Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱՎՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Հուլիս 03,2003 00:00

ՀԻՄՆԱՎՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ Սակագների սպասվող բարձրացման վերաբերյալ արձագանքներն այնքան քաղաքականացված են, որ բարդ է այդ թանկացումների համար զուտ տնտեսական հիմքեր գտնելը։ Եթե, իհարկե, կան հիմքեր։ Առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ այս հարցով լուրջ, հիմնավոր եւ օբյեկտիվ վերլուծություններ առայժմ չկան։ Իսկ մասնագետներին մի շարք տվյալներ են պակասում դրանք անելու համար։ Ճիշտ է, իրավական ակտերով (ԲԷՑ-երի մասնավորեցման պայմանագիր, կառավարության որոշում) ամրագրված է, որ մինչեւ 2004թ. չի բարձրացվելու էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագինը, բայց այդ դրույթն արդյոք նշանակո՞ւմ է, որ 2004-ից դրանք պետք է մեխանիկորեն բարձրացվեն։ Իրավաբանորեն՝ ոչ, տրամաբանորեն (ելնելով հայաստանյան փորձից)՝ այո։ «Առավոտը» փորձում է պարզել, թե արդյոք գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների, հետեւաբար ընդհանրապես գրեթե բոլոր ապրանքատեսակների ու ծառայությունների գների բարձրացումը կառավարության համար այլընտրանք չունի՞, թե՞ ինչպես շատ շատերն են կարծում, ընտրությունների ծախսերն են փոխհատուցում։ Այս կարծիքն, ի դեպ, հայտնում են ոչ միայն շարքային հայաստանցիները։ Այսպիսով, հարցն այնքան քաղաքականացված է, որ, օրինակ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մեր «տարբերակ կա՞ թանկացումը թույլ չտալու» հարցին պատասխանեց. «Այլընտրանքը այս իշխանություններից ազատվելն է։ Ես սա, իրոք, չեմ անում որպես քաղաքական հայտարարություն»։ Թաթուլ Մանասերյանը միակ տնտեսագետն էր, որը համաձայնեց իր տեսակետները հայտնել անունը հրապարակելու պայմանով։ Մյուսները, այդ թվում ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն։ Պատճառը՝ ամբողջական թվերին եւ տվյալներին չեն տիրապետում, կամ չեն ցանկանում խնդիրներ ունենալ։ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հիմքեր անկասկած կան. «Նախ, որովհետեւ կառավարությունն իր անխոհեմ քայլով անցյալ տարի ԲԷՑ-երը զիջեց ոչ թե այն տնօրինող եւ էլեկտրաէներգիայի կառավարման փորձ ունեցող ընկերության, այլ միջնորդի, որն իր հերթին վարձել է լիազորագրային կառավարմամբ այլ ընկերության։ Բնական է, որ միջնորդը պետք է միջնորդավճար վերցնի»։ Պարոն Մանասերյանի կարծիքով, կառավարությունը շահագրգիռ էր միջնորդի հարցում, որովհետեւ ստվերային շահույթներ է ունենում, որը նույնպես մտցվում է սակագնի մեջ։ Մեր հարցին, թե ինչի հիման վրա է նման կարծիք հայտնում, նշեց սակագինը բարձրացնելու հաջորդ պատճառը եւ հիմնավորեց. «Սակագնի մեջ վաղուց է, ինչ մտցված են այնպիսի ծախսեր, որոնք ուղղակի առնչություն չունեն էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման հետ։ Դա սպասարկող անձնակազմի, հատկապես ղեկավար անձնակազմի ծառայողական ավտոմեքենաների (հաճախ՝ թանկարժեք), բջջային հեռախոսների, կենցաղային տարբեր իրերի ծախսերն են»։ Մեր տարակուսանքին ի պատասխան, Թաթուլ Մանասերյանը հավաստիացրեց, որ տվյալները ստույգ են, «վաղուց հետազոտել ենք, գրանցում են որպես ծախս, մտցվում են սակագնի մեջ»։ Չմոռանանք նշել, որ ԲԷՑ-երի սեփականատերը հակված չէր սակագների բարձրացմանը։ Տնտեսագետի ներկայացմամբ, երրորդ պատճառը հետեւյալ վիճակագրությունն է. «1980թ. համեմատ աշխատողների թիվն ավելացել է 3,5 անգամ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պակասել 2,5 անգամ»։ Ակնհայտ է, որ պարոն Մանասերյանի նշած պատճառներն ավելի շուտ ոչ թե հիմք են էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար, այլ դրանց վերացումն է հիմք սակագինը չբարձրացնելու համար։ Պարոն Մանասերյանը գազի գնի բարձրացումն էլ է համարում «անլուրջ քաղաքականության արդյունք։ Անցյալ տարի ռուսներից բավական մեծ կախման մեջ ընկանք»։ Ուրիշ մասնագետներ այլ տեսանկյունից են դիտարկում խնդիրը։ Նախ պետք է պարզել. սակագները չբարձրացնելու համար ռեզերվներ կա՞ն։ Իսկ սա պարզելը բարդ է, որովհետեւ մի շարք տվյալներ պարզապես չեն հրապարակվում, ընդ որում, առանց պատճառաբանությունների։ Մեր զրուցակիցներից մեկի համոզմամբ, այդ սակագները կարելի էր նույնը թողնել գոնե ինքնարժեքի (իսկ գազի դեպքում՝ գնման արժեքի) իջեցման հաշվին։ Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, ապա ըստ մասնագետներից մեկի, չի կարելի դա անվերջ թանկացնել։ Իսկ եթե նույնիսկ համակարգի պահպանության եւ զարգացման խնդիր կա, ապա անթույլատրելի է դա անել գնի բարձրացման հաշվին. «Թող դա անեն վարկային միջոցներով, թող լրացուցիչ հզորություններ բերեն, իրենք են մասնագետը, այլ միջոցներ գտնեն ոլորտը շահութաբեր դարձնելու համար։ Օգտվում են իրենց մոնոպոլ դիրքից»։ Ջրի սակագնի մասին ոչ ոք ուսումնասիրություն չուներ։ Փաստորեն, երեքն էլ մենաշնորհային ոլորտներ են եւ մասնագետները նաեւ դրա հետ են կապում թանկացումը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել