Լրահոս
Օրվա լրահոսը

Ում ուզում են՝ թող դարձնեն

Հունիս 10,2003 00:00

Ում ուզում են՝ թող դարձնեն ԱԺ ղեկավար պաշտոնների մասին ասում է Ալբերտ Բազեյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է դաշինքի դիրքորոշումը ԱԺ ղեկավարության, մասնավորապես՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցին. «Իրենց խնդիրն է, թե ում կդարձնեն ԱԺ նախագահ։ Այն մեթոդներով, որ օգտագործվեցին նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության քվեն կեղծելու համար, հիմա էլ կարող են ճնշում գործադրել իրենց պատգամավորների վրա, պարտադրել բաց քվեարկություն։ Սա իրենց գործելակերպն է։ Մեր գնահատականը մեկն է՝ նման իշխանությամբ Հայաստանը զարգացում ունենալ չի կարող։ Հայաստանը պետք է ընտրի ժողովրդավարական զարգացման ուղին։ Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ այս ամենի պատասխանատվությունն այն ուժերինն է, ովքեր պաշտպանեցին գործող նախագահին, ովքեր ԱԺ-ում ունեն մեծամասնություն։ Ուրեմն թող կրեն այդ պատասխանատվությունը եւ լուծեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները»։ Կոնկրետ Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահի թեկնածության դեմ որեւէ խոսք չասելով, պրն Բազեյանն ընդգծեց՝ «Արթուր Բաղդասարյանին հնարավորություն կտրվի իրականացնել իր՝ սոցիալական ոլորտին վերաբերող խոստումները. 10 անգամ բարձրացնել կենսաթոշակն ու աշխատավարձը, վերադարձնել ավանդները, Հայաստանը դարձնել օրենքի երկիր։ Կսպասենք, կտեսնենք, թե ինչպես են օրենքի երկիր դարձնում անօրեն նախագահով»։ Ո՞վ է այն անձը, որի հրահանգով, կամքով կամ ուղղորդմամբ տեղի է ունենում պաշտոնների բաժանումը, արդյո՞ք այդ ամենը կատարվում է երկու անձերի՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ աշխատանքի շնորհիվ, թե՞, այնուամենայնիվ, նրանցից մեկն ավելի ուժեղ է։ Այս հարցին պատասխանելով, Ալբերտ Բազեյանը նախ ասաց. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչպիսի հարաբերություններ կան Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, ամեն դեպքում ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններում շատ ավելի մեծ էր Սերժ Սարգսյանի ազդեցությունը։ Եթե մենք նորմալ պետություն լինեինք, պետության ճիշտ ընթացքի համար ցանկալի է, որ ռեալ ազդեցության լծակներ ունեցող քաղաքական գործիչն ունենա համարժեք պատասխանատվություն եւ ոչ թե խամաճիկի պես որեւէ մեկը լինի ԱԺ նախագահ եւ, ենթադրենք, պաշտպանության նախարարը նրան հրահանգներ տա»։ Երկրի ներքաղաքական նման իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Ալբերտ Բազեյանի կարծիքը միանշանակ է. «Ակնհայտ է, որ Ղարաբաղի անվտանգության եւ անկախության իրական երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Կկարողանա՞նք ունենալ ուժեղ պետություն, ուրեմն կկարողանանք քիչ թե շատ հայանպաստ լուծման ակնկալիք ունենալ։ Եթե Հայաստանը եղավ թույլ, ապա հարցը կարող է բացասաբար լուծվել։ Իսկ քանի որ նման ընտրությունների պարագայում Հայաստանը լինելու է թույլ պետություն, ուրեմն հնարավոր են վտանգավոր զարգացումներ, հնարավոր են պարտադրանքներ, անբարենպաստ թելադրանքներ մեր երկրին՝ Ղարաբաղի խնդրի լուծման հարցում։ Ղարաբաղի հարցի լուծմամբ իրականում մտահոգ գործիչները պետք է այս մասին մտածեին եւ ոչ թե ատամներով իշխանությունը պահելու խնդիրը դնեին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել