Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղում ավելի լավ են լուծվում

Մայիս 06,2003 00:00

Տեղում ավելի լավ են լուծվում Վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ ճգնաժամի պատճառով հանրապետությունում կատարվել են չհամակարգված զանգվածային ծառահատումներ, որոնք անտառային տարածքների ոչնչացումը հասցրել են ահռելի մասշտաբների։ Թումանյանի տարածաշրջանի Օձունի եզակի տարածքներում տուժել են ոչ միայն ծառերը, այլեւ խախտվել են հողապաշտպան եւ ջրակարգավորիչ ֆունկցիաները։ Այդ պատճառով էլ անցյալ տարի ջրազրկվել են համայնքի գրեթե բոլոր աղբյուրները։ Ըստ Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի, էներգետիկ ճգնաժամի տարիներին այստեղ 200 հեկտարի հասնող ծառահատումներ են կատարվել։ Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումների համաձայն, եթե հատումները շարունակվեն այսպիսի ծավալներով, ապա Հայաստանի անտառները կանհետանան առաջիկա 20 տարվա ընթացքում։ Ջեյմս Թուֆենկյանի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի մշակած անտառների վերականգնման ծրագիրը նախաձեռնել է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել Լոռու եւ Կոտայքի մարզերի առավել վնասված հատվածներում։ Այս ծրագրի շրջանակներում ներառված է նաեւ Օձուն գյուղը, որտեղ էլ վերջերս հիմնվեց Հայաստանի առաջին համայնքային անտառը։ Մայիսի երկուսին համայնքային անտառի հիմնական աշխատանքներին մասնակցելու էին գնացել նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի աշխատակիցներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վարդան Այվազյանը համայնքային անտառների ստեղծման դերը նախեւառաջ կարեւորեց նրանով, որ այս դեպքում համայնքը դառնում է անտառի տերն ու տնօրենը եւ ստանձնում է այն կառավարելու, շահագործելու իրավասությունը։ Նախարարն ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ տեղում բոլոր խնդիրներն ավելի լավ են լուծվում, քան կենտրոնից ղեկավարման պարագայում»։ «Հայանտառի» համակարգի անտառտնտեսություններում այս տարի նախատեսված է անտառհիմնման աշխատանքներ իրականացնել 235 հա-ի վրա, որից միայն 80 հա-ն՝ Լոռու մարզում։ Անտառների վերականգնման եւ պահպանման համար պետբյուջեից տարեկան ներդրվում է 200 մլն դրամ եւ տնկվում է 2 մլն ծառ։ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ այս բոլոր միջոցներից անպայման կտրամադրվեն նաեւ Օձունին։ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը Օձունում իրականացնում է անտառվերականգնման, անտառապատման ու խնամքի երեքամյա ծրագիր՝ 100 հա տարածքի սահմաններում, որից գյուղատնտեսության համար ոչ պիտանի 50 հա տարածքը տրամադրել է համայնքը, իսկ մյուս 50 հա-ն՝ «Հայանտառի» պետական անտառային ֆոնդից։ Մեկ ամսվա ընթացքում Օձունում տնկվելու է շուրջ տասը տեսակի 125 հազար ծառ՝ կաղնի, հաճարենի, սոճի, պտղատու ծառեր։ Մելիք Այվազյանի հավաստմամբ, այդ տնկիներից 100000-ը անպայման «կկպնեն» եւ տարիներ հետո սաղարթախիտ ծառեր կդառնան։ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն օձունցիների հետ միասին սկսել է նաեւ անտառների պահպանման աշխատանքների ծրագիրը. պատրաստվում է 2 կմ երկարությամբ ցանկապատ, որը կպաշտպանի ոչ միայն նորատունկ 100 հա անտառը, այլեւ եղած անտառային տարածքները։ Անտառի ոռոգման հարցերը նույնպես արդեն լուծված են։ Այս խնդիրը մասամբ կլուծի բնությունը, քանի որ այս տարվա առատ ձյունն ու անձրեւները բավականին ջրային պաշարներ են գոյացրել սարերում, սակայն հետագայում տնկիները կջրվեն արհեստական ճանապարհով՝ ցիստեռնների միջոցով։ Օձունը իր բնակչության թվով (5800) հանրապետության երկրորդ մեծ գյուղն է համարվում։ Այստեղ գործազուրկների թիվը ահռելի չափերի է հասնում։ Ճիշտ է, գյուղը գազիֆիկացված է, սակայն բնակիչներից շատերը վճարունակ չեն, ուստի բնակարանները ջեռուցելու միակ միջոցը անտառանյութն է մնում։ Այս երեւույթը կանխելու համար անտառապատման ծրագրում ներգրավվել է համայնքի չքավոր ընտանիքներից շուրջ 250 մարդ, որից շատերը քրտնաջան աշխատանքի գումարով կկարողանան օգտվել գազից եւ հրաժարվել ծառահատումից։ Սակայն գյուղացիներից շատերի պնդմամբ, օրվա գումարը բավականացնում է միայն հացի, իսկ գազիֆիկացման խնդիրը դեռ անլուծելի է։ Նորաստեղծ անտառ ունենալու երջանկության հետ մեկտեղ, գյուղացիներն ուրախանում էին, որ օրվա վերջում իրենց աշխատանքի դիմաց ստացած 1200 դրամով ինչ-որ չափով կլուծեն իրենց բազմանդամ ընտանիքների հոգսերը, թեպետ երբեմն օրվա վաստակը ստիպված են լինում հատկացնել բահ գնելուն, քանզի իրենց աշխատանքային գործիքներ չեն տրամադրվում։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել