Լրահոս
Օրվա լրահոսը

Հիպերակտիվություն

Մայիս 17,2003 00:00

Հիպերակտիվություն Բնապահպանական տեսչության 2002 թվականի հաշվետվության տվյալներով, միայն անցյալ տարի հայտնաբերվել է 24 անօրինական հանք, իսկ շահագործման փաստաթղթեր ունեցող 183 հանքավայրում տնտեսական գործունեություն չի իրականացվել։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի տեղեկությամբ էլ, գրանցված 270 հանքավայրերը միասին անցյալ տարի ապահովել են շուրջ 300% արդյունահանման աճ (նախորդ՝ 2001-ի համեմատ)։ Եթե 270-ից 183-ում տնտեսական գործունեություն չի իրականացվել եւ աճն ապահովվել է փաստացի աշխատող 90 հանքավայրում, պատկերացրեք, ինչպիսի աստղաբաշխական աճ կապահովեն բոլորը միասին շահագործվելու դեպքում։ Չմոռանանք նշել, որ անօրինական ճանապարհով արդյունահանվող ծավալները դեռեւս փոքր թիվ չեն կազմում։ Նույն բնապահպանական տեսչության տվյալներով, անցյալ տարի այդ թիվը կազմել է 51,5 հազար խորանարդ մետր։ Այդքանը՝ հայտնաբերված կամ, ավելի շուտ՝ հայտնաբերված ու չթաքցրած «անօրինական» պաշարն է, իսկ եթե մեջտեղ բերվեն «թիկունքը պինդ» սեփականատերեր ունեցող հանքավայրերից օրական իրացվող տուֆը, գրանիտն ու այլ հանածոներ, ապա ներկայացված 51,5 հազարը խղճուկ թիվ կդառնա։ Այնուամենայնիվ, բնապահպանության նախարարը գոհ է ոլորտում կատարվող աշխատանքների որակից էլ, ձեւից էլ։ «Կատակ բա՞ն է մի տարվա մեջ 300% աճը, այդ ո՞ր համակարգում է այդպիսի թիվ գրանցվել։ Ես դա վերագրում եմ ոլորտի կառավարման բարելավմանը, օրենսդրական փոփոխություններին եւ վերահսկողության բարձրացմանը»,- մի առիթով ասաց նա։ Օրենսդրական մի փոփոխություն էլ անցյալ տարի բնապահպաններին հնարավորություն տվեց ընդերքշահագործման 25 տարով կնքված պայմանագրից զրկել 70 հանքատիրոջ, որոնք ներդրման համար չունեին այնքան գումար, որքան պահանջվում էր նոր փոփոխությամբ։ Ընդերքի մասին օրենքը պարտադրում է արդյունահանել այնքան ծավալով օգտակար հանածո, որքան կա տվյալ տեղամասում։ Նշենք, որ պաշարները գնահատված եւ հաշվառված են Հայաստանի բոլոր տարածքներում մետր առ մետր, դեռեւս խորհրդային տարիներին։ Հողերի մասնավորեցումից հետո շատ հանքավայրեր (հատկապես՝ տուֆի), ցանկացողներին տրամադրվեցին որպես վարձակալված հողատարածքներ։ Հանքատերերն էլ ձեռք էին բերում ընդամենը քարկտրիչ մեքենա եւ վերջ։ Թե շահագործողը մի քիչ օրինապահ մարդ էր, ուրեմն արդյունաբերության նախարարության հետ կնքում էր ընդերքշահագործման 25 տարվա պայմանագիր։ Վերահսկող բնապահպաններին «փափուկ» ճանապարհելն օրինաչափություն էր։ Այս մասին անցյալ տարի առիթ ենք ունեցել անձամբ տեղեկանալու նույն ընդերքշահագործողներից՝ Աշտարակի եւ Արթիկի մի շարք գյուղերում։ Պատկերն այժմ էլ չի փոխվել։ Այդտեղ տուֆի դաշտերը համատարած գերեզմանոց են հիշեցնում։ Հանքատերերը կտրել են երեսի 1-2 շերտն ու գնացել առաջ։ Որովհետեւ քարը գնալով կարծրանում է, ավելի հաճախ են կոտրվում մեքենայի «դանակներն» ու արդյունահանելը ձեռնտու չի դառնում։ Բացի այդ, հանքատերերից ոչ ոք չի մտածում «սափրած» հողատարածքը նախկին տեսքի բերել կամ, մասնագիտական լեզվով՝ ռեկուլտիվացիա անել։ Իսկ տուֆե ծածկույթի վրա բուսականություն չի աճում։ Աշտարակ-Արթիկ ավտոմայրուղուն զուգահեռ, այդ անկենդան տխուր պատկերը ձգվում է տասնյակ կիլոմետրեր։ Այս առումով Ընդերքի մասին ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունները կարեւոր էին։ Հանքարդյունաբերողներն արդեն պարտավոր են ոչ միայն արդյունահանել տարածքում գնահատված կամ առկա ողջ պաշարը, այլեւ ավարտից հետո լիցքով ծածկել գոյացած փոսը։ Տրամաբանական է, որ ծածկույթն իր մակարդակով բավականին կցածրանա, նախկինի համեմատ՝ կիսով չափ, որովհետեւ ոչ մետաղական հանքավայրի օգտակար ելքը կազմում է 30%, մնացածը դատարկ ապարներ են։ Բայց ինչքան էլ ցածր, հողածածկույթը կվերականգնի նախկին բնական տեսքը եւ կուղղի-կփոխի բնաշխարհի հոշոտված ու աղավաղված դիմագիծը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031