Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ

Մայիս 17,2003 00:00

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Այլընտրանք Ո՞րն է, այնուամենայնիվ, ելքը, ի՞նչը կարող է լուծում կամ համադարման լինել հիշատակված եւ դրանցից ածանցյալ այլ պատուհասների: Եվ ո՞վ կարող է վերցնել պատասխանատվության խաչը: Վերացարկվելով անհատների դերից, չպետք է մոռանալ, որ ոչ մի փոփոխություն պահանջարկված չէ եւ չի կարող տեւական լինել, եթե դրա ժամանակը չի հասունացել: Այս իմաստով անցման փուլ կոչվող ժամանակն ակնհայտորեն անցել է, սպառվել եւ հասունացել է որակապես նոր, միաժամանակ՝ բնականոն ու իրական կայունություն ապահովող փոփոխությունների ժամանակը: Այլ խոսքով՝ ժամանակն, իրոք, հասունացել է: Բոլոր փորձանքների հետ միասին ժողովուրդն ունի նաեւ բարեբախտություն՝ տեսնելու մարտահրավերն ընդունողի բոլոր կամային հատկանիշներն ու առաքինությունները մարմնավորողին, որոնք բոլորովին էլ անձնավորված չի կարելի գնահատել: Ի վերջո, վերածնված հույսը, վստահությունն ու համախմբված գործելու պատրաստակամությունը չեն կարող անհասցե լինել: Դրանք շատ իրական ու առարկայական են: Իսկ իրատեսական գնահատականը կարող է բխել սթափ համադրումից կամ հակադրումից: Այսպիսով՝ ինչպիսի՞ն է ժողովրդի ակնկալած առաջնորդի նկարագիրը. * դիտո՞րդի, թե՞ տիրոջ դերում, ու տիրոջ իրավունքով տեր կանգնելու ե՛ւ դժվարություններին, ե՛ւ հաջողություններին, * անհաղորդ ու մեկուսացված ժողովրդի՞ց, թե՞ նրա հոգսերով իրապես ապրող, * հիշաչա՞ր, թե՞ մեծահոգի, * էպիզոդիկ քայլեր մոգոնո՞ղ, թե՞ սթափ որոշում կայացնող եւ այն հետեւողականորեն իրականացնող, * հասարակությունը պառակտող ու կազմալուծո՞ղ, թե՞ ժողովրդին միաբանող եւ մարդկանց, նրանց կարողություններն ու միջոցները համախմբող, նաեւ սեփական օրինակով մարդկանց ոգեշնչող, * կամայականություններ ու անպատժելիություն սերմանո՞ղ, թե՞ օրինապաշտ եւ օրենքի իրական պաշտպան, * սեփական անձը եւ իշխանությունը մի խումբ մարդկանց պատանդ դարձրա՞ծ, թե՞ իշխանությունը ժողովրդին ու երկրի առաջընթացին ծառայեցնող: Նման հարցադրումներն արդեն ուրվագծում են ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ՝ առանց ավելորդ գունազարդումների: Առարկայական եւ ենթակայական գործոններն այսօր ձեւավորել են այն իրողությունը, որում ապրում ենք բոլորս, ներառյալ մեզնով ապրող արտերկրի հայությունը եւ առնվազն՝ տարածաշրջանը: Ընտրությունը պետք է անենք այն իրողությունից, որը կա եւ ոչ նրանից, ինչը ցանկալի էր կամ երեւակայական: Հասարակությանը նետվել է մարտահրավեր եւ հենց նրա պահանջով է ձեւավորվել իր բնույթով եւ բովանդակությամբ աննախադեպ դաշինքը, որը ընտրել է իր առաջնորդին, ում համար ժողովրդին ծառայելը ոչ թե սոսկ խոսքեր են՝ փոխառնված դասականներից, այլ ծնողից ժառանգած կենսակերպ: Նույնքան բնական է այն պահանջը, որը դարձել է դաշինքի անվանումը: Եղածը քննադատելն ու բացթողումները մատնացույց անելը, իհարկե, լուծում չեն կարող լինել, առավել եւս ելք՝ ստեղծված իրավիճակից: Այս պարագայում գործողությունների ծրագիրն է, որ ձեւավորել է համախոհություն ու համոզմունք՝ իրական այլընտրանքի, որը տանում է դեպի՝ * ժողովրդի հանդեպ իշխանության պատասխանատվության բարձրացում, * կառավարման ուռճացած բյուրոկրատական ապարատի կրճատում ու ռացիոնալացում, * տնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման գործում պետական ծառայողների համար աշխատանքային առաջընթացի ապահովում, * մասնագիտական գիտելիքների, գործիմացության, բարոյական հատկանիշների եւ կենսափորձի հիման վրա կադրային քաղաքականության իրականացում, * ծրագրված եւ համակարգված օրենսդրական քաղաքականության իրականացումը. օրենսդրական դաշտի հստակության եւ կանխատեսելիության ապահովում՝ ընդունված օրենքների իրականացումը կամրապնդեն պետության նկատմամբ քաղաքացիների վստահություն, * երկրի պետական, ռազմական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության ապահովում՝ միտված Անվտանգության գործուն Խորհրդի ձեւավորմանը՝ համապատասխան հայեցակարգերի հիման վրա, * ազգային տնտեսության մրցակցային առավելությունների իրատեսական վերլուծություն, գերակայությունների հստակեցում եւ դրանց հիման վրա արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացում, * մասնավորեցման գործընթացում, գործերի կառավարմանը աշխատավորական կոլեկտիվների մասնակցության ապահովում, * պետության ձեռքում ռազմավարական նշանակության օբյեկտների վերահսկիչ փաթեթի պահպանում, * պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում, * պետական մակարդակով Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ ավանդական տնտեսական կապերի զարգացում՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, համատեղ ծրագրերի իրականացման եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման միջոցով, * ներդրումների համար գրավիչ միջավայրի ձեւավորում՝ առաջին հերթին տեղական, ապա՝ արտասահմանյան ներդրումների համար, * նոր աշխատատեղերի ստեղծմամբ լքված գյուղերի վերաբնակեցումը եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացում, * գյուղին եւ գյուղմթերքներ արտադրողներին պետական համակողմանի աջակցություն, * հարկային համակարգի վերակառուցումն ու պարզեցումը. հարկերը պետք է լինեն արդարացի եւ պարտադիր վճարելի բոլորի համար, * պետության կողմից վարկերի նպատակային եւ արդյունավետ օգտագործման, դրանց արագ փոխհատուցման նկատմամբ վերահսկողության սահմանում, * վերջին տարիներին արտագաղթած գործարարներին երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելու պայմանների ապահովում, * Արցախի հետ տնտեսական սերտաճման ընթացիկ ու հեռանկարային համապարփակ ծրագրի մշակումն ու իրականացում, * քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության երաշխիքների հաստատում, * ավանդատուների միջոցների վերադարձման նկատմամբ պետական պատասխանատվության ստանձնում, * բնակչության անապահով խավերի համար անվճար առողջապահության եւ կրթության ընդլայնում, * գիտության, մշակույթի եւ կրթության համակարգված զարգացում, * երկրի առաջընթացում երիտասարդության հմտությունների եւ գիտելիքների պատշաճ օգտագործման համար պայմանների ապահովում, * թշվառության կրճատմանը, անպաշտպան խավերի պարենային նվազագույն զամբյուղի ապահովմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացում, * միջազգային ասպարեզում արտաքին քաղաքական համապարփակ դոկտրինայի հիման վրա ազգային շահերի պաշտպանություն, * օրենքի գերիշխանության հաստատում, * իրավական, ժողովրդավարական պետության կայացում, * արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծում: Այլընտրանքը ոչ միայն ՈՎ է, ԻՆՉ ԱՆԵԼՆ է, այլեւ ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼԸ: Թե մենք, թե մեր քայլերին հետեւող, խորհուրդ տվողները ներսում եւ դրսում, օրինական ճանապարհով իրականացվող իշխանափոխության նախադեպ չեն տեսել: Փակուղում է նաեւ իշխանությունը: Հոգեբանական եւ իրավական փակուղում: Դրա գիտակցումը հանգեցնում է լուրջ բարդույթների, որոնք իրենց մնացած կյանքի վրա որոշիչ ազդեցություն են թողնում: Իսկ բարդութավորված ոչ միայն երկիր, այլեւ ընտանիք կամ սեփական անձը հնարավոր չէ կառավարել: Այնուհանդերձ, ելքը կա, բայց ոչ՝ իշխանությունների համար: Ու թող հաղորդակցման առայժմ միակ միջոցը ոչ թերագնահատեն, ոչ էլ հեգնեն: Իշխանամետ ԶԼՄ-ները փորձում են հավատացնել, թե հանրահավաքների գալիս են մարդիկ, ովքեր պարապ են: Պարապ են նման պիտակ կպցնողների հոգիները, որոնք անհաղորդ են իրենց իսկ ժողովրդի հոգեկան խռովքին, նրան հուզող խնդիրներին ու մի խումբ ապազգայինների կողմից հասցված համազգային վիրավորանքին ու ցավին: Թող հիշեն, որ այդ «ուղտն իրենց դռանն էլ է չոքելու» եւ այն ժամանակ նրանց կարող է ժողովուրդը ականջալուր եւ ցավակից չլինել. սրա գիտակցումը գուցե ոմանց ուշքի բերի: Իսկ քաղաքականացված, կուսակցական մի դերասան հանրահավաքներն անվանեց թատրոն եւ մտավախություն հայտնեց, որ այլեւս կկորցնի իր հանդիսատեսին: Սիրելի վարպետ, եթե այդքան մտահոգված էիք քաղաքական թատրոններով, ապա օգնեիք Ձեր հովանավորներին այնպիսի ներկայացում բեմադրելու, որի ձախողումից ոչ իրենք, ոչ էլ ողջ երկիրը խայտառակ չլինեին աշխարհով մեկ: Իսկ հանրահավաքը, նույնիսկ մասնակիցներից մեկի խոսքերով ասած՝ աշխատանքի վայր չէ, ուր պետք է գալ ամեն անգամ՝ ցույց տալու, թե որքան ստվար են մարդկանց շարքերը: Ո՛չ: Իմ համոզմամբ, այսօրվա հանրահավաքները դարձել են ուխտատեղի, ուր յուրաքանչյուրս պետք է գանք՝ ամրապնդելու մեր հավատը: Հավատն առ Աստված, հավատը մեր սեփական ուժերի ու մեր հավաքական կամքի նկատմամբ, մեր արդար ձայներով ընտրված իրական նախագահի ու մեր միասնական հաղթանակի նկատմամբ: Հետեւաբար՝ ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ եւս կարող է լինել. Միայն օրենքով, խելքով ու հավատով վերստին փաստելու ինքներս մեզ, եթե հարկ է, նաեւ՝ աշխարհին, որ մտավոր կարողության, հզոր հավատի տեր, զուսպ եւ օրինապաշտ ժողովուրդ ենք, հետեւաբար՝ գերագույն արժեքների շուրջ միաբանվող ու հաղթող: Սա, իր հերթին, հատվածականություն չի ճանաչում: Քաղաքական հոգեվարքն ավարտին հասցնելու, ժամանակի մարտահրավերով այլընտրանքն իրականություն դարձնելու համար պահանջվելու է ուժերի, կարողության, մտքի ու հնարավորությունների համընդհանուր համախմբում: ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031