը հիվանդ է տուբերկուլյոզով եւ նա ոչ էլեկտրական հոսանք ունի, ոչ էլ ապրելու միջոց, բոլորն օգտվում են միեւնույն կոմունալ հարմարություններից։ Տղամարդիկ շատ քիչ են եւ երբ ինչ-որ բան է պատահում, կանայք հայտնվում են անզոր վիճակում։ Ցանկացած օգնության կանչ բումերանգի նման հետ է վերադառնում՝ ձեր տարածքը սեփականաշնորհված է եւ վերջ։ Միայն «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն է օգնում ինչ-որ կերպ։ Սակայն եթե առաջ նրանք գալիս, բուժօգնություն ու դեղորայք էին բերում, ապա այժմ «Նաիրի» հյուրանոցում են տեղավորվել եւ ինքդ պիտի գնաս, իսկ եթե հիվանդ ես ու չե՞ս կարող: «Ծիծեռնակ» ԵՏԿ բաց բաժնետիրական ընկերությունը 1998 թվին բաժնետոմսերի 52 միլիոն դրամ արժեքով սեփականաշնորհել է տնօրեն Սարգիս Սարգսյանը, որը նաեւ ըստ պայմանագրի (պայմ. Թ-67-Մ, 24 մարտի 1999թ.) 5-րդ կետի, պարտավորվել է նախ մասնավորեցումից հետո 3 տարվա ընթացքում կատարել ներդրումներ 160 մլն դրամի չափով, ապա 2 տարվա ընթացքում փախստականներին տրամադրել ժամանակավոր կացարաններ, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին նրանց ապահովել աշխատանքով։ Որպես պարտավորվածություն նշվել է նաեւ, որ պայմանները չկատարելու դեպքում մեկամսյա ժամկետում պահանջվում է փոխհատուցել գումարը։ Եվ եթե դա չապահովվի, հայց է ներկայացվում դատարան։ Պայմանագիրը ստորագրված է սեփականաշնորհման նախարարության կողմից, Պավել Ղալթախչյանի անվամբ, 1999թ. մարտին։ Ավելորդ է ասել, որ վաղուց անցել են սահմանված ժամկետները եւ Ս. Սարգսյանը չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Մենք չկարողացանք գտնել տնօրենին. բնակիչներն ասում են, որ նրա հեռախոսը անջատված է պարտքերի պատճառով եւ պայմանագրում նշված նրա հասցեն մեր փնտրտուքի արդյունքում սխալ դուրս եկավ։ Բնակիչներից մեկն ասաց, որ տնօրենը խոստացել է մինչեւ այս տարվա վերջ լուծել հարցերը։ «Առավոտն» անկնկալում է պրն Սարգսյանի պատասխանը։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել